Թուրքիան Արցախի հարցում անելիք չունի

Թուրքիան Արցախի հարցում անելիք չունի
Արցախյան խնդրի կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությունը խիստ էպիզոդիկ է: Այս հասարակ բանը ոմանց հասկացնելու համար միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, օրինակ, ասում է, որ վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը շատ չոր ձեւով Էրդողանին բացատրել է, որ «ԼՂ խնդրի կարգավորման մեջ Թուրքիան ոչինչ չունի անելու»: Մեր կարծիքով` Պուտինի հայտարարությունը կարեւոր բացահայտում է, սակայն ավելին չէ, քան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարության մասին հերթական հիշեցումը: Թե ինչու Էրդողանը բարձրաձայնեց Պուտինի հայտարարությունը` դա էլ ուրիշ հարց է: Չի բացառվում, որ նա փորձեց արդարանալ Ադրբեջանի առաջ` հասկացնելով, որ ԼՂ հարցով ավելին անել այս փուլում (քանի դեռ համանախագահները հույս չունեն) չի կարող:



Սա ՄԽ անդամ Թուրքիայի առաջին փորձը չէ ԼՂ կարգավորման գործընթացին ուղղակի ներգրավվելու ուղղությամբ: Ավելին՝ Թուրքիան չի քաշվել նույնիսկ այլ հարթակներում (ՄԱԿ, Թուրքալեզու երկրների վեհաժողով, Իսլամական կոնֆերանս եւ այլն) հանդես գալ ԼՂ խնդրի ադրբեջանամետ կարգավորման իր ձգտումներով: Չնայած գործադրած ջանքերին` Թուրքիան, սակայն, երբեք չի դիտվել որպես կարգավորման կողմ: Այդ երկիրն ընկալվում է (ոչ առանց հիմքի) որպես հակամարտության կողմ, եւ դա է հիմնական պատճառը, որ թե՛ Ռուսաստանը եւ թե՛ ՄԽ անդամ մյուս երկրներն առանձնապես ոգեւորված չեն ԼՂ հարցում Թուրքիայի «հատուկ» դերակատարությամբ: Իսկ այն, որ Թուրքիան հակամարտության կողմ է եւ ոչ թե կարգավորման, եւս մեկ անգամ հաստատվեց հայ-թուրքական պրոտոկոլներով: Նախապայմանները, որոնք ընկած էին հայ-թուրքական սահմանը բացելու հասարակ քայլի հիմքում, ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ դրան, քանի դեռ Ադրբեջանի օգտին չի լուծվել Ղարաբաղի հարցը: Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ բարձրացած աղմուկից հետո Արցախի հարցում Թուրքիայի դերակատարության աստիճանն զգալիորեն նվազեց, եւ այս պահին, կարելի է ասել, ավելի բարձր չէ, քան Շվեդիայի կամ Ֆինլանդիայի դերակատարությունը՝ որպես ՄԽ անդամ երկրներ: Բոլորն են այսօր համոզված, որ Թուրքիայի նույնիսկ ամենափոքր միջամտությունը կարգավորման գործընթացին հավասարազոր է ողջ գործընթացի տապալմանը:



Կարիք չկա վախենալու այն բանից, որ ՄԽ համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն Անկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի արտգործնախարարի հետ, մանավանդ, եթե չգիտենք, թե ինչ են քննարկել: Հայտնի է միայն (Չավուշօղլուի թվիթերյան գրառումից), որ Թուրքիան աջակցություն է հայտնել Մինսկի խմբին եւ համանախագահներին: Մյուս կողմից էլ հայտնի է, որ, անդրադառնալով Ղարաբաղի հարցին, ՄԽ համանախագահների գործունեությանն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել նաեւ այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԿ-ն: Հետո՞: Իսկ եթե մենք, այնուամենայնիվ, շատ ենք ուզում կարեւորել այն փաստը, որ համանախագահները խորհրդատվություններ են անցկացրել Անկարայում, ապա կարելի է մտածել, որ նրանք Չավուշօղլուին հորդորել են ավելորդ ակտիվություն չդրսեւորել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Պատահական չէ, որ այդ «բանակցություններից» հետո համանախագահները որեւէ հայտարարություն չարեցին, իսկ Չավուշօղլուն էլ բավարարվեց Բաքվում (ասում են` Ալիեւի հետ փակ հանդիպում է ունեցել) կրկնելով 25 տարվա չարչրկված արտահայտությունը, թե Թուրքիան կաջակցի կարգավորման այն տարբերակին, որ կընդունի Ադրբեջանը:



Հարցի կարգավորման այնպիսի տարբերակ, որ կընդունեն Հայաստանն ու Ադրբեջանը, սեղանի վրա առայժմ չկա, իսկ դա նշանակում է, որ կարգավորման գործընթացը երկար ճանապարհ ունի անցնելու: Թուրքիան, ցանկության դեպքում, այդ ճանապարհին կարող է դառնալ խնդրի կարգավորմանը նպաստող հարեւան երկիր, եթե հայտարարի Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ սահմանն առանց նախապայմանների բացելու մասին: Փակ սահմանի պարագայում Թուրքիայի դերակատարությունը Մինսկի խմբում նույնիսկ այնպիսին չի կարող լինել, ինչպիսին Ֆինլանդիայի կամ Շվեդիայի դերակատարությունն է:



Մեզ հորդորում են, թե չարժե կարծել, որ ԼՂ հարցում Թուրքիան միջնորդներից եւ միջազգային հանրությունից մերժված կողմ է: Լավ, իսկ ի՞նչ կարծենք: Գուցե հակառա՞կը անենք` նպաստելով, որ միջնորդներն ու միջազգային հանրությունը ոգեւորվեն եւ մի օր էլ ԼՂ կարգավորումը դիտեն որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություն: Ոչ: Մենք պարտավոր ենք իրողություններին սթափ նայել, առնվազն` Ադրբեջանի նախագահի աչքերով, որոնք շատ լայն բացվեցին ապրիլյան պատերազմի, Սիրիայի հարցում Ռուսաստան-ԱՄՆ համաձայնությունների եւ Թեհրանում Պուտին-Ռոուհանի-Ալիեւ բանակցությունների շնորհիվ: Սոչիում հանդիպումից հետո Էրդողանը, փաստորեն, տվել է այդ ամենի ամփոփումը եւ ընդգծել Թուրքիայի անզորությունը ղարաբաղյան խնդրին միջամտելու հարցում:



 



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**