Հերթական քառօրյան մեկնարկեց թեժ մթնոլորտում․ ուղիղ

Հերթական քառօրյան մեկնարկեց թեժ մթնոլորտում․ ուղիղ
Ազգային ժողովի հերթական քառօրյան այսօր մեկնարկեց թեժ մթնոլորտում: Այսօր առավոտյան մի քանի հազար ստորագրություններով բոլոր խմբակցություններին են դիմել Ծառուկյանին պատկանող Առինջ մոլի առեւտրականները՝ պահանջելով արձագանքել եւ լուծում տալ իրենց նկատմամբ կիրառվող հարկային կոշտ վարչարարությանը, որն ուղեկցվում է անթույլատրելի ստուգումներով: «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ վարման կարգի վերաբերյալ հերթագրվեցին եւ մեկը մյուսի հետեւից քննադատեցին կառավարությանն ու ՊԵԿ-ին: ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք ավելի վաղ դիմել են ՊԵԿ նախագահին ու վարչապետին՝ հարկային կոշտ վարչարարության հետ կապված եւ հորդորել հրաժարվել այդ քաղաքականությունից, սակայն ապարդյուն.«Տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, վաճառքների ժամանակ ասում են՝ բացեք ձեր տոպրակները, այն դեպքում, երբ առեւտրականները սոցիալական բնույթ կրող գործունեությամբ են զբաղված: Բանը հասել է նրան, որ օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները տարբեր մարդկանց վրաերթի են ենթարկում եւ տեղի են ունեցել բախումներ», ասաց Մելքումյանը, ապա կառավարությանը ցույց տվեց փողի տեղը, թե որտեղից կարելի է հարկ հավաքել՝ գազամատակարարման եւ գազաբաշխման համակարգն է:



Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այս պահին ուղղակի հարկային տեռորի են ենթարկում առեւտրականներին. «Մարդիկ ուզում եք մեկ կտոր հացից զրկվեն, այն, ինչ անում են պատկան մարմինները, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է՝ բացել մարդկանց պայուսակները, ստուգել, որեւէ կառույց դրա իրավունքը չունի: Բյուջե եք ուզում լցնե՞լ՝ տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա եւ այլ մոնոպոլիստներ: Գնացեք այդտեղ: Կառավարությունը, որ տապալել է իր ողջ գործունեությունը, պիտի ճիշտ տեղն իմանա, թե որտեղ գնա: Գազի հիման վրա Մոնումենտում ստեղծած դղյակները, այնտեղ գնացեք, այնտեղ տեսեք կոռուպցիա, չարաշահումներ, ոչ թե մի կտոր հացով իրենց ընտանիքը պահող փոքր ձեռներեցների պայուսակները մտեք»: Ի դեպ, Զոհրաբյանը հատուկ ընդգծեց Մոնումենտի գազի հիման վրա կառուցված դղյակների մասին թերեւս այն պատճառով, որ ԲՀԿ-ի ստվերային կուրատոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը եւս Մոնումենտում է: Ինչեւէ, Զոհրաբյանը ասաց, որ գազի վրա իրենց դղյակները սարքածները, որ նստած են Մոնումենտում, ճիշտ կանեն նման հարկային տեռոր սահմանելուց առաջ մտածեն դրա հետեւանքների մասին:



Խոսեցին նաեւ այլ պատգամավորներ՝ Իվետա Տոնոյանը, Սերգեյ Բագրատյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գեւորգ Պետրոսյանը: Էդուարդ Շարմազանովը հանձնարարում էր անջատել նրանց խոսափողները՝ նշելով, որ հարցն օրակարգի հետ կապ չունի: Աղմուկ-աղաղակ բարձրացավ, պատգամավորները առանց խոսափողի գոռգոռում էին: Դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույնպես փաստեց, որ իրենց խմբակցությունն այսօր առավոտյան ստացել է առևտրականների նամակը, իրենք դեմ են ցանկացած տեսակի տեռորի: «Այստեղ հնչեցին առաջարկություններ՝ ստեղծել հանձնաժողովներ՝ գազի ու բենզինի ոլորտում իրավիճակն ուսումնասիրելու: Մենք միանշանակ կողմ ենք նման նախաձեռնություններին և համապատասխան նախաձեռնությունների դեպքում մենք կմիանանք այդ խնդիրների ուսումնասիրությանը: Ինչ վերաբերում է փոքր և միջին բիզնեսի շուրջ ստեղծված իրավիճակին, մենք այդ դիմումներին սահմանված կարգով ընթացք կտանք և խնդրով լրջորեն կզբաղվենք», ասաց Փաշինյանը։