Դպրոցը պետք է կրթի, ոչ թե մուրացկանություն սովորեցնի

Դպրոցը պետք է կրթի, ոչ թե մուրացկանություն սովորեցնի
Օրերս, Արմավիր քաղաքի 10-րդ հիմնական դպրոցի աշակերտները հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք ու ծխախոտ էին հավաքել՝ զորամսեր ուղարկելու համար: Օգնության գումարային չափը, մեր աղբյուրի փոխանցմամբ՝չպետք է գերազանցեր 1000 դրամը:



«Էդ նույն աշակերտների ծնողները չե՞ն իրենց աշխատավարձից 1000 դրամ թողում բանակին, թե՞ արդեն կրկնակի ենք տալու»,-ասաց մեզ դիմած ծնողը: Վերջինիս կարծիքով՝դպրոցը մոռացել է իր հիմնական գործառույթը և զբաղված է կողմնակի հարցերով: «Դպրոցը պետք է կրթի, ոչ թե մուրացկանություն սովորեցնի»-ասաց նա:



Այլ կարծիքի է դպրոցի տնօրեն Լիանա Հայրապետյանը: Նախ նա նշեց, որ ակցիայի հեղինակը «Հայ կանայք» ՀԿ-ն է /կազմակերպության անունը մոտավորապես էր հիշում-Ս.Մ./ և հետո, ցանկացել են բանակի օրվա առիթով ուրախացնել զինվորներին: Ըստ նրա՝ ստում են, ասելով, թե՝ 1000 դրամի շեմ են սահմանել: «Պարտադրանք չի եղել. ով ինչ ցանկացել է, բերել է: Անգամ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներն են մասնակցել և սիրով են մասնակցել: Մի մայր նույնիսկ, մեկ բանկա ջեմ էր դրել»:



Աշակերտների հանգանակած քաղցրավենիքը, ծխախոտն ու հիգիենայի պարագաները 9-րդ դասարանի տղաներն անձամբ են փոխանցել զինվորներին: «Մի մասը տարան Արմավիրի զորամաս, մյուսն ուղարկեցինք Արցախ»,-ասաց տնօրեն Հայրապետյանը:



Ծանրոցներն աշակերտների միջոցով զինվորներին փոխանցելն, ըստ տնօրենի, իր բացատրությունն ունի: Նախ, դպրոցականները մասնակցում են հանգանակությանը, ապա հենց զորամասում ծանոթանում զինվորական կյանքին: Մոտավորապես, երկուսը՝ մեկում:



Տիկին Հայրապետյանի կարծիքով՝իրենց արածը օգնություն չէ, այլ վերաբերմունք, որից զինվորներն ուրախանում են: «Նաև նամակներ ու բացիկներ ենք ուղարկում, դա շատ է ոգևորում նրանց...»։



Ապրիլյան քառօրյայից հետո էլ համազգային օգնության բում սկսվեց՝ հայոց բանակին օգնելու կոչելով, ինչը պետության սնանկության մասին կարծիք ձևավորեց...



Հարգելի տնօրեններ, մի արեք նման բան: Մի փորձեք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ: Թող բանակով զբաղվեն այն կառույցները, ովքեր կոչված են դրան, իսկ դուք ձեր գործն արեք՝ գրագետ ու մտածող սերունդ կրթեք: Դա էլ է հայրենասիրություն:







**Սերոբ Մարության**