Փոսը խորացվում է

Փոսը խորացվում է
Ավարտվեց հերթական «դատավարությունը», արդարադատություն անվան տակ հերթական թատերական ներկայացումը, թերեւս 2018 թվականի մարտի 20-ն ամրագրվեց որպես հերթական անամոթության ու տխուր եղելության օր: Եվ ակներեւ է՝ օրացույցում նմանօրինակ օրերը բազմանալու են: Ժիրայր Սեֆիլյանի խոսքը՝ «շուտով նմանատիպ դատավճիռներ ձեզ համար կարտասանվեն», ապագային միտված մռայլ կանխատեսում ու ավարտական վերահաստատում չէ:



Եթե «շուտովը» մի կողմ դնենք՝ ներկայի, այժմյանի համատեքստում իշխանությունն ամեն ակնթարթ է դատավճիռ կայացնում՝ թե՛ բարձրաձայն, թե՛ համրությամբ: Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանը, որը մեղադրվում է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ, դատապարտվեց 5,5 ամիս ժամկետով, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6, Հրայր Թոփչյանը՝ 3 տարվա ազատազրկման, իսկ Հովհաննես Պետրոսյանը, ով Սեֆիլյանի դեմ ցուցմունք էր տվել, դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Վերստին հաստատելով իր փոքրոգության, զգուշավորության, հաշվեհարդարի, վրեժխնդրության ու քաղաքական նեղմտության համալիր բնույթը՝ իշխանությունն իր ետեւից արդեն որերորդ անգամ վերջնականորեն դուռ է շրխկացնում այն ժամանակ, հենց այն պահին, երբ բաց դռների, բաց հոսանքների, կենսաըմբռնողական շարժման կարիք առաջին հերթին հենց ինքն ունի:



Այնպիսի տպավորություն է, որ հենց իրենք ատելությունն ու անվստահությունը փորձում են հասցնել գերծայրահեղ սանդղակի, որից անդին տրամաբանությունն ու սթափ իրատեսությունը պարզապես էլ անելիք չունեն: Բայց հաշվեհարդարն այս իշխանության ինդեքսն է: Հայտնի տոնածառի պատմության համար Գեւորգ Սաֆարյանը զրկվելու է ազատությունից, ազատ գործելու, ազատ ապրելու իրավունքից՝ 5 տարի 5 ամիս… Սա նման է գերեզմանում անվրդով հայացքով սեփական փոսը փորելու անընդհատական աշխատանքին: Ւշխանությունը համառորեն շարունակում է իր փոսը փորել՝ չվստահելով եւ ոչ մեկին․ իսկապես չտեսնված, չլսված մի բան:



Օրեր անց, թերեւս, կհնչի ՀՀ նոր վարչապետի անունը, այդ անունը շատերի շուրթերին է, ու անգամ լեզուն է առաջ վազում գիտակցությունից՝ թութակի պես կրկնելով այդ հնամաշ վերտառությունը: Խորը ու էլ ավելի խորացող ատելության ու չկամության մեջ իշխանական կարգերի վերահաստատում, համաձայնեք, հեշտ գործընթաց չէ, եւ, սակայն, ինչպիսի մոլեռանդ կամապաշտություն: Փաստացի միատարրության տասնամյակը սովորեցրեց նրանց աշխատել էքստրիմի պայմաններում, բայց ատելությունն էքստրիմ չէ, ատելությունը սարսափելի տխուր վերջաբան է:







**Արամ ՊԱՉՅԱՆ**