Ի՞նչի մասին են լռում մանկատներում եւ հատուկ դպրոցներում

Ի՞նչի մասին են լռում մանկատներում եւ հատուկ դպրոցներում
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկահարույց օրենքի նախագիծն առիթ տվեց խորհելու մեր կյանքում, հասարակության մեջ ոչ հաճախ բարձրաձայնվող երեւույթների մասին։ Տարիներ առաջ, 2003-04թթ․, հիշում եմ, թե ինչպես էր ոմն նյարդաբույժ Սոնա Ֆահրադյան «մեղքերի թողության» համար կրոնական ինչ-որ խումբ ստեղծել, այնտեղ ներգրավվել ինչպես չափահաս մարդկանց, այնպես էլ երեխաների։



Այդ պատմությունը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, լուսաբանվում էր տարբեր դիտանկյուններից։ Խնդիրն այն էր, որ կրոնական խմբում ներգրավված կանանցից մեկը այնտեղ էր ընդգրկել իր իննամյա աղջնակին, ինչն էլ հետագայում, պարզվել էր, որ երեխայի հոգեբանության վրա ծանր հետք է թողել։ Երեխան դադարել էր հաճախել դպրոց ։ Երեխայի հայրը եւ մորաքույրը դիմել էին դատարան՝ պահանջելով նրա խնամակալությունը հանձնել հորը (աղջնակի ծնողները բաժանված էին)։ Ինչեւէ։



Տեւական աղմուկից, երկարուձիգ պատմություններից, դատական նիստերից հետո Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել էր երեխայի հոր եւ մորաքրոջ դատական հայցը եւ երեխային հանձնել հորը։ Թե հետագայում ինչ ճակատագրի արժանացան հոգեորսության զոհ դարձած աղջնակը եւ նրա մայրը՝ միգուցե առանձին քննության թեմա է։ Փաստն այն է, որ անչափաահասին նման խմբերի մեջ ներգրավվելը նույնպես բռնության մի յուրօրինակ ձեւ է։



ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն մի քանի հարց էինք ուղղել՝ իմանալու, թե այսօր ինչ խնդիրների են բախվում վարքից շեղում ունեցող երեխաները։ Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե կա՞ հաշվառում նախարարությունում՝ ՀՀ-ում ծնողական իրավունքից զրկված երեխաների մասին։ «ՀՀ-ում գործող օրենսդրությամբ ծնողական իրավունքից զրկված երեխա հասկացություն չկա»,- արձագանքել են նախարարությունից։



Հարցին, թե քանի վարքից շեղում ունեցող երեխա կա ՀՀ-ում, նրանցից որոնք են հաճախում հատուկ դպրոցներ, որ դպրոցներն են դրանք, նախարարությունից արձագանքել էին․ «Վարքային խնդիրներ ունեցող երեխաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավասության սահմաններից»։



Մեզ հետաքրքրում էր, թե, օրինակ, բացի դատարանից, է՞լ որ կառույցներն են իրավասու զրկելու ծնողին ծնողական իրավունքից, ո՞ր դեպքերում է այն կիրառվում։ Ըստ նախարարության պատասխանի՝ ՀՀ-ում ծնողներին (միակ ծնողին) ծնողական իրավունքից զրկելու իրավասություն ունեն միայն դատարանները՝ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված դրույթների, մասնավորապես՝ 59 եւ 60 հոդվածների։ «Կա՞ հաշվառում, թե քանի ծնող է կամովին հրաժարվել իր երեխայից»,- հետաքրքրվել էինք նախարարությունից։ «ՀՀ-ում բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի եւ հատուկ (մասնագիտացված) հաստատություններ երեխաները տեղավորվում են համաձայն ՀՀ կառավարության 2015թ․ սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման, որտեղ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում պահանջվում են նաեւ ծնողական իրավունքներից ինքնակամ հրաժարվելու վերաբերյալ ծնողների (կամ միակ ծնողի) գրավոր հայտարարագրերը՝ վավերացված նոտարի կողմից։



ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է 6 պետական մանկատուն, այդ թվում՝ երեքը ընդհանուր տիպի, երեքը՝ մասնագիտացված։ Վեց մանկատանը խնամվում է 644 երեխա, այդ թվում նաեւ՝ երեխաներ, որոնց ծնողները հրաժարվել են նրանց նկատմամբ ունեցած իրավունքներից»,- այսպես են արձագանքել մեր հարցին նախարարությունից։ Իսկ ահա այդ երեխաները, նրանց վարքը, ծնողների հետ հարաբերությունները, կարծում ենք, մասնագիտական լուրջ ուսումնասիրության կարիք ունեն։ Նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներկայացնի դիտարկումներ, վիճակագրություն, թե որքանով են պաշտպանվում երեխաների իրավունքները մանկատներում եւ հատուկ դպրոցներում, ինչ խնդիրների են բախվում սոցիալապես խոցելի այս խմբերը։



Կարծում ենք, բռնության մասին պատկերացում կարելի է կազմել՝ փակ համարվող հաստատությունների կյանքը մանրազնին դիտարկելուց, նրանց մասին հստակ պատկերացում կազմելուց եւ խնդիրների մասին արտահայտվելուց հետո։



**Թագուհի Հակոբյան**