Սամվել Մկրտչյանի անվան թարգմանչական դպրոց կունենանք

Սամվել Մկրտչյանի անվան թարգմանչական դպրոց կունենանք
Երեք տարի առաջ, 2014թ․ դեկտեմբերի 7-ին, 55 տարեկանում, կյանքից հեռացավ թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանը։ Սամվել Մկրտչյանը հայտնի է ամերիկյան եւ անգլիական գրականության նշանավոր գործերի արժեքավոր թարգմանություններով։ Նա թարգմանել է Վ․ Շեքսպիրի, Ու․ Ֆոլքների, Թ․ Էլիոթի, Լ․ Քերոլի, Է․ Քամինգսի եւ այլ հեղինակների ստեղծագործությունները։ Կյանքի վերջին տարիներին Սամվել Մկրտչյանը թարգմանեց եւ ընթերցողի սեղանին դրեց Ջեյմս Ջոյսի հանրահայտ «Ուլիսեսը»։



Առաջիկայում Գյումրիում, Վարպետաց փողոցում, որտեղ ապրել է Սամվել Մկրտչյանը, նախատեսվում է թարգմանչի տունը վերածել տուն-թանգարանի։ Այնտեղ կգործի նաեւ թարգմանչական դպրոց՝ երիտասարդ թարգմանիչների համար։ Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Սամվել Մկրտչյանի այրին՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա բանակցություններ է վարում միջազգային գրական մի քանի ֆոնդերի հետ, որոնց էլ ուղարկել է Սամվել Մկրտչյանի գրականությունը, հատկապես հայ պոեզիայի անթոլոգիան՝ թարգմանված անգլերեն։



Նաիրա Զոհրաբյանը բանակցություններ է վարում մասնավորապես Օքսֆորդում եւ Հարվարդում գործող մի քանի գրական կենտրոնների հետ՝ Գյումրիում Սամվել Մկրտչյանի թարգմանչական դպրոց հիմնելու համար։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վաղամեռիկ թարգմանչի տունը գտնվում է նույն փողոցում, որտեղ գտնվում են Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանները։ «Առնվազն հասկանալի չէ, որ «Կումայրի» ծրագրով, որն իրականացվում է Գյումրիում, մինչեւ Շիրազի տուն-թանգարանն ընկնող հատվածը սալիկապատել են, իսկ դրանից հետո, Վարպետաց փողոցը հասնող հատվածում դադարեցրել են սալիկապատումը։ Եվ ամբողջ այդ հատվածը գրեթե ավերված փողոց է։ Ակնկալում եմ, որ «Կումայրի» ծրագիրը նախաձեռնողներն այդ 5-6 մետրանոց փողոցն ամբողջությամբ կսալիկապատեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։



**Թագուհի Հակոբյան**