Բուռչիկի, լոլիկի ու դատախազ Հովսեփ Սարգսյանի մասին

Բուռչիկի, լոլիկի ու դատախազ Հովսեփ Սարգսյանի մասին

Հայաստանում բերդ է ընկնում հիմնականում անապահով խավը, նրանք, ովքեր քննիչներին ու դատավորներին կաշառելու գումար կամ «վերին խավերում» ծանոթ ու տեր չունեն, նրանք, ովքեր չեն կարողանում լավ փաստաբան վարձել եւ մնում են գերծանրաբեռնված հանրային պաշտպանների հույսին։ Կալանավայրերի բնակիչների մեծ մասը նյարդային հիվանդություններ ունի, հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ է տառապում։ Երբեմն ազատվելուց հետո էլ դատախազությունը, հանցավորության բացահայտման բարձր տոկոս ցույց տալու նպատակով, հանգիստ չի թողնում այս խեղճերին, մանիակալ սեւեռվածությամբ հետապնդում է, մինչեւ որ կրկին մեկուսացնում է հասարակությունից։ 



2012 թվականի նոյեմբերին Մալաթիայի շուկայի մշտաբնակներից Արման Երիցյանին տարել էին ոստիկանություն, ապա գողության ու ծեծկռտուք սարքելու կասկածանքով կալանավորել։ Դատարանում մեղադրականով գողությունն ու ծեծկռտուքը վերածվել էին «ավազակության»՝ «զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ»։ Արման Երիցյանը Լեդի Հակոբի եղբորը՝ Սիմոնին պատկանող Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մշտական կոնտինգենտն է, ովքեր այստեղ մի երկու կոպեկ են «կպցնում», երեկոյան տալիս են «արաղի» ու «պերաժկու» եւ մի քանի երջանիկ ժամ են վայելում վերջինիս գրկում, առավոտյան էլ «բազար» են անում, թե ով ում ինչքան մնաց պարտք, կամ չեն անում։ Այս անգամ մի քանի ժամվա երջանկությունը վերածվել է մղձավանջի։ Երիցյանի բաժակի ընկեր Սամվել Մեջլումյանը՝ շուկայում հայտնի Բուռչիկը, Արմանի հետ մի լավ հարբելուց հետո կռվել է նրա հետ։ Թեման տրիվիալ էր՝ Բուռչիկը մի գյուղացուց լոլիկ է «կպցրած» եղել՝ 900 դրամով, վաճառել է 1000-ով, իսկ Արմանը նրան 2 հազարով գազի բալոն է վաճառել, հետո եկել-տարել է բալոնը, հետ չի բերել ու դեռ Բուռչիկի հաշվին էլ խմել է։ Բուռչիկը կռվելուց հետո գնացել է ոստիկանություն եւ պատմել, որ Արմանն ընկերոջ հետ շուկայի մեջ ծեծել է իրեն, տարել մութ տեղ, դանակ քաշել կոկորդին, 80 հազար է պահանջել, պիջակը կտրատել է, հետո թողել-գնացել։ Պիջակը, իհարկե, իրեղեն ապացույցների մեջ են «տեղավորել»։ Արմանի հայրը՝ 60-ն անց Լեւոն Երիցյանը, ընկել է ոստիկանների ու դատարանների դռները, թերթերի խմբագրություններ, փորձել հասկացնել, որ իր տղան «հիվանդ երեխա» է, չի կարող «ռազբոյ» անել, որ Արմանն ու Բուռչիկն ընկերներ են, միասին խմել են այդ օրը՝ նոյեմբերի 28-ին, հետո էլ ինքը եկել, որդուն տարել է տուն, Բուռչիկին էլ 100 մարդ հարբած-ջնջված տեսել է շուկայում ու էդ մասին ցուցմունք է տվել։ Սա այն հազվագյուտ գործերից է, երբ դատավորն արդարացման դատավճիռ է կայացնում։ Մալաթիա-Սեբաստիայի դատարանի դատավոր Արտակ Զախարյանը, որը, ինչպես հայտնի է, նախկին քաղաքապետ եւ նախարար Երվանդ Զախարյանի որդին է, գտել է, որ ավազակության հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ սպառնալիքն իրական լինի, այսինքն՝ «տուժողը պետք է գիտակցի, որ եթե չկատարի հանցավորի պահանջը, սպառնալիքն անմիջապես կիրագործվի, եւ իր կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կգործադրվի», ինչն այս դեպքում չի եղել։ Ուստի նա Արման Երիցյանին առաջադրված մեղադրանքը հաստատված չի համարել, կայացրել է արդարացման դատավճիռ եւ ազատ արձակել Արմանին դատարանի դահլիճից։ Բայց մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանին սա չի բավարարել։ Նա թուրն առել՝ Արմանի հետեւից է ընկել, վերաքննիչ բողոք ներկայացնելով։ Վերաքննիչ դատարանը, խորանալով բաժակակիցների վեճերի, պոմիդորի ու գազի բալոնի պատմության մեջ, որոշել է գործը նոր քննության ուղարկել։ Մալաթիա-Սեբաստիայի մյուս դատավորը՝ Ռոբերտ Պապոյանը, որոշել է, որ Արման Երիցյանը մեղավոր է, ու նրան դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ Քանի որ Երիցյանը որպես կալանավոր բերդում անցկացրել է 2 տարի 4 ամիս, դատավորը, հանելով այս ժամկետը, 3 տարի 7 ամսվա ազատազրկում է սահմանել նրա համար։ Հիմա գործը կրկին վերաքննիչում է։ Այս անգամ բողոքում են Երիցյանները։



«Իմ տղան անձի խանգարում ունի, Աղի հանքում գրանցված է, փոքր ժամանակ ընկել է, գլխի վնասվածք է ստացել, հաշմանդամ է, 2001 թվից հաշվառման մեջ է եղել, հին անկետան քննիչը կորցրեց, նորը հանեցինք, 16 հազար թոշակ է ստանում, Կորյուն Նահապետյանը, որ դեպուտատ էր ուզում դառնալ, այգի էր սարքում, իր համար շինարարություն է արել, հիմա ոչ ոք «պադդերժկա» չի անում խեղճ երեխիս»,- աղերսում է տարեց հայրը։ Նա կրկին դատարանների, ոստիկանների ու խմբագրությունների դռներն է ընկել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ