Հումոր, որի տակ ոմանք ռասիզմ են տեսել (տեսանյութ)

Հումոր, որի տակ ոմանք ռասիզմ են տեսել (տեսանյութ)
«Երևան» տոնավաճառի նոր գովազդային հոլովակի շուրջ սոցցանցերում քննարկում է ընթանում։ Ոմանք մեղադրում են հոլովակի հեղինակներին մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքի մեջ, մասնավորապես սևամորթ, տարեց, ավելորդ քաշ ունեցող և կարճահասակ մարդկանց ծաղրելու։ Գովազդում սեւամորթին ասում են՝ «պատվիրատուիդ մոտ երբեք սևերես չես մնա», տարեց մարդուն՝ «բայց դու ինչ հին ես, ուստա Նոյ», գեր մարդուն՝ «քո սալիկներից շատ սալիկներ կան», կարճահասակին՝ «գները քեզանից ցածր են»։ «Երևան» տոնավաճառի մարքետինգի բաժնի պատասխանատու Էդուարդ Աղայանի խոսքով՝ այդ մարդկանց վիրավորելու որևէ միտում իրենք չեն ունեցել, դա պարզապես հումոր է ․ «Երբևէ մենք նման նպատակ չենք ունեցել՝ որևէ մեկին ծաղրելու կամ ռասիզմ տարածելու։ Դա ուղղակի հումորային տեսահոլովակ է, որում ավելի պատկերավոր, ավելի լավ ներկայացնելու համար դերասաններ ենք հրավիրել, որոնք խաղում են այդ դերերը, ու ոչ մեկի անձին ուղղված վիրավորանք չկա դրա մեջ։ Նպատակն այն էր, որ նայելիս մարդկանց հետաքրքիր լինի, ոչ թե պարզապես հայտարարություն լինի։ Սևամորթ մարդու փոխարեն կարող էր հայ լինել, այդտեղ ոչ մի ռասիստական բան չի կարող լինել, դա պարզապես խաղարկային գովազդ է։ Մենք էլ ենք հասկանում՝ ո՞ր դարն է, որ մեզ նման բաներ թույլ տանք»,- պարզաբանեց Էդուարդ Աղայանը։



Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն էլ կարծում է, որ գովազդը հասարակության մի շարք կարծրատիպեր է վերարտադրում, ինչն իր մեջ վտանգ է պարունակում․ «Իհարկե հասկանում ենք, որ դա հումոր է, բայց ինքը վերարտադրում է բոլոր կարծրատիպերը, որոնք կան հասարակությունում, իսկ այդ կարծրատիպը բացասական է, ընդ որում տարբեր խմբերի նկատմամբ, օրինակ՝ տարեց մարդկանց, սևամորթ մարդկանց, քաշի խնդիր ունեցող ու կարճահասակ մարդկանց նկատմամբ։ Գովազդը, որպես այդպիսին հումորային է, բայց այդ իմաստով ինքը վտանգավոր է հասարակության ընկալման համար, որովհետև այդ հումորը կարող են անընդհատ անել ուրիշների հետ, սա մի կողմից, մյուս կողմից էլ, երբ մարդը ինքն է տեսնում։ Կարող է գովազդում նկարահանվող կարճահասակ մարդու համար որևէ խնդիր չկա, բայց մեկ ուրիշը, ով տեսնում է այդ գովազդը, կարող է իրեն պիտակավորված զգալ։ Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է զգայուն լինել կարծրատիպերի հանդեպ, որովհետև մենք չպետք է դրանք վերարտադրենք, այլ կոտրենք։ Այդ իմաստով մարդու առանձնահատկությունների հանդեպ հարգանքը խաթարվում է։ Ես նման գովազդները անընդունելի եմ համարում։ Նման դեպքեր սերիալներում էլ են լինում։ Հեռուստատեսությունը մեծ ներգործություն ունի հասարակության կարծիքի ձևավորման գործում։ Ես բնականաբար հատուկ անելու միտում չեմ տեսնում, բայց դա անզգուշություն է, և պետք է նախապես բոլոր այդ ռիսկերը բացառել, որովհետև դա հանրային լայնածավալ բան է, որը բոլոր ալիքներով կարող է լինել և մեծ լսարանի հասնել։ Մենք դիմել ենք «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիային», չգիտեմ՝ իրենք որևէ բան կկարողանան անել, թե ոչ, բայց կարծում եմ կարևոր է այդ արձագանքը մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող ՀԿ-ների կողմից, որովհետև հասարակության տարբեր խմբերի դեմ են այդ կարծրատիպերը»,- ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը։



Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հայկական ճամբար» ՀԿ ծրագրերի համակարգող Վարդուհի Արամյանն էլ ասաց․



«Չի կարելի մարդու անհատական հատկանիշների ու ապրանքների միջև զուգորդումներ անել։ Դա էթիկապես ճիշտ չէ՝ պայմանավորված մարդու տարիքով, ռասսայով, հասակով։ Այս 3 շեշտադրումները այդտեղ հստակ նկատելի են։ Ես հասկանում եմ, որ մարդիկ փորձում են հումոր անել, փորձում են հումորի նոր մշակույթ մտցնել, բայց երբ դա հնչում է հեռուստատեսությունից, դառնում է ավելի լեգիտիմ։ Այն ինչի դեմ մենք այդքան երկար պայքարում ենք, որ խտրականություն չլինի, մարդու սեռով, ռասսայով կամ կրոնով պայմանավորված որևէ դիսկրիմինացիոն դրսևորումներ չլինեն, բայց երբ այս տեսակ հումորները սկսում են ԶԼՄ-ներով շրջանառվել, բացի նրանից, որ մարդիկ իրար մեջ են նման հումորներ անում, արդեն դա դառնում է լեգիտիմ, ու սկսվում է հավասարեցվել մարդը ապրանքի հետ, այսինքն՝ նորմալ է դառնում այդ տեսակ մշակույթը։ Նույն հաջողությամբ կարող էին կոտրված ապրանքի հետ համեմատել հաշմանդամություն ունեցող մարդուն, կամ ոտք չունեցող մարդուն համեմատել ոտք չունեցող սեղանի հետ։ Սա կարող է շատ արագ զարգանալ և հասնել այն օրինակներին, որոնք ես բերեցի»,- ասաց Վարդուհի Արամյանը։







**Կորյուն Սիմոնյան**