Պարզապես նրանք «թաց տեղ չեն պառկում»․․․

Պարզապես նրանք «թաց տեղ չեն պառկում»․․․
Մեր մշակույթի անխոնջ մշակներին նայեք։ Համարյա բոլորը հեղափոխական են դարձել։ Լավ էլ տեղը տեղին սերտել են՝ անցել ենք ժողովրդի կողմը։ Նախկին իշխանության բարուրներում մայրական կաթ ուտելով և աճելով, այսօր արդեն բարուրից դուրս են եկել, մոռացել իրենց կերած կաթը։ Ու արժեք է դարձել նրանց խոսքը՝ ֆեյսբուքում, ինստագրամում այս գրեց, այն գրեց․․․



Բացեք նրանց գրածները մինչ շարժումը, և բոլորինը բացեք, ըստ այդմ գնահատեք, հասկացեք, թե ինչու հանկարծ սկսեցին սիրել նոր իշխանությանը, ինչու հանկարծ սևակյան բառերով՝ **«Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր»** ժողովրդին են սիրում, ինչու՞ իրենց ստացած մեդալները դեն նետեցին և սկսեցին Նիկոլ գոռալ։ Սա մարդկային տեսակ է, որը վերջին քսանամյակում է ստեղծվել, հիբրիդային տեսակ․



Ցանկացած գնով ելնում է նա վեր,



Փորձում է թռչել նա առանց թևեր,



Անվերջ սողալով առաջ է գնում,



Գնում է այսպես և… տարեց-տարի



Ելնում է այսպես… շալակն աշխարհի:



Գրելուս պատճառը գիտե՞ք որը եղավ։ Կայքերից մեկում կարդացի, որ Ռիտա Սարգսյանը նեղացած է մշակութային գործիչներից։ Նրան զայրացրել է այն հանգամանքը, որ բազմաթիվ արվեստագետներ անմիջապես ճամբարափոխ են եղել, այն դեպքում, երբ ինքը միշտ կանգնած է եղել նրանց կողքին։



Դրանք այն հիբրիտներն են, ովքեր **«թաց տեղ չեն պառկում», **միշտ, որտեղից «ճաշի հոտ է գալիս», այնտեղ են․



Նա, որ ելել է շալակն աշխարհի,



Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,



Գիտի, թե ո՛ւմ հետ և ո՛ւր է գնում.



Ո՛ւմ մեռելին է անարցունք լալիս,



Ո՛ւմ խոսքի վրա ստից ծիծաղում,



Ո՛ւմ հետ դինջ նստած նարդի է խաղում,



Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…



Ռիտա Սարգսյանը քաղաքականությանը մոտ չլինելով, մարդկային առումով կարող է հուզվել, զայրանալ, զարմանալ նման վերբերմունքից, ինչպես մեզնից յուրաքանյուրը։ Բոլոր քաղաքական գործիչներից էլ լավ դրա պատասխանը տալիս է Պարույր Սևակը․



Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր



Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…



Սո՛ւտ է: Նա միայն իր փորն է սիրում:



Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր



Գաղափարական իր հորն է սիրում…



Սո՛ւտ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում․․․



ՀԳ Գուցե դա է պատճառը, որ երբ մշակույթի նախարար նշանակվեց անփորձ մի աղջիկ, լավ զգացի, որ հարյուր «մաղի ծակով անցած մեկը չի նշանակվել»։ Ճանաչված ու նորովի փոխված դեմքերը զզվելի են դարձել։



Հասմիկ Բաբաջանյան