Ո՞վ սկսեց, ո՞վ է ավարտում. քաջալերանքի փոխարեն եկան պարսավանքի ժամանակները

Ո՞վ սկսեց, ո՞վ է ավարտում. քաջալերանքի փոխարեն եկան պարսավանքի ժամանակները
Վերջապես կառավարությունը մտահոգություն է հայտնել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտի համար: Նախանցյալ շաբաթ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի՝ տեղում գնահատելու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։ Սուրբ Ամենափրկիչը դժբախտ եւ միաժամանակ խորհրդավոր ճակատագիր ունի:



Այն մի քանի աղետների է դիմակայել: Առաջին անգամ տուժել է 1926 թվի ավերիչ երկրաշարժից: Գյումրեցիներն ահով պատմում են, որ կոմունիստներն էլ իրենց հերթին են փորձել վերացնել այն: Կրակել են խաչի վրա: Կրակոցների հետքերը ցանցի պես պատել են խաչը: Կոմունիստները նույնիսկ տանկ են բերել, երկաթյա հաստ «տրոսներ» են կապել գմբեթին եւ տանկով քաշել-գցել են այն, բայց երկաթյա «տրոսները» կտրվել-ընկել են տանկի վրա, իսկ ավերիչ մեքենայի վարորդը մահացել է:



Սովետի ժամանակ Ամենափրկիչը ծառայել է որպես ֆիլհարմոնիայի շենք, այստեղ երգել է Լուսինե Զաքարյանը: 88-ի երկրաշարժից եկեղեցին վերջնականապես ավերվեց: 90-ական թվականների սկզբին հիմնվեց «Ամենափրկիչ» հիմնադրամը` տաճարի, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով: Եկեղեցին վերականգնվեց ՀՀ կառավարության կողմից հատուցված, ինչպես նաև մի շարք բարերարների կողմից նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևեցին 20 տարուց ավելի: 2002 թ.-ից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսն իր վրա վերցրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։Այս ժամանակաշրջանը գյումրեցիների համար ամենից հիշարժանն է: Կատակում են, թե մեկը հողատարածք ձեռք բերելու ցանկություն հայտներ, քաղաքապետն ասում էր. «Հարց չկա, 1000դոլար եկեղեցու ֆոնդին մուծվի, կանենք»: Եւ Սուրբ Ամենափրկիչը քաղաքում առավել հայտնի դարձավ Վարդանիկի եկեղեցի անվամբ: 2013թ-ին էլ անհասկանալի պատճառներով հրդեհ բռնկվեց եւ այրվեց Ամենափրկիչի գմբեթը: Քաղաքում տարատեսակ խոսակցություններ պտտվեցին: Ընդհուպ մինչև այն, որ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի մատն էր խառը, ով Վարդան Ղուկասյանի հետ տարաձայնությունների մեջ էր: Ի վերջո, 2014թ-ի ամռանը հանդիսավոր կերպով դրվեց Սուրբ Ամենափրկիչի խաչը: Խաչի օծման եւ տեղադրման արարողությանը ներկա էր միայն նախկին քաղաքապետը, ում առանձին ելույթով շնորհակալություն հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս Աջապահյանը՝ ասելով, որ պետք է բոլորս քաջալերենք այդ մարդուն, որ այդ անհավանական գործն ավարտին է հասցնում:



«Այս գործը բոլորիս համար անհավանական էր թվում, մենք մտածում էինք՝ արդյո՞ք կտեսնենք Ամենափրկիչը կանգուն, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում իրեն այս ամենի համար, այս ուրախության համար, որ մեզ պարգեւեց: Թող սա հաշտության տապան լինի մեր Գյումրիում բնակվող բոլոր-բոլորի համար: Ուստի պիտի քաջալերենք պարոն Վարդան Ղուկասյանին, որ շարունակի այս գործը եւ ավարտին հասցնի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը»,-իր խոսքում նշեց Սրբազանը: Բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, քաջալերանքի փոխարեն եկան պարսավանքի ժամանակները:2016թ-ին՝ խորհրդարանական ընրտրություններից առաջ, նախկին քաղաքապետի բարերարությունը կասկածի տակ առնվեց: Գյումրիում սկսեցին հետաքրքրվել Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով եւ մեղադրանքներ ուղղել Վարդան Ղուկասյանին՝ հանգանակված գումարների յուրացման հետ կապված: Զարգացումների մեկնարկը տվեց «Փաստեր» հաղորդաշարի հեղինակ Արմեն Բադալյանի հաղորդմամբ, ով հարցադրում էր անում, թե ինչու 1995 թվականից ընթացող Ամենափրկչի վերականգնման աշխատանքները ոչ մի կերպ չեն ավարտվում, չնայած «այս տարիների ընթացքում հատկացվել է ավելի քան 3 մլն. դոլար, որով հնարավոր էր մի քանի նմանատիպ եկեղեցի կառուցել»։



Հաղորդման տրամաբանությունից դատելով՝ Վարդան Ղուկասյանի կողմից բավական լուրջ յուրացումներ կան՝ մի քանի միլիոն դոլարի, սխեման էլ բավական պարզ է եղել՝ գոյություն են ունեցել մի քանի հիմնադրամներ, որոնց փոխանցվել են պետական, համայնքային եւ մասնավոր գումարներ: Ղուկասյանի գրասենյակը հանդես գալով մեկնաբանությամբ՝ վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցրեց հեղինակի հասցեին։Բայց կատարվածը, ինչպես տեսնում ենք Վարդան Ղուկասյանի հեղինակության վրա ամենևին չազդեց, նա ջրից չոր դուրս եկավ եւ պատգամավոր ընտրվեց: Նախկին քաղաքապետն այսօր կարծես թե Սուրբ Ամենափրկիչի գործերին չի էլ խառնվում:



Ինչևէ, ինչպես տեղեկացանք Մշակույթի նախարարությունից, ՀՀ նախագահի հանձնարարականով՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018թ. դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ներսը, դուրսը և հարակից տարածքը պետք է ամբողջովին վերանորոգ ավարտուն տեսքի բերվի։



**Արևիկ Հակոբյան**