Քաղաքացին «Աջարաբեթի» «օնլայն խաղատանը» պարտվել է 9 մլն դրամ

Քաղաքացին «Աջարաբեթի» «օնլայն խաղատանը» պարտվել է 9 մլն դրամ
Մեզ հետ կապ հաստատեց մի քաղաքացի և պատմեց, թե ինչպես է «Աջարաբեթ» «օնլայն խաղատանը» պարտվել 9 մլն դրամ։ Նրա խոսքով 2 տարի է, ինչ խաղադրույքներ է կատարում, սկզբնական շրջանում համեմատաբար ավելի քիչ գումարներ է պարտվել, սակայն ազարտի մեջ ընկնելով, բանը հասել է 9 մլն դրամի։ Նա պնդում է, որ ընկերությանը խնդրել է իր էջը արգելափակել, քանի որ, ինչպես ինքն է ասում, այլևս չէր կարողանում ինքն իրեն կառավարել, սակայն ընկերությունը նրան մերժել է, քանի որ քաղաքացին խաղադրույքներ է կատարել իր մոր տվյալներով բացված կայքէջից․



«Խաղում էի մամայիս անունով բացված էջով և իմ բանկային քարտով։ Ըտենց օրերից մի օր կրվեցի մեծ գումար՝ 9 միլիոն դրամ, 2 օրում։ Էդ գործարքները ամբողջը արել եմ իմ քարտով, 9 միլիոնը կրվելուց հետո իրենք զանգահարել են իմ մամային, քանի որ ես իրենց նամակ էի գրել և քանի որ էդ էջը գրանցված էր մամայի անունով, հարցրել են՝ խաղու՞մ եք և այլն։ Մամաս, իհարկե տեղյակ էր, որ խաղում էի, բայց չգիտեր, թե ինչ գումարի մասին է խոսքը, մի խոսքով՝ սխալ պատասխաններ ա տվել։ Իրենք հարցրել են՝ կուզե՞ք արգելափակենք, մամաս ասել ա՝ հա, կարող եք փակել, որովհետև չենք օգտվում։ Իրենք ասել են՝ դե, Ձեր տվյալները ասեք, որպեսզի հասկանանք, որ Դուք եք օգտվում, փակենք, մամաս ոչ մի տվյալ չի ասել, բայց իրենք արգելափակել են։ Դե, բնականաբար, էդքան գումարը արդեն ստացել են, ինչի՞ չարգելափակեն։ Ու հիմա խնդիրը նրանում է, որ ես մինչև նման խոշոր չափի գումար կրվելը, հասկացա, որ ինձ այևս չեմ կարողանում կառավարել, չեմ կարողանում չխաղալ, խնդրել էի իմ էջը փակել, բայց իրենք չփակեցին՝ պատճառաբանելով, որ չունեն այդ հնարավորությունը»։



Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչու են կայքը փակել հիմա, երբ ինքը արդեն 9 մլն դրամ պարտվել է, կամ ինչու չէին փակում այն ժամանակ, երբ ինքը դիմել է, քանի որ այն ժամանակ ինքը հայտնել էր, որ տվյալ կայքեջը օգտատերը չի օգտագործում, այլ ինքը․



«Մի 6 ամիս առաջ ես հասկանում էի, որ կրվում եմ ընդամենը, ասենք, 10 հազար դրամ, ու դա իմ վրա ազդում էր, խնդրեցի, որ կայքը փակեն, իրենք պատասխանեցին, որ չունեն հնարավորություն ընդմիշտ փակելու, քանի որ իրենց աշխատելու կարգի մեջ չկա նման բան։ Ու երբ ես հիմա եմ իրենց հարցնում՝ ինչի՞ համար եք արգելափակել, պատասխանում են, որ օգտատերը չի խաղացել, այլ ուրիշ մարդ։ Էդ դեպքում ինձ հասկանալի չի, ես իրենց գրում եմ՝ բա ինչի՞ էն ժամանակ չէիք փակում, երբ ես խնդրեցի, ասում են՝ քանի որ օգտատերը չէր խնդրել։ Այսինքն՝ իրենք հասկացել են, որ օգտատերը չի օգտագործում կայքը դեռ էն ժամանակ, երբ ես խնդրեցի իրենց արգելափակել իմ կայքը»։



Թեմայի առնչությամբ կապվեցինք «Աջարաբեթ» ընկերության հետ։ Աշխատակցի խոսքով՝ նման դեպքերում իրենք սովորաբար արգելափակում են, բայց պետք է կայքի իրական օգտատերը ներկայացնի իր տվյալները․



«Հիմնականում նման դեպքերում պետք է բլոկ անենք իր էջը, եթե իմանում ենք որ էջը օգտագործում է լրիվ ուրիշ մարդ։ Այնուհետ կապվում ենք հենց օգտատիրոջ հետ, ում փաստաթղթերով որ բացված է տվյալ էջը, իրեն ասում ենք, որ նման խնդիր կա, խնդրում ենք իր անձնագրի տվյալներն է ուղարկում, որից հետո նրա ցանկությամբ կամ արգելափակում ենք էջը կամ նոր մուտքանուն ու գաղտնաբառ ենք տալիս։ Կա իդենտիֆիկացիայի պրոցես։ Երբ որ մեզ զանգում են, մենք տվյալ անձից ինֆորմացիա ենք պահանջում, որովհետև հնարավոր է նմանատիպ դեպք լինի, երբ ինչ որ մեկը մեկ այլ անձի կայքի «ID» կոդը տեսել է և ասում է, որ իր ծանոթի «ID»-ն է, ու խնդրում է արգելափակել, էդ դեպքում մենք ոչ մի գործողություն չենք անում»։



Հավելենք, որ քաղաքացին, ով ցանկացավ իր անձը գաղտնի պահել, ասաց որ այլևս չի խաղում, ու միայն մեծ գումար պարտվելուց հետո է զգացել իր կրած վնասները։