Հրանտ Բագրատյանը կարեւոր քայլ է անում եկեղեցական բարենորոգչություն սկսելու ուղղությամբ

Հրանտ Բագրատյանը կարեւոր քայլ է անում եկեղեցական բարենորոգչություն սկսելու ուղղությամբ

Հայաստանում կա տարօրինակ կարծրատիպ, որի մասին խոսելու առիթներ «Հրապարակ»-ն ունեցել է: Խոսքը Եկեղեցու եւ բանակի մասին քննադատական խոսք հնչեցնելիս հանրային կարծրատիպային ընկալման մասին է: Այնպիսի տպավորություն է, թե այս երկու թեմաները փակ պետք է լինեն մշտապես հասարակության համար մինչեւ իսկ սակրալիզացվածության աստիճանի: Մինչդեռ իրականում, մեր օրերում որեւէ թեմա սակրալիզացնելը, կամ փակ հայտարարելը, եթե նման բանը սահմանված չէ օրենքով, առնվազն անտեղի կեցվածք է: Արդեն քանի օր է հասարակությունը խոսում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հակաեկեղեցական ֆեյսբուքյան գրառման մասին:



Ըստ էության, Բագրատյանը սխալ չէ, ավելին նա բառ առ բառ ճիշտ է իր գնահատականներում եւ հիմնավորված ինչպես իր այնպես էլ գիտական հեղինակավոր աղբյուրների տեսակետներով: Բագրատյանին անգրագիտության եւ այլնի մեջ մեղադրողների թե քանի տոկոսն է տեղյակ Հայ Առաքելական եկեղեցու պատմությունից, դժվար է ասել: Թողնելով մի կողմ Բագրատյանի բերած վերլուծություններն եւ թվական տվյալները, նաեւ զերծ մնալով ինչպես բարոյա-խրատական դիֆերամբներից, այնպես էլ ազգային հայրենասիրական պաթոսից, արձանագրենք, որ Հայ Առաքելական եկեղեցում, գոնե վերջինիս պատմության վերջին 200-250 տարիների ընթացքում, մշտապես արդական է եղել բարեփոխման եւ ժողովրդականացման հարցը: XIX դարի վերջի եւ XX դարի սկզբի Հայկական պարբերականներում հարյուրավոր հոդվածներ կարելի է գտնել, որոնք խոսում են եկեղեցական բարեփոխության, կամ եկեղեցական բարենորոգչության մասին: Գրել են թե աշխարհիկ մարդիկ, թե եկեղեցականները: Միայն Երուսաղեմի Հայոց պատրիարքության ՍԻՕՆ պարբերականում Նորայր արքեպիսկոպոս Պողարյանը, Բաբկեն արքեպիսկոպոս Կյուլեսերյանը, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը եւ այլ նշանավոր եկեղեցական գործիչներ, ամբողջական հոդվածաշարեր են նվիրել եկեղեցական բարենորոգչությանը: Սա պատմական փաստ է, եւ պատմական այս փաստից խուսափել անկարելի է, շրջանցելը՝ հիմարություն: Հարցը քննարկվել է նաեւ Մայր Աթոռի ԱՐԱՐԱՏ պարբերականում: Աստվածաբանների եւ եկեղեցականների մի ողջ սերունդ՝ Կարապետ արքեպիսկոպոս Մկրտչյան, Երվանդ Տեր Մինասյան, Գալուստ Տեր-Մկրտչյան եւ այլք, ԱՐԱՐԱՏ-ում անդրադարձել են այս թեմային: Շատ բան, եթե համեմատենք հարյուր տարվա կտրվածքով, փոխվել է, շատ բան էլ մնացել է անկատար, կիսատ պռատ արված եւ փորձում է արվել՝ կապ չունի լավ, թե վատ, ավել կամ պակաս: Հասկանալի է, որ Հայոց Ցեղասպանությունը, Ռուսական կայսրության փլուզումը, Հարավային Կովկասում տիրող քաոսային շրջանը, Առաջին Հանրապետության կարճատեւ կյանքը, Հայաստանի խորհրդայնացումն ու անկրոնության յոթանասուն տարիները, հիմնականում արգելք են հանդիսացել, որ այսպես ասած հասարակական մարդաբանական պահանջին համահունչ առաջացած կրոնական-եկեղեցական բարենորոգչությունը իր տրամաբանական ամբողջացումով ավարտվի, սակայն հիմա, կարծես թե արդեն կարելի է խոսել այս մասին եւս: Ի դեպ, սա միայն Հայ Առաքելական եկեղեցուն հատուկ խնդիր չի եղել:



XX դարի 60-ական թթ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին մի ողջ համընդհանուր եկեղեցաժողով գումարեց, որը հայտնի է Վատիկանի Երկրորդ Տիեզերաժողով անունով, եկեղեցական բարենորոգչության հարցը քննարկելու համար: Վատիկանը կարողացավ երկարատեւ, մոտ հինգ-վեց տարի տեւած քննարկումներից հետո գտնել լուծումներ, մշակել եւ ամբողջական ու արդիականացված տեսքով ներկայացնել իր հավատքային-դավանաբանական հայեցակետերը, ծիսակարգը, բարոյական արժեհամակարգը, արդի մարտահրավերների հանդեպ ունեցած կեցվածքը: Երեւի նույնը պետք է կատարվի նաեւ Հայ Առաքելական եկեղեցում: Ու այս լույսի տակ Հրանտ Բագրատյանի արարքը, գուցե իր ժամանակից առաջ է ընկած, սակայն երբեք չի կարելի դիտարկել բացասական լույսի ներքո: Եվ ի վերջո, երբ մենք մատնացույց ենք անում Թուրքիային եւ կոչ ուղղում պատմության հետ առերեսվելու, պետք է ունենանք քաջություն նաեւ մեր սեփական պատմության մութ էջերի հետ առերեսվելու համար: Վատիկանը նման քաջություն ունեցավ: Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ երջանկահիշատակ Պապը /այժմ սրբադասված է/, ներողություն խնդրեց համայն մարդկությունից այն բոլոր հանցագործությունների համար, որ կատարել է մարդկության հանդեպ, անկախ կրոնից, ռասսային եւ այլ հատկորոշիչներից, Հռոմի Կաթոլիկ եկեղեցին: Եվ ի վերջո, ասել ենք եւ էլի կրկնում ենք ազգային հայրենասիրական բաժակաճառային պաթոսը միայն անդունդ կամ ճահիճ՝ լճացում եւ կործանում տանող ճանապարհ է, եւ որ օրը հասարակությունը դադարեց քննադատել թեկուզ եւ սուր, վիրավորական ցեխ շպրտելով, Եկեղեցուն, ապա Եկեղեցու վերնախավը պետք է հասկանա, որ լիակատար պարտություն է կրել, անկախ արտաքին գեղեցիկ պաճուճանքներից:



Տիգրան Վահանե