Պայքարն ուղղված է հոմոսովետիկուսների կառուցած փտած համակարգը վերացնելուն

Պայքարն ուղղված է   հոմոսովետիկուսների կառուցած փտած համակարգը վերացնելուն
_Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ __**Կարապետ Ռուբինյանը**__։_



**-ՀՀԿ-ն դիմադրում է եւ չի հանձնում իշխանությունը։ Կարեն Կարապետյանն ու այլ պաշտոնյաներ դիմում են ՌԴ-ի օգնությանը։ Ի՞նչ զուգահեռներ կանցկացնեք 88-ի քաղաքական իրավիճակի եւ այսօրվա իրավիճակի միջեւ**։



-Մեծ հաշվով նմանության միայն մի եզր եմ տեսնում՝ երկու շարժումներն էլ համաժողովրդական ու ժողովրդավարական բնույթ ունեն, երկուսն էլ մեծ դրական էներգիա են կուտակում, ինչը չի կարող չուղղվել, չնպաստել երկրի զարգացմանը: Բնականաբար, նման շարժումները չեն կարող դրական արձագանք չստանալ առաջադեմ մարդկությունից, ինչին նույնպես վկա ենք: Շարժումների համաժողովրդական լինելը, սակայն, ամենևին չի նշանակում, որ հասարակությունում չկան չհասկացող, չհամաձայնող կամ անտարբեր շերտեր: Ինչպես Հայոց համազգային շարժման տարիներին, այնպես էլ հիմա կան ուժեր և անհատներ, որոնց շահերը հակադրվում են հասարակության շահերին: Բարեբախտաբար դրանց թե՛ թիվը, թե՛ որակը չնչին են: Նշեմ նաև մեկ էական տարբերություն: Եթե 88-ի շարժման ժամանակ, չնայած գաղափարական, մշակութային ու կրթական տարբերություններին, բոլորս հոմո սովետիկուսներ էինք, ինչը հետագայում շատ բացասական ազդեցություն ունեցավ անկախ պետության հիմքերը գցելիս, հիմա շարժիչ ուժը անկախության սերունդն է և, ըստ էության, պայքարը գնում է հոմոսովետիկուսների կառուցած փտած համակարգը վերացնելու և նոր, 21-րդ դարին հարիր, մրցունակ, անկախ հանրապետություն հիմնելու համար:



**- Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելը կարո՞ղ է հանգուցալուծել իրավիճակը։**



-Իհարկե: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այս պահին համաժողովրդական սեր ու հարգանք վայելող թավշյա հեղափոխության առաջնորդն է, և նրա ժամանակավոր, անցումային կառավարության ղեկավար դառնալը միակ տրամաբանական քաղաքական զարգացումը կարող է լինել: Դրանով ճգնաժամը կավարտվի և գործի կդրվի արտահերթ, արդար, ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման ծրագիրը:



**- ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին չընտրելու դեպքում ի՞նչ ներքաղաքական զարգացումներ են սպասվում։**



-Ոտքի ելած, ընդվզած ժողովրդի կամքին հակառակ գնալու ծրագրերը հակապետական ու դավաճանական են, արժանանում են ու կարժանանան համապատասխան արձագանքի: Հուսով եմ, որ սթափությունն ու խոհեմությունը կգերիշխի ի սկզբանե լեգիտիմությունից զուրկ և ժողովրդական հենարանից իսպառ զրկված հանրապետական խմբակցությունում:



**- Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է երաշխավորված, որ արտահերթ ԱԺ ընտրությունները չեն անցնի քաոսային վիճակում, եւ օլիգարխները չեն վերարտադրվի**։



-Հանրապետակաների կազմակերպած ընտրությունների որակին ծանոթ ենք վաղուց: Եթե կատարվի ամենաանտրամաբանականը և նրանք կառչած մնան իշխանությանը, ապա ճգնաժամն էլ ավելի կխորանա և պայքարը, անկախ ընտրությունների անցկացումից, կշարունակվի մինչև հաղթական ավարտը: Իսկ հեղափոխության վերջնական հաղթանակի դեպքում, կասկած չունեմ, որ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք կդրսևորվի: Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ նման քաղաքական կամք լինելու դեպքում, արդար ընտրություններ կարելի է ապահովել նույնիսկ ամենաթերի օրենսգրքով: Տեխնիկայի հարց է: Միայն պատկերացրեք, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, դատարանները լծվում են, ոչ թե իշխանությունը բռնազավթածների վերարտադրության ապահովման գործին, ինչպես եղել է տարիներ շարունակ, այլ հրահանգ են ստանում ու պայքարում են արդար ընտրությունների համար: Չկասկածեք, որ ընտրակեղծարարների տարիներով ձևավորված հանցավոր բրիգադները վարկենական ցաքուցրիվ կլինեն: Չէ՞ որ, նրանց ցուցակները հենց հիմա էլ կարող ենք ստանալ ցանկացած համայնքային ոստիկանից կամ ԱԱԾ տարածքային բաժանմունքից:



Թագուհի Հակոբյան