ՀՀԿ-ի քվեարկային մեսիջները

ՀՀԿ-ի քվեարկային մեսիջները
Այն, որ մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն մի մարդու պես ձայնը չէր տալու ժողովրդի թեկնածուի օգտին, պարզ էր ի սկզբանե: Մայիսի 1-ի քվեարկությունից առաջ ոչնչացնող քննադատություններով հանդես եկած (եւ տեղերից ռեպլիկով ներկայացած) մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորների համար բարոյական եւ հոգեբանական միջանցք չկար այլեւս արժանապատիվ նահանջի ու տրամաբանական դիրքափոխությունների համար: Անպատկերացնելի կլիներ, օրինակ, եթե Գեւորգ Կոստանյանը կամ Շուշան Պետրոսյանը կողմ քվեարկեին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ահա թե ինչու Փաշինյանին անհրաժեշտ ձայներով քվեարկության համար այս նեղ՝ պարտադրյալ պահին հիշվում են ազգային փոքրամասնությունները ներկայացնող ՀՀԿ խմբակցության պատգամավորները եւ, անշուշտ, օլիգարխները: Վերջիններիս կողմ քվեարկությունը մեսիջ է հանրությանը, որը դեռ ՀՀԿ-ն կօգտագործի առաջիկայում՝ խորհրդարանական աշխատանքի եւ, մանավանդ, նոր խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ մեսիջը նախեւառաջ նշանակում է՝ տեսեք, թե ովքեր են Ն. Փաշինյանի թիկունքում. խորհրդարանի պատերից ներս ու նաեւ դրսում՝ հայտնի օլիգարխի կուսակցությունը, իսկ խորհրդարանի պատերի ներսում՝ մյուս օլիգարխները: Այսպիսով՝ հասարակությունը ՀՀԿ-ի մատուցմամբ ստանում է օլիգարխիայով արդեն վարկաբեկվող Նիկոլ, որի ապագա՝ բուն վարչապետի թեկնածուի հաղթանակի հավանականությունը խիստ փոքրանում է:



ՀՀԿ-ն, քվեարկելով, ավելի ճիշտ՝ իր խմբակցությունից քվեներ զիջելով ընդամենը պահանջվող նվազագույնի չափով, նաեւ ուրվագծում է իր առաջիկա խորհրդարանական կեցվածքի ողջ անսասանությունն ու միասնականությունը: Եվ, որ ամենակարեւորն է, ՀՀԿ-ն հասարակության մեջ առկա իր կադրային ռեսուրսին վերածնության ու վերադարձի հույսով է տոգորում:



Իսկ դա կարող է ի չիք դարձնել թավշյա կոչված հեղափոխության ողջ հմայքն ու նշանակությունը:



**Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ**