ՀՖՖ նախագահը չի գնում Ռոստոմյանի մոտ, Ռոստոմյանն է գնում

ՀՖՖ նախագահը չի գնում Ռոստոմյանի մոտ, Ռոստոմյանն է գնում
Ուղիղ մեկ ամիս առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հանուն Գագիկ Ծառուկյանի, քարը փեշից թափել ու գնացել հանդիպել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Նրանց ջրերը, հիշեցնենք, երբեք մի առվով չեն հոսել, Հայրապետյանն ամեն առիթով «բշտել» է Ռոստոմյանին ու քամահրական վերաբերմունք դրսեւորել նրա նկատմամբ։ Բայց հիմա, երբ Գագիկ Ծառուկյանը որոշել է ֆուտբոլային ակումբ հովանավորել, Ռոստոմյանը բանակցություններ է վարել Ռուբեն Հայրապետյանի հետ, որ վերջինս դեմ չլինի դրան։ Հիշեցնենք, որ Ծառուկյանի ու Հայրապետյանի հարաբերություններն էլ են ավանդաբար լարված եղել, եւ հիմա ֆուտբոլը կարող է հարաբերական հաշտություն առաջացնել։



Երեկ **Հրաչյա Ռոստոմյանից** հետաքրքրվեցինք, թե ինչ եղան Գագիկ Ծառուկյանի համար ընթացող բանակցությունները Ռուբեն Հայրապետյանի հետ։ Նախարարին կարծես թե դուր չեկավ մեր ձեւակերպումը՝ «բանակցություններ Գագիկ Ծառուկյանի համար», ու նշեց․ «Դուք հարցը տալիս՝ Դուք հարցին պատասխանում եք, ի՞նչ եք ուզում ինձնից լսեք… այսինքն՝ Դուք պնդում եք, որ ես գնացել էի բանակցությունների՞»։



Լավ, բանակցություն չլինի, թող հանդիպում լինի։ Այստեղ Ռոստոմյանի լեզուն բացվեց․ «Այո, հանդիպում եղել է, շատ կոնստրուկտիվ հանդիպում է եղել՝ ի շահ մեր հայկական սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի համար»։ Նշեցինք՝ տեղեկություն կա, որ Հայրապետյանն այդքան էլ ոգեւորված չէ, եւ կարող է այնպես լինել, որ «Նաջարյանը փոշմանի»։ «Ես Ձեզ ասեմ՝ լրիվ հակառակն են իմ տպավորությունները, որ բոլոր կողմերն էլ շահագրգռված են, որ ամեն ինչ լավ լինի»,- ասաց նա։



Բոլոր կողմերն ովքե՞ր են՝ Գագիկ Ծառուկյանն ու Ռուբեն Հայրապետյա՞նը։ Հրաչյա Ռոստոմյանը չհստակեցրեց․ «Ես ասում եմ՝ բոլոր կողմերը»։ Թե երբ կստեղծվի ակումբը, Ռոստոմյանը դարձյալ չհստակեցրեց՝ նշելով, որ մոտ ապագայում ավելի մանրակրկիտ կանդրադառնան այս հարցին։ Նաեւ նշեց, որ որեւէ խոչընդոտ չկա այս հարցում։



Երեկ այս հարցին անդրադարձավ նաեւ ՀՖՖ նախագահ **Ռուբեն Հայրապետյանը**, ով ավելի հստակ ներկայացրեց իր մոտեցումն ու իրավիճակը։ Նա ասաց, որ կթույլատրի մեկ ակումբ ստեղծել, ոչ թե երկու՝ մեկ աղբյուրից ֆինանսավորմամբ։ «Սպորտի նախարարը եկել է իմ հետ հանդիպման, նախարարի հետ քննարկել ենք, իրենք ասել են, որ պատրաստվում են երկու ակումբ հիմնել, ես պատասխանել եմ, որ ես թույլ չեմ տա նույն ֆինանսավորման աղբյուրից լինի երկու ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն արգելում են, որ նույն ֆինանսավորման աղբյուրից նույն առաջնությունում լինեն երկու ակումբ»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, թե «միանգամից չի կարելի օդի միջից ակումբ հայտնվի բարձրագույն խմբում»։



Հայրապետյանը սպորտի նախարարին խորհուրդ է տվել վերցնել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբը, որը ֆինանսական խնդիրներ ունի եւ մոտ ժամանակներս կանվանափոխվի «Կոտայք»։ «Մենք, այ, էն ժամանակ, չնայած կարող է մրցանակային տեղ չընկնի «Էրեբունին», բայց գործկոմով որոշում կկայացնենք՝ միանգամից չորս թիմ մտնի բարձրագույն խումբ, ու ունենանք տասը թիմ: Այ, դա ֆեդերացիայի ու գործկոմի իրավասությունների մեջ է մտնում, կանոնակարգին համապատասխան է»։



Նկատենք, որ սպորտի նախարարը, ըստ էության, գնացել էր իրենից ստատուսով ավելի ցածր գտնվող ՀՖՖ նախագահի մոտ, ոչ թե հակառակը, եւ այս հանգամանքը երեկ Հայրապետյանն իր խոսքում հատուկ շեշտեց, որ «սպորտի նախարարը եկել էր իմ մոտ»։ Թերեւս աշխատել է Մուհամեդի եւ Աստծո տարբերակը։