Վարկային կազմակերպությունից խոշոր գումար հափշտակելու գործով հետախուզվողին մահացած են գտել

Վարկային կազմակերպությունից խոշոր գումար հափշտակելու գործով հետախուզվողին մահացած են գտել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու 48-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:



Ինչպես տեղեկացնում է ՔԿ-ի լրատվության ծառայությունը, 2018թ. հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի թիվ 2-րդ գերեզմանատանն առկա է տղամարդու դիակ:



Դիակի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը. նա Երևանի բնակիչ Արսեն Գրիգորյանն է՝ ծնված 1970թ., ով 2018թ. հունվարի 8-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար՝ Ամանորի գիշերը  «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի  առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով:



Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ: