Պայքարող ուսանողների առաջարկներից մեկը ՊՆ-ն եւ ԿԳՆ-ն ընդունել է, երկրորդին՝ ընդդիմացել

Պայքարող ուսանողների առաջարկներից մեկը ՊՆ-ն եւ ԿԳՆ-ն ընդունել է, երկրորդին՝ ընդդիմացել
«Բոլոր նրանց հետ, ովքեր մտահոգված են նախաձեռնությամբ՝ նրանց հետո աշխատանքները շարունակվելու են։ Ինչպես գիտեք նոյեմբերի 20-ի ՀՀ նախագահը ստորագրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը եւ այն փաստորեն ստացավ օրենքի ուժ։ Պետք է, սակայն նկատի ունենալ որ դա տրամաբանական շարունակությունն է այն գործընթացի, որը դիտվել էր Աժ-ում եւ այդ օրենքի նախագիծը առաջին եւ երկրորդ ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ դա չէր հակասում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի քննարկման ժամանակ։ Այդ պայմանավորվածությունները ենթարդում էին ոչ թենախագահի կողմից այդ օրենքի նախագիծը ստորագրելու գործընթացի կասեցում, այլ ենթադրում էին երկու խնդիր․ առաջինը՝ նոր օրենսդրական նախաձեռնությամբ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել արդեն իսկ ընդունված օրենքում եւ երկրորդ՝ ենթաօրենսդրական ակտերով լուծում տալ բոլոր այն մտահոգություններին, որոնք բարձրացվել էին մեր նախաձեռնության կողմից»։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը՝ մանրամասնելով վերջին օրերին ունեցած հանդիպումների մասին պաշտոնատար անձանց հետ․ «Նոյեմբերի 28-ին հանդիպում տեղի ունեցավ ԿԳնախարար Լեւոն Մկրտչյանի հետ, ընդ որում՝ իշխանությունների կողմից արձագանք եղավ նախատեսված երկուշաբաթյա ժամկետից ավելի շուտ, ընդամենը՝ մեկ շաբաթ անց։ Հանդիպման ժամանակ նախարարի կողմից ներկայացվեց գերատեսչության դիրքորոշումը մեր ներկայացրած երկու առաջարկների վերաբերյալ։ Եթե առաջին առաջարկը, որը ենթադրում էր կառավարության որոշումներով շնորհալի երիտասարդներին տարկետման իրավունքի տրամադրման սկզբունքների հստակեցում, ստացավ սկզբունքային համաձայնություն, ապա երկրորդ առաջարկը՝ համարվեց հետագա քննարկումների առարկա։ Հաջորդ օրը տեղի ունեցավ հանդիպում պաշտպանության նախարարությունում, որտեղ ներկա էին Արտակ Զաքարյանը, որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ Լեւոն Մկրտչյանը։ Այդ ժամանակ առաջին առաջարկի շուրջ մենք ներկայացրինք մի մեխանիզմ, ըստ որի՝ հնարավոր կլինի որոշել շնորհալի երիտասարդներին։ Այդ մեխանիզմը իր մեջ ներառում է ոչ միայն մեկ չափորոշիչ կամ հայտանիշ, այլ մի խումբ չափորոշիչների համախմբվածություն։ Այն երիտասարդը, որը պետք է ստանա տարկետում, բավարարում է որոշ չափորոշիչների եւ հավաքում էմիավորներ՝ մինչեւ 100 միավորը։ Այդ չափորոշիչները կարող են լինել մի քանիսը։ Մյուս չափորոշիչը կարող է լինել հանձնաժողովը, որը կազմված կարող է լինել տարբեր ոլորտի ներկայացուցիչներից եւ այդ հանձնաժողովը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոփոխվի։ Ունենալով մի չափորոշիչ՝ այս մեխանիզմը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Այս մեխանիզմին հավանություն տվեցին 2 նախարարություններն էլ»։



Դավիթի խոսքով՝ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետում տեղի է ունեցել փոփոխություն, եթե մինչ այժմ չէր նշվում գիտության եւ արվեստի հատվածը, ապա այժմ գիտության եւ արվեստի հատվածը եկել է առաջին տող եւ ամբողջ այդ հատվածը գրված է մգեցված տառերով։ «Թե ՊՆ-ն եւ թե ԿԳՆ-ն համաձայնվեցին մեր առաջ քաշած մեխանիզմի հետ, այնուամենայնիվ, չնայած օրենքը ընդունվել է, բայց մենք նկատեցինք, որ տեսլականը ինչպես պետք է իրականացվի՝ չկար, բացակայում էր։ Սա մենք չենք համարում խոչընդոտ, որպեսզի մենք մեր աշխատանքները դադարեցնենք, փորձելու ենք այնպես անել, որպեսզի այդ հոդվածը ստանա այնպիսի տեսք, որ դրանից օգտվեն արժանի մարդիկ։ Մյուս խնդիրը, որ առաջացավ հանդիպման ընթացքում, կապված էր նրա հետ, թե ինչպես պետք է տեղի ունենա մյուս հանդիպումները՝ ում հետ, ինչպես եւ ինչ ժամկետներով պետք է տեղի ունենան։ Որոշակի մտորումներից հետո մենք հասկացանք, որ կարիք կա որոշակի պարզեցումներ եւ հստակեցումներ մտցնել։ Առաջին առաջարկի թե բովանդակությունը եւ թե մեխանիզմները ընդունվեցին, իսկ երկրորդ առաջարկի հետ կապված մենք զգացինք ընդդիմություն։ Երկրորդ առաջարկի հետ կապված մենք մեր աշխատանքը կշարունակենք։ Ուզում եմ նաեւ նշել, որ դեկտեմբերի 1-ին եւս մեկ հանդիպում տեղի ունեցավ Լեւոն Մկրտչյանի հետ, որի ժամանակ մեր կողմից բարձրաձայնվեցին մեր մտահոգությունները։ Եթե աշխատանքային քննարկումների ժամանակ մենք նկատենք, որ մյուս կողմից կա ապակառուցողական քայլ, պրոցեսի արհեստական ձգձգում, մենք դիտարկելու ենք մեր քայլերը, չենք շարունակելու նույն ոճը եւ գուցե իրականացնենք այլ քայլեր, բայց մենք փորձում ենք լինել ավելի լավատես եւ իրականացնել այն նպատակը, որ ի սկզբանե նախաձեռնությունը դրել է իր առջեւ»։



Հիշեցնենք, որ մի խումբ ուսանողներ որոշ ժամանակ առաջ մեկ շաբաթ դասադուլ իրականացրին՝ ՊՆ-ի նոր օրենքի նախագծի դեմ, քանի որ դրա հետեւանքով վերացվում էր տարկետման իրավունքը։ Օրենքը ԱԺ-ում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է։