Հանրապետությունը դարձել է բաց կոյուղատար համակարգ

Հանրապետությունը դարձել է բաց կոյուղատար համակարգ
Մենք բազմիցս անդադարձել ենք Մասիսի տարածաշրջանի գյուղերում կոյուղատար համակարգի բացակայության պատճառով ստեղծված հակաէկոլոգիական եւ հակասանիտարական իրավիճակին: Այդ մասին ահազանգել են նաեւ բնապահպանները: 2017թ․ ԱԺ ընտրությունների նախաշեմին Մասիս քաղաք քարոզարշավի եկած Կարեն Կարապետյանին իրենց մտահոգությունն էին հայտնել բնակիչները: Վարչապետը նման իրողությունն անթույլատրելի էր համարել ու խոստացել խնդիրն ուսումնասիրել եւ լուծում տալ: Դրանից որոշ ժամանակ անց էլ կառավարության նիստում հրահանգել էր կոնկրետ համայնքների ղեկավարներին՝ հետեւողական լինել եւ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:



Հիշեցնենք, որ կոյուղատար համակարգի բացակայության պատճառով համայնքների բնակիչներն իրենց կոյուղիների խողովակներն իջեցրել են ոռոգման ջրերի առուների մեջ: Այսինքն՝ ոռոգման առուներն ու կոյուղատար խողովակները միացված են իրար, եւ, հետեւաբար, մարդիկ բանջարաբոստանային կուլտուրաները, տնամերձները եւ ցանքատարածությունները ոռոգում են կոյուղաջրերով, ինչը կարող է դառնալ համաճարակի եւ տարաբնույթ հիվանդությունների աղբյուր: Երեւույթը դժվար թե կարողանան կանխել համայնքների ղեկավարները, քանի որ դրանում անհետեւողական են ոռոգման առուները տնօրինող ջրօգտագործողների ընկերությունները։ Բացի այդ՝ մարդիկ հրաժարվում են իրենց կոյուղիները հանել ոռոգման առուներից, հակառակ դեպքում այլընտրանք են պահանջում: 21-րդ դարի մարդուն դժվար է համոզել օգտվել գետնափոր պետքարաններից: Ամբողջ տարածաշրջանում կոյուղատար համակարգի կառուցումը թեեւ ծախսատար է, բայց ոչ անհնար՝ մեծ ցանկության դեպքում: Իսկ ավելի մեծ ցանկության դեպքում այն վաղուց իրականություն դարձած կլիներ, քանի որ նախորդ՝ խորհրդային հասարակարգը տարածաշրջանին ժառանգություն էր թողել կոյուղատար եւ ջրատար խողովակների մեծ ցանց, որոնք անցկացվեցին շատ համայնքներով, բայց չհասցրին գործարկվել՝ սովետը քանդվեց:



Հասարակարգը փոխվեց, փոխվեց իշխանությունը, եւ եկան բացահայտ ալան-թալանի ժամանակները: Ու որոշ մարդիկ, առանց ազգաբնակչության հետագա ճակատագրի մասին մտածելու ու առանց խղճի խայթի, սկսեցին գետնի տակից պեղել-հանել եւ «ուտել» այդ խողովակները: Դրանց մի մասը տարավ մարզի երբեմնի ղեկավար ու երբեմնի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր ձկնաբուծարաններին ծառայեցնելու համար: Բնականաբար՝ ոչ ոք չէր կարող բռնել Աբրահամյանի ձեռքը: Այնուհետեւ այդ խողովակների տեղն իմացավ ԱԺ երբեմնի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այնթապցիները պատմում են, որ մի առավոտ գնացել են իրենց սեփականաշնորհված հողատարածքները եւ տեսել, որ դրանք տրակտորներով քանդում-ավերում են, որպեսզի հողի տակից ապամոնտաժեն ու հանեն խողովակաշարերը: Վրդովված բնակիչները գնացել են համայնքի նախկին ղեկավար Լեւոն Թարվերդյանի մոտ՝ բողոքելու, որ դադարեցնեն իրենց հողատարածքների ավերումը, բացի այդ՝ իրենց գյուղին պատկանող խողովակները թողնեն գյուղին: Թարվերդյանը պատասխանել է, թե ոչինչ չի կարող անել, քանի որ դրանք տանում է Հերմինե Նաղդալյանը, ու եթե ինքը խոսի, գործից կհանեն: Բնակիչները պատմում են, որ անգամ այդ քանդված հողերը տրակտորով չեն հարթեցրել՝ հետո նոր իրենց հանձնել: Դա իրենք են արել՝ իրենց միջոցների հաշվին տրակտոր վարձելով: Այնուհետեւ պարզվել է, որ Նաղդալյանը գյուղապետին տվել է դրա համար փոխհատուցման գումար, ինչը Թարվերդյանը գրպանել է ու չի հասցրել համագյուղացիներին:



Վերջերս մենք կրկին ականատես եղանք Մասիսի տարածաշրջանի Նոր Խարբերդ-Այնթապ-Մարմարաշեն «երթուղով» հողատարածքների քանդման աշխատանքներին: Դարձյալ խողովակներ էին ապամոնտաժում։ Մենք դրան անդրադարձանք «Ղարաբաղցի քաղհան անող կնիկը Հայաստանի նախարարից էլ ուժեղ ա» հրապարակմամբ: Լրագրողի հարցին, թե ովքեր են քանդում եւ ինչ հիմքեր ունեն խողովակները տանելու համար, քանդման աշխատանքներն իրականացնող «Վարթ» ՍՊԸ փոխտնօրեն Գագիկ Ղազարյանն ասել էր, թե խողովակները տանում են Ղարաբաղ, այնտեղ գրանցված «Էներգո-Սթար» ՍՊԸ-ն խողովակները գնել է «Նաիրիտից», ում պատկանում են խողովակները, եւ որոնցով գործարանի թափոններն են տեղափոխվել: Ղազարյանն անգամ «հաթաթա» էր տվել, որ եթե իրենց խանգարող լինի, վերեւներից զանգ կգա, եւ «ատոմային ռումբ կպայթի»: Ճշտող հարցին, թե ով է պայթեցնելու ռումբը կամ ով ում է զանգելու, Ղազարյանը բազմանշանակ պատասխանել էր. «Ղարաբաղցի քաղհան անող կնիկը Հայաստանի նախարարից էլ ուժեղ ա»:



Մենք փորձեցինք գնալ «ատոմային ռումբ պայթեցնող» նշյալ ղարաբաղյան ընկերության հետքերով, որը տարավ դեպի ԼՂՀ նախագահի աշխատակազմ: Ղարաբաղյան մեր աղբյուրը խորհուրդ տվեց հեռու մնալ այդ մարդկանցից, քանի որ դրանց մեջքին կանգնած են ՀՀ եւ ԼՂՀ նախագահական «կալիբրի» մարդիկ: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչ իրավական հիմքերով են այդ «հզորները» «Նաիրիտից» գնել խողովակները, քանի որ, նախ, դրանք պետք է աճուրդային կարգով վաճառվեին, ու առաջնահերթությունը տրվեր այն համայնքներին, որոնց տարածքով անցնում են խողովակները, կամ գոնե տվյալ համայնքներին որոշակի փոխհատուցում տրվեր՝ այդքան տարի խողովակներն իրենց տարածքում պահպանելու եւ թույլատրելու համար:



Այժմ անդրադառնանք հարցի բարոյական կողմին. այդ ինչպես ստացվեց, որ մեր հին ու նոր կառավարությունն իր քթի տակ եղած խողովակները չի տեսնում, ինչպես նաեւ չի տեսնում, թե դրանք ինչպես են իրացնում ու հեռացնում այն տարածքներից, որտեղ բնակիչները դրանց կարիքն ունեն, իսկ ղարաբաղցի գործարարները կիլոմետրերի հեռավորությունից տեսնում են, իրենցով անում: Եթե տանում են ի շահ Արցախի կառուցման ու զարգացման, թող տանեն՝ բարով վայելեն: Իսկ եթե անձնական շահի համար են տանում… Դա կարող էր անել մեր կառավարությունը եւ դրանով ինչ-որ հոգսեր հոգալ։ Հակառակ դեպքում ստացվում է՝ կոյուղու հոտը տեղացիներն են շնչում, իսկ խողովակաշարի վաճառքից գոյացած եկամուտները վայելում բոլորովին այլ մարդիկ։ Միգուցե ընդհանրապես կոյուղի չունեցող Մասիսի տարածաշրջանի բնակիչները նույնպես տարաներով կոյուղաջրեր բերեն Երեւան՝ նվեր կառավարությանը, որ նրանք հասկանան, թե ամեն օր ինչ են շնչում իրենք կամ ինչ ջրով են կանաչի, բերք ու բարիք աճեցնում ու շուկա հանում, որոնցից, ի դեպ, նրանք էլ են ուտում:







**Նաիրա ՎԱՆՅԱՆ**