ՀՀԿ-ականները, երբ որ ասում են կարմիր, երբեմն նկատի են ունենում սև, երբեմն՝ սպիտակ և երբեմն՝ նույնիսկ բազկաթոռ

ՀՀԿ-ականները, երբ որ ասում են կարմիր, երբեմն նկատի են ունենում սև, երբեմն՝ սպիտակ և երբեմն՝ նույնիսկ բազկաթոռ
«Տիկին Հովհաննիսյանը փորձեց տպավորություն ստեղծել, թե Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4+4 ձևաչափի շրջանակներում եղել է կոնսենսուս։ Ես ուզում եմ ասել, որ ես էդ բանակցություններին որևէ կերպ չեմ մասնակցել, բայց ես շատ լավ հիշում եմ քննարկումները, որտեղ կոնսենսուս չի եղել Ընտրական օրենսգրքի և ընտրակարգի շուրջ։ Կոնսենսուս եղել է Եվրամիության կողմից հատկացված գումարների ծախսման ուղղությունների շուրջ։ Դրանք վերաբերել են տեսախցիկներ տեղադրելուն, անունների ցանկերը հրապարակելուն․․․ Ընտրակարգի շուրջ երբեք կոնսենսուս չի եղել»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին։



Նշենք, որ նիստում քննարկվում էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագամավորների առաջարկած նախագիծը՝ փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում և հրաժարվել «ռեյտինգային» ընտրակարգից։ [Առաջարկին դեմ արտահայտվեց հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը](https://www.hraparak.am/posts/5a8d2652480c9236d46bf159/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%A1%D6%80%D6%83%D5%AB%D5%B6%D5%A5-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B0%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%BC%D5%A5%D5%B5%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8)՝ հիշեցնելով, որ այդ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է նախորդ գումարման ԱԺ-ում քաղաքական ուժերի կողմից 4+4+4+4 ֆորմատով կայացած քննարկումների ու ձեռքբերված կոնսենսուսի արդյունքում։ Եվ հիմա, ըստ նրա, նորից պետք է քննարկումներ ու կոնսենսուս լինի, որ փոփոխեն օրենսգիրքը։



Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանի դիտարկումներին՝ «արանքում» հեգնելով հանրապետականներին․ «Երբ որ ասում եք, որ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ համամասնական ընտրակարգ կա, պարոն Պետրոսյան, վախենամ, որ մենք էդպես «ուվերեննի» չպետք ա պնդենք՝ ինչ ա գրած Սահմանադրության մեջ, որովհետև էն, ինչ գրած ա Սահմանադրության մեջ, գիտեն բացառապես նեղ շրջանակի մարդիկ։ Եվ եթե գրել են համամասնական, դա դեռ չի նշանակում, որ նրանք նկատի են ունեցել հենց համամասնական։ Շատ հնարավոր է, որ նրանք նկատի են ունեցել մեծամասնական։ Եկեք մամուլին հետևենք և տեսնենք՝ պարոնայք Թովմասյանը, հանրապետական մեծամասնության ներկայացուցիչները որ դեպքում ինչ են նկատի ունենում, երբ որ ասում են կարմիր, որովհետև երբեմն նկատի են ունենում սև, երբեմն՝ նարնջագույն, երբեմն՝ սպիտակ և երբեմն նույնիսկ բազկաթոռ»։



Անդրադառնալով նաև խոսող և չխոսող պատգամավորների հարցին՝ Փաշինյանն այստեղ էլ հեգնական դիտարկում արեց․ «Մեր ազգային ժողովում, ցավոք սրտի, ոչ միայն եղել են պատգամավորներ, ովքեր խոսել չեն սիրում, այլև եղել են պատգամավորներ, ովքեր խոսել չգիտեն, հիմա նույնիսկ կարող ենք պնդել, որ ոչ միայն կան պատգամավորներ, ովքեր խոսել չգիտեն, այլև չեն հասկանում, ընդհանրապես, ինչ ա կատարվում Ազգային ժողովում, էս ովքեր են հավաքվել, և ինչի է մի մասը վերևը նստում, մյուսը մասը՝ ներքևը»։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**