Լծվել են խոտածածկույթները հնձելու գործին

Լծվել են խոտածածկույթները հնձելու գործին
Այն բանից հետո, երբ նախարար Արմեն Ամիրյանն իր հերթական մարզային այցելություններից մեկի ժամանակ դժգոհեց եկեղեցիների վրա աճող բուսածածկույթների խտությունից եւ առատությունից՝ հանձնարարելով ստեղծել կամավորական խմբեր՝ դրանք մաքրելու համար, հուշարձանների պահպանության մարզային ծառայություններն ու երիտասարդների կամավորական խմբերը մի քանի օր է՝ արդեն օրնիբուն լծվել են խոտածածկույթները հնձելու գործին։ Ավելին՝ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքի վերջին 10 նորություններից 5-ը հանգամանորեն պատմում է խոտածածկույթի հեռացման աշխատանքների մասին Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Սյունիքում, Ավանում՝ ողջ ընթացքը ներկայացնելով նաեւ ֆոտոշարքով։



Կարելի էր կարծել, որ եթե նախարարը չհանձնարարեր, դրա անհրաժեշտությունը պահպանության ծառայությունները ո՛չ կնկատեին, ո՛չ էլ կանեին։ Մնում է կոնկրետ հանձնարարականներ իջեցնել արդեն հուշարձանների տարածքը քարերից մաքրելու համար, իսկ եթե ավելի լուրջ, ապա չէր խանգարի խիստ հսկողության տակ առնել եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների տարածքը՝ աղբից իսպառ մաքրելու համար։