Թոշակառու մարդ էր, թշնամիներ չուներ․ Արմեն Առաքելյանը՝ Զովունու մոտ գտնվող սգո սրահում բռնկված հրդեհի մասին

Թոշակառու մարդ էր, թշնամիներ չուներ․ Արմեն Առաքելյանը՝ Զովունու մոտ գտնվող սգո սրահում բռնկված հրդեհի մասին

Օրեր առաջ Զովունի համայնքի մոտ գտնվող սգո սրահում բռնկված հրդեհի պատճառով վնասվել էր նաեւ հանգուցյալ Ռազմիկ Առաքելյանը։ Այդ մասին ԶԼՄ-ներում տարածվեցին տարբեր մեկնաբանություններ։ Նրա եղբորորդին՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում խնդրեց ձեռնպահ մնալ մեկնաբանություններից, ցավ չպատճառել հանգուցյալի հարազատներին, մինչեւ քննությունը պարզի, թե ինչից է առաջացել հրդեհը։



«Դեռեւս չկա պաշտոնական տեղեկություն։ Բայց կարող եմ ասել, որ հոսանքից չի առաջացել, մոմերից էլ չի առաջացել, քանի որ մոմերը նույնիսկ չեն հալվել հրդեհի ժամանակ։ Իսկ թե ինչից է եղել հրդեհը՝ չեմ կարող ասել»,- այսօր մեր հարցին, թե ինչից է առաջացել հրդեհը, այսպես արձագանքեց Արմեն Առաքելյանը։ Նա խոստացավ մանրամասներ հաղորդել քննության ավարտից հետո։



Արմեն Առաքելյանի ասելով՝ իր հորեղբայրը թոշակառու մարդ էր, ժամանակին եղել էր շինարար, բայց վերջին շրջանում ապրում էր մեկուսի կյանքով։



«Իր որդին 1996թ․ երիտասարդ տարիքում խեղդվեց Հրազդանում, դրանից հետո ինքն իր կյանքն ավարտված էր համարում։ Ինքն ու կինն էին մնացել, մի աղջիկ ունեն, բայց նա էլ արտերկրում է ապրում եւ աշխատում։ Ինքը չէր կարող թշնամիներ ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը։