Լենինգրադյան փողոցի անվանափոխությունը կարող է դիտվել հակառուսական քայլ. Տիգրան Արեգունի

Լենինգրադյան փողոցի անվանափոխությունը կարող է դիտվել հակառուսական քայլ. Տիգրան Արեգունի

Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անվամբ կոչելու գործընթացը, որը ձեռնարկել էին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը, տևական ժամանակ քաղաքապետարանը «քնած» էր պահում։ Նախաձեռնող խմբի անդամները, հիշեցնենք, թվով 8932 ստորագրություն էին հավաքել և ներկայացրել քաղաքապետարանին, անվանափոխման ծրագիրը պետք է քննարկեին Երևանի ավագանու ընտրություններից հետո: «Ելք» դաշինքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը վերջերս դիմել էր Երևանի քաղաքապետարան, տեղեկանալու, թե ինչու է ձգձվում անվանակոչման հարցի քննարկումը։



Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը իրավական ակտերի հետ կապված ինչ-որ խնդիր է առաջ քաշել՝ պատասխանելով Արայիկ Հարությունյանի հարցմանը: Hraparak.am-ն այս թեմայով զրուցել է «Փողոցների և այլ օբյեկտների վերանվանում և անվանում» խմբի անդամ Տիգրան Արեգունու հետ։



-Պարոն Արեգունի, Ձեր դիմումի մեջ քաղաքապետարանին կոնկրետ ո՞ր «չափանիշները» չեն գոհացրել, որ մերժվել է։



-Ըստ իրենց՝ ստորագրահավաքի համար մեր կողմից պատրաստված ստորագրաթերթիկները չեն համապատասխանում իրենց հաստատված ստանդարտներին և որոշակի տեղեկություններ չեն պարունակում ստորագրող անձանց մասին: Սակայն ես չէի ասի, որ մերժվել է, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի և ըստ քաղաքապետարանի աշխատակցի, ում մոտ մեզ կանչել էին պարզաբանման, անկախ այդ հանգամանքից քաղաքապետարանը պարտավոր է մեր հղած առաջարկը դնել ավագանու նիստի քննարկման: Իրենք ավելի շուտ ոչ թե մերժել են, այլ արդարացել են ուշացման համար:



-Ճի՞շտ ենք հասկացել, որ սեպտեմբերին Լեոնիդ Ազգալդյանի փողոցի անվանակոչման առաջարկը քննարկման չդնելու դեպքում դիմելու եք դատարան։



-Դատարան, թե այլ օրենսդրական մարմին, դա ընթացքը ցույց կտա: Կախված նրանից, թե օրենսդրական դաշտը մեզ ինչ թույլ կտա:



-Քաղաքապետարանի նման գործելաոճն ինչպե՞ս եք մեկնաբանում։



-Խուսափողական մոտեցում են դրսևորում: Ենթադրում ենք, որ քաղաքապետարանում կարծում են, որ Լենինգրադյան փողոցի անվանափոխությունը կարող է դիտվել հակառուսական քայլ և կոպիտ ասած շառից փորձանքից հեռու մնալու համար փորձում են ամեն կերպ քննարկումը հետաձգել: Դե իսկ այս իրողությունից հետևող որակումն էլ արդեն թողնում ենք բանական եզրահանգումներ անող մարդկանց:



Սիրան Հունանյան