Ո՞րն է լսումների իմաստը, բացի թեման բարձրաձայնելուց

Ո՞րն է լսումների իմաստը, բացի թեման բարձրաձայնելուց
Փետրվարի 21-ին, 22-ին եւ 23-ին Ազգային ժողովում «լսումնառատ» օրեր են սպասվում։ Իրար հետեւից տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ երեք տարբեր թեմաներով։ 21-ին նախատեսվում է անցկացնել «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ, 22-ին՝ սումգայիթյան ջարդերի թեմայով, 23-ին՝ Մարտի 1-ի իրադարձությունների ու դրա վերաբերյալ «Ելք» խմբակցության մշակած հայտարարության նախագծի թեմայով։



Առաջին երկու լսումների նախաձեռնողը կրթության հարցերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովներն են։ Երրորդ՝ Մարտի 1-ի թեմայով լսումների նախաձեռնությունն ընդդիմադիր «Ելք» խմբակցությանն է։ Առհասարակ, այս լսումները, դատելով դրանց տված արդյունքներից, իրականում ընթացակարգային ձեւականություն են, քանի որ, մեծ հաշվով, բացի «ամբիոն» դղրդացնելուց, այլ՝ ավելի օգտակար արդյունք չեն ունենում։ Հատկապես այն թեմաներով լսումները, որոնք ընդդիմության նախաձեռնությամբ են եւ իշխանության սրտով չեն, այդպես՝ ամբիոնին հուժկու ելույթների տեսքով էլ սառչում-մնում են, որեւէ դրական էֆեկտ չեն ունենում։



Իսկ սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված լսումները, որոնք կրում են «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» խորագիրը, նախաձեռնող մարմնի՝ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով, մի թեմա է, որն այս 30 տարիներին պատշաճ չի բարձրաձայնվել միջազգային ատյաններում: «Այս տարիների ընթացքում աշխարհում նաեւ քաղաքական սերնդափոխություն է եղել, եւ մեր պարտքն է պարբերաբար եւ փաստարկված հիշեցնել Արցախյան շարժման պատմության եւ Ադրբեջանի կողմից իրականացված ջադրերի մասին»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ իրենք միայն այսքանով չեն սահմանափակվելու։ Նրանք նաեւ նախապատրաստել են ԱԺ համապատասխան հայտարարության նախագիծ, որին միացել են խորհրդարանի բոլոր խմբակցությունները: «Այն կքննարկվի եւ կընդունվի գալիք լիագումար նիստերին, եւ մենք եւս մեկ անգամ կապահովենք խնդրի միջազգայնացումը եւ արդիական կպահենք այն համաշխարհային քաղաքական հարթակներում»,- ասաց Աշոտյանը։ Բնականաբար, սա անմեղ եւ պաթոսային թեմա է, որին կողմ կլինեն բոլորը քաղաքական ուժերը՝ առանց վերապահումների։



Փոխարենը, առնվազն գոնե իշխանությունների համար, որ խիստ խնդրահարույց է «Ելքի» նախաձեռնած Մարտի 1-ի թեմայով քննարկումը։ Երբ նայում ենք, թե ինչ պահանջ է դրված հայտարարության տեքստում, արդեն իսկ պարզ է դառնում, որ հազիվ թե ՀՀԿ-ն՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, կողմ արտահայտվի այդ բովանդակությանը։ Մասնավորապես, «Ելքն» առաջարկում է, որ ԱԺ-ն այս հայտարարությամբ «խստորեն դատապարտի 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ 2008 թվականի մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»։



Եթե այս հայտարարությունն ընդունվի, կստացվի, որ իշխանությունն ընդունում է, որ 2008-ին կեղծվել են ընտրությունները, եւ դրա դեմ բողոքի ցույցի ելած քաղաքացիների նկատմամբ էլ ոստիկանությունը բիրտ եւ ապօրինի ուժ է կիրառել։ «Ելքն» այս լսումներին մասնակցության հրավեր է ուղարկել Մարտի 1-ի զոհերի ներկայացուցիչներին, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, դատախազությանը, նաեւ այդ իրադարձությունների հիմնական մասնակիցներին՝ ՀԱԿ-ին ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով Արման Մուսինյանի շուրթերով արդեն իսկ մերժել է հրավերը։ «Դա իրենց որոշելիքն է, քաղաքական ուժ են՝ բավականին մեծ փորձով, չեմ կարծում, որ արժի, որ ես իրենց որոշումները որեւէ կերպ մեկնաբանեմ կամ գնահատական տամ։ Իրենք գիտեն։ Մենք մեր անելիքն անում ենք, գտնում ենք, որ դա է ճիշտ»,- ՀԱԿ-ի մերժումը «մեկնաբանեց» ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր **Գեւորգ Գորգիսյանը**։



ՀՀԿ-ից, ի դեպ, ըստ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, այս լսումներին մասնակցություն կլինի։ Բնականաբար՝ թեման «ջրելու» եւ ներկաների գլխի տակ փափուկ բարձ դնելու առաքելությամբ։ Հարցին, թե ինչ-որ ակնկալիք ունե՞ն, որ այս լսումներից հետո տեղաշարժ կլինի Մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործում, Գորգիսյանն ասաց․ «Կերեւա, հա՞։ Քաղաքական աստղագուշակություն անելը շատ անշնորհակալ գործ է, ու որեւէ կերպ չեմ ցանկանա ես էդ գործով զբաղվել։ Մենք հստակ դրել ենք նախագիծը հայտարարության, որով առաջարկում ենք, որն Ազգային ժողովն իր դիրքորոշումը հայտնի կատարվածի վերաբերյալ, լսումները դրա վերաբերյալ են, դրա շուրջ լսելու կողմերին, մեկնաբանությունները եւ տեսակետները»։



Քաղաքագետ **Լեւոն Շիրինյանը**, օրինակ, թեպետ մտածում է, որ այս լսումներն օգտակար կարող են լինել, բայց առանձնապես մեծ հույսեր չի կապում դրա հետ։ Նա ավելի շատ կարծում է, որ ժողովուրդը պետք է «հուսահատ ապատիայից» դուրս գա եւ անտարբերություն չցուցաբերի այս հարցի նկատմամբ։ «Խորհրդարանական լսումները ո՞նց են անցնում, «Ելքն» ունի 9 ձայն, ինչ էլ անի, եթե դեմ քվեարկեն, ոչ մի բան չեն կարող անել, ինչքան էլ խոսեն, դե տեսնում եք՝ ինչ ազդեցություն ունի էդ խոսելը։ Բայց, բոլոր դեպքերում, կարեւոր է։ Կարեւոր է, որովհետեւ մեկը պիտի բարձրաձայնի, հիշեցնի։ Բայց դա նվազագույն արդյունք է։ Էնտեղ ո՞վ է լինելու՝ Հանրապետականը՝ պարզ է, «Բարգավաճը»՝ պարզ է, Դաշնակցությունը՝ առավել քան պարզ է, ի՞նչ մնաց տակը, էլ բան չմնաց… այսինքն՝ ինչ էլ անես, քվեներով է»,- ասաց պարոն Շիրինյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**