Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալը․ գյուղատնտեսության փոխնախարար

Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալը․ գյուղատնտեսության փոխնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե որքան է կազմելու այս տարի գյուղատնտեսության գրանցած տնտեսական աճի մասնաբաժինը ՀՆԱ-ում և որքան աճ ունենք նախորդ տարվա համեմատ։ Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք տնտեսական աճի հիմնական ցուցանիշն ապահովել էր գյուղատնտեսությունը։ Փոխնախարարը հիշեցրեց, որ 2016 թվականին 17․3 տոկոս էր ՀՆԱ-ում, իսկ 2017-ի մասով տվյալ պահին ձեռքի տակ թվեր չուներ։ Բայց կարծում է, որ այս տարի էլ 15-ից17 տոկոսի սահմաններում կլինի։



«Իսկ աճը վերջին մի քանի տարիների միջինացված ցուցանիշը եթե վերցնենք, շուրջ 10 տոկոս է եղել, իհարկե, տարվանից կախված։ Տարի է եղել, որ բարենապաստ են եղել եղանակային պայմանները։ Այս տարի, օրինակ, բավականին լուրջ էր երաշտի հարցը։ Եվ հիմա, որ նայենք՝ ջրամբարների, ենթակառուցվածքների կառուցումն է գնում, նաև մեծապես պայմանավորված է նրանով, որ երաշտը խնդիր է։ Իհարկե, գյուղապահովագրական համակարգը ինչ-որ չափով կմեղմի այդ խնդիրը, բայց, ամեն դեպքում, մենք գիտակցում ենք, որ պետք է այդ ջրերի կառավարման համակարգն արդիականացնել»,-ասաց փոխնախարարը։ Այս ամենով հանդերձ՝ Հարությունյանը կարծում է, որ այս տարի, համեմատած նախորդի հետ, տնտեսական ցուցանիշների նվազում կլինի՝ պայմանավորված աղետներով։ Դրա համար իրենց առաջնային խնդիրն այսօր գյուղատնտեսության ապահովագրություն ներդնելն է, որ պիտի սկսեն 2018-ին, և բնական աղետներից պաշտպանությունը՝ հակակարկտային կայանների արդիականացում, կարկտապաշտպան ցանցեր և այլն։



-Ինչո՞ւ հենց 2017 թվականին որոշվեց նման քայլեր ձեռնարկել, նախորդ տարիներին ևս այդ խնդիրները կային, սակայն նախորդ նախարարն ընդամենը փորձում էր աղոթքի միջոցով աղետների դեմն առնել, բայց հստակ գործնական քայլեր չէին ձեռնարկվում։



-Այնպես չի, որ ապահովագրական համակարգն ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում է ներդրվում։ Մենք Գերմանական զարգացման բանկի հետ արդեն երրորդ տարին է՝ իրականացնում ենք։ Այսինքն՝ երեք տարի է, որ հիմքեր են ներդրվում, փորձարկվում են տարբեր մեթոդներ։ Անկեղծ ասած՝ պահովագրության ներդրումը գյուղոլորտում բավականին բարդ գործընթաց է։ Եվ այն, ինչ մենք անելու ենք 2018 թվականին, դա երեք տարիների աշխատանք է։



-Գյուղացին, այդուհանդերձ, շարունակում է անպաշտպան մնալ, որքան էլ որ նախարարությունը փորձում է փոխհատուցման ինչ-որ ծրագրեր իրականացնել բանկերի միջոցով աղետների դեպքում, մեկ է՝ դա չի բավականացնում։



-Տեսեք, ամենաճիշտը պայքարել մինչև աղետի տեղի ունենալը։ Դրա համար չեմ կարող ասել, որ աշխատանք չի իրականացվել։ Բացի ապահովագրությունից, մի քանի տարի է՝ խոսվում է հակակարկտային ցանցերի տեղադրումից, և արդեն 2018 թվականին սուբսիդավորման ծրագիր է գործելու։ Նույն ԱԻՆ-ի հետ համատեղ հիմա ծրագիր է իրականացվում այդ արդիական, պլաստիկ հրթիռային կայանների ներդրման ուղղությամբ, որոնց արդյունավետությունը շատ բարձր է։ Նախկինի համեմատ՝ այն հալեցնում է ամպը, ոչ թե ցրում է։



-Շա՞տ չենք ուշացել դրա համար, 21-րդ դարում ենք, բայց Քարի դարում էլ էին մարդիկ նույն կերպ պաշտպանվում բնական աղետներից, գուցե Աստվածներին աղոթելով, մինչդեռ շատ զարգացած երկրներ վաղուց օգտագործում են Ձեր նշած համակարգերը։



-Տեսեք, զարգացած երկրների համեմատության տեսանկյունից եթե նայենք, ապա այդ երկրներում կան ավելի կայուն գյուղացիական տնտեսություններ, որոնք իրենց պաշտպանության միջոցառումներն են իրականացնում։ Այդ գործիքները կան, բայց քանի որ մեզ մոտ գյուղացին դեռևս անպաշտպան է, դեռևս փոքր է, դեռևս շահութաբերության մակարդակն իրենց չի թույլատրում այդ տեխնոլոգիաներից օգտվել, մենք դեռևս պետք է ապավինենք այն գործիքներին, որոնք առկա են պետության օժանդակության ձևաչափով։



-Խոսեցիք ջրային ռեսուրսների կառավարումից։ Հայտնի է, որ նախկին վարչապետն ու մի շարք ազդեցիկ դեմքեր Արարատյան դաշավայրում խոշոր ձկնաբուծարաններ, մեծ այգիներ ունեն, և ջրային ռեսուրսների զգալի մասն ուղղվում է հենց նրանց տնտեսություններին։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ ջրերի հավասար բաշխումը, որը կարող է բախվել խոշոր տնտեսվարողների շահերի հետ։



-Քանի որ ես այդ ձկնաբուծական տնտեսությունների խնդիրներին առնչվել եմ, ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ որևէ արտոնյալ պայմաններ որևէ կազմակերպությանը չի տրամադրվել։ Յուրաքանչյուր կազմակերպություն ունեցել է իր պոմպը, և պոմպից ստացել է ջուր։ Ձկնաբուծական տնտեսություններն աշխատել են միմիայն Արարատի և Արմավիրի մարզում, էդ ստորգետնյա ջրերով։ Իրենք ունեն իրենց պոմպերը, դրանցով մատակարարում են ջրերը, ուղղակի նախկինում դա իրականացվել է բաց համակարգով։ Հիմա մի քանի պիլոտներ են իրականացվում ավելի մատչելի համակարգերի ներդրման համար։ հետագայում մենք պետական օժանդակությամբ սուբսիդավորման որևէ ծրագիր կուղղենք, որպեսզի էդ մասնավոր ձեռնարկությունները, գյուղացիական տնտեսությունները, որոնք զբաղվում ենք ձկնաբուծությամբ, կարողանան ավելի մատչելի ձևով այդ համակարգերը ներդնել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ