Հայտնի է դարձել, թե ինչ են ակնկալում ռուսաստանցիները Պուտինից առաջին հերթին

Հայտնի է դարձել, թե ինչ են ակնկալում ռուսաստանցիները Պուտինից առաջին հերթին
Ռուսաստանյան հանրային կարծիքի ուսումնասիրման «Левада-центр» կենտրոնը հայտարարել է, որ իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ռուսաստանցիների 45%-ն այն կարծիքին է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել հասնել եկամուտների եւ միջոցների արդար բաշխմանը իր նախորդ կառավարման ժամկետում՝ հասարակ քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է РБК-ն: Հարցումն անցկացվել է այս տարվա ապրիլ ամսին: Մասնագետները սա համարում են կարեւոր ազդակ, քանի որ վերջին անգամ, երբ նման ուսումնասիրություն է կատարվել, եղել է երեք տարի առաջ, եւ այն ժամանակ նման կարծիք հայտնել են ռուսաստանցի հարցվածների 39%-ը: Բացի այդ, ներկա ուսումնասիրության հարցվածների 39%-ը համոզմունք է հայտնել, որ Պուտինը չի կարողացել վերադարձնել ռուսաստանցիների այն միջոցները, որոնք նրանք կորցրել են ռեֆորմների պատճառով: 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 34%: Պուտինի հանդեպ ունեցած ակնկալիքների հարցում առաջատար են մնում այն հարցերը, որոնք վերաբերում են աշխատավարձների բարձրացմանը, 32%: Միաժամանակ նաեւ փաստվել է, որ ռուսաստանցիները դժգոհ են տնտեսական ճգնաժամից եւ այս ցուցանիշը եւս աճել է՝ կազմելով 27%, այն դեպքում, երբ երեք տարի առաջ 23% էր: Իսկ այն, որ Պուտինը Ռուսաստանին վերադարձրել է մեծ եւ հարգված գերտերության կարգավիճակը, կարծում են ռուսաստանցիների 48%-ը: