«Ասկե գրուպում» տեղի ունեցած մահվան դեպքի առնչությամբ կա հարուցված քրեական գործ

«Ասկե գրուպում» տեղի ունեցած մահվան դեպքի առնչությամբ կա հարուցված քրեական գործ
Մենք գրել էինք, որ վերջերս ՀՀԿ-ական պատագամվոր Վահան Հարությունյանի ու նրա հորը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ Միշա Հարությունյանին պատկանող «Ասկե գրուպ» ընկերության գործարանում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերության գործարանում այս տարվա հոկտեմբերի 28-ին աշխատանքի պահին շարժիչի տակ է մնացել և մահացել Հարություն Կարախանյան անունով 23-ամյա մի երիտասարդ։ Մեր տեղեկություններով՝ երիտասարդը ինչ-որ ձայներ է լսել, մոտեցել է, որ տեսնի՝ ինչ է, այդ պահին վերևից կախված շարժիչն ընկել է նրա գլխին ու տեղում առաջացրել մահ։ Ողբերգական այս դեպքը տեղի է ունեցել Հարությունի մեծ եղբոր աչքի առաջ։ Երկու եղբայր նույն գործարանում էին աշխատում։ Մեկ տարի առաջ էլ կրկին նույն գործարանում նամանտիպ դժբախտ պատահար էր եղել, որի արդյունքում մոտ 6 տարեկան մի տղամարդ էր շինարարական կռունկից ընկել և մահացել։





ՀՀ Քննչական կոմիտեից մեզ ասացին, որ երկու դեպքով էլ կա հարուցված քրեական գործ։ «Այս տարվա հոկտեմբերին գրանցված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 157 հոդվածի 2-րդ մասով՝ աշխատանքի պահպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։ Կատարվում է քննութուն, նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»,-ասացին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ փորձաքննության կատարումը հանձնարարվել է ԱԻՆ-ի իրավասու աշխատակիցներին։ Ինչ վերաբերում է մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքին, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսին, ապա ՔԿ-ից ասացին, որ այս առթիվ ևս հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն ավարտվել է։ «Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել 157 հոդվածի 2-րդ մասով, և 2016 թ․ նոյեմբերին գործն ուղարկվել է դատարան»,-ասացին Քննչական կոմիտեից։





Այդ անձը Յուրիկ Բալբաբյանն է, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ում աշխատելով որպես կաղապարման տեղամասի պետ, միաժամանակ հանդիսանալով աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ և չունենալով կռունկ շահագործելու թույլտվության վկայական, աշխատանքներն արագ կատարելու նպատակով վարել է տեղամասի կամրջակային կռունկը և կատարել կաղապարաարկղերի տեղափոխում: Դրանով թույլ է տվել կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնների խախտում, որի ընթացքում կաղապարաարկղն ընկել է Գարիկ Արամյանի վրա, ինչի հետևանքով առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր մարմնական վնասվածքներ:





Յուրիկ Բալբաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի` 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:



Բալբաբյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։





Այստեղ ուշագրավ է մի հանգամանք, որ դեպքը տեղի է ունեցել «Ասկե գրուպ» ընկերությունում, բայց «Դատալեքս» տեղեկատվական համակարգում զետեղված դատական գործում նշված է դրա հարևանությամբ գործող «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի անունը։ Մենք փորձեցինք նորից ճշտել, և «Ասկե գրուպի» աշխատակիցներից հաստատեցին, որ իրենց մոտ նշված տարվա նշված ամսին նշված նկարագրությամբ դեպք տեղի ունեցել է, մահացողի անունն էլ Գարիկ է, իսկ թե ինչու է դատարանը այլ գործարանի անուն նշել, անհասկանալի է։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**