Երբ փողը փող չէ

Երբ փողը փող չէ

Հայաստանում ամեն ինչ էլ կա: Ափսոս միայն, որ փողը փող չէ։ Հիմա էլ նկարներն են փոխում, բայց դարձյալ հույս չկա, թե նոր սերնդի փողն արժեք կունենա: Հավատացնում են, թե 3-րդ սերնդի դրամը գնողունակությամբ չի զիջելու 2-րդին: Մյուս կողմից էլ խոսակցություններ են պտտվում, որ ԿԲ-ն, իբր, պատրաստվում է դեֆոլտի եւ փորձում է այսպես խառնել խաղաթղթերը: Մենք հոռետեսների այդ բանակից չենք, բայցեւ չենք կարող ողջունել ԿԲ-ի այս նոու հաուն, որովհետեւ ազգից 1000-ական դրամ հավաքող բանակ ունեցող պետության համար սա, ըստ էության, նշանակում է բաց հետույքին կատու շալակել: Գուցե Ջավադյանի փողերը «գյո՞լ» են տվել: Պատճառաբանում են, թե թղթադրամները մաշվել են: Եղբայր, մաշվե՞լ են, նորը տպիր, էլ ինչո՞ւ նորից մրցույթ հայտարարել, լրացուցիչ տպագրական ծախսեր անել ու դեռ հանրությանն էլ ամիսներ շարունակ համոզել, որ անցումը նոր դրամանիշներին լինելու է սահուն, աստիճանաբար, աննկատ:



Ազգային դրամը տնտեսական չափորոշիչ լինելուց զատ նաեւ ազգային խորհրդանիշ է, գեղագիտություն, ճաշակ: Բանաստեղծների, գրողների, երգահանների, արվեստագետների նկարները դրամի վրա փոխելով՝ կարելի է, թերեւս, մի քանի տարին մեկ փողի նոր սերունդ դնել շրջանառության մեջ: Բայց դա արդեն մի տեսակ խաղի կնմանվի: Հիմա էլ տպավորություն է ստեղծվում, որ ձանձրացել ենք Չարենցից, Թումանյանից, Իսահակյանից, Մարտիրոս Սարյանից, եւ թարմանալու համար Սեւակ, Տիգրան Պետրոսյան, Վիլյամ Սարոյան, Հովհաննես Այվազովսկի են պատկերում դրամի վրա` ի նշանավորումն «դրամի գյուտի» 25-ամյակի: Տեսնես որեւէ այլ երկրում ազգային արժույթի հոբելյան նշո՞ւմ են:



Ի՞նչ է տալիս վրայի նկարը դրամին: Դիցուք` Վիլյամ Սարոյանից մեկ տող չկարդացած օլիգարխին ի՞նչ է ներշնչելու մեծ գրողի նկարով թղթադրամը: Այվազովսկու գործերից ո՞րն է դիտել մեր հայրենակիցների մի հսկա հատվածը, որը, վստահ ենք, պետք է նայի մեծ ծովանկարչի բակենբարդներին ու ասի` է՞ս ով ա, արա: Հեռուստացույցով մի հաղորդում կար` «Ո՞վ է, ի՞նչ է»: Ղազարոս Աղայանին ոչ ոք չճանաչեց, փոխարենը բոլոր հարցվածները ճիշտ գուշակեցին Լիոնել Մեսսիին: Եթե ինձ նախապես չասեին կամ թղթադրամի վրա չգրեին, որ 50 հազարանոցի վրա Գրիգոր Լուսավորիչն է, գուցե ես էլ չճանաչեի: Նրան ո՞վ է տեսել: Շատ-շատ Խոր վիրապի ֆոնին մի կանթեղ էլ նկարեն, որ հասկանալի դառնա այդ կերպարի ով լինելը:



Ես մեր մեծերի հետ խնդիր չունեմ, բայց երբ հարցն այնպես են դնում, որ հենց նրանց է պետք պատկերել դրամի վրա, իմ մեջ բնական հարց է առաջանում` իսկ ո՞ւր է Գոհար Գասպարյանը: Կարելի էր, չէ՞, մեկ հատիկ աշխարհահռչակ կնոջ պատկերով դրամ էլ ունենալ: Ընթերցողը մի տեղ անհանգստություն էր հայտնել` իսկ մենք, ինչ է, հռչակավոր բժիշկ չունե՞նք: Հավելեմ` մենք քաղաքական, ռազմական գործիչ չունե՞նք, որ այսպես կպել-մնացել ենք արվեստագետներին:



Շատերն այս թեմային անդրադառնալիս խոսում են օտար երկրների փորձի ու դրամանիշների մասին, համեմատում մեր եւ օտար ժողովուրդների վերաբերմունքն իրենց ազգային արժույթին: Առաջարկում եմ համեմատվել ոչ թե օտարների հետ, այլ ինքներս մեզ հետ, մեր պատմության ընթացքում դրամահատության եղած ավանդույթներին: Եթե, օրինակ, Անահիտ աստվածուհու եւ Տիգրան Մեծի պատկերներով հնագույն դրամներն այսօր մի տեսակ արխայիկ կլինեին, ապա ինչո՞ւ չուսումնասիրել Առաջին հանրապետության տարիների թղթադրամները` 250, 100 եւ 50 ռուբլի արժողությամբ: Հայ մեծեր այն ժամանակ էլ ենք ունեցել, բայց նախընտրել են, օրինակ, 250 ռուբլիանոց թղթադրամի վրա պատկերել հայ կնոջը` ճախարակով աշխատելիս: 100 ռուբլիանոցի կենտրոնում Արծիվն է ու սուրը` պատկեր, որ խորհրդանշել է ՀՀ զինանշանը: 50 ռուբլիանոցն ուղղակի արվեստի գործ է` աջ ու ահյակ լուսանցքներում առասպելական վիշապների պատկերներով: Եվ պատկերացրեք` այդ ժամանակ ոչ մեկի մտքով չի անցել Սայաթ-Նովային ու Մեսրոպ Մաշտոցին հակադրել կամ փոխարինել միմյանցով:



Պետությունը դրամ տպելիս պետք է առաջնորդվի որոշակի փիլիսոփայությամբ` ի՞նչ է դնում հիմքում` իր հազարամյակների պատմությո՞ւնը, հզորությու՞նը, խաղաղասիրությո՞ւնը, ժողովրդավարությո՞ւնը, համամարդկային արժեքներին հավատարմությո՞ւնը, աշխատա՞նքը: Մեզ մոտ չկա որեւէ մոտեցում: Ահավասիկ, ԿԲ նախագահը նիստի ժամանակ հայտարարել է, որ պետք է դրամի վրայի նկարները փոխել, եւ արդեն մրցույթ են հայտարարել: Այդ «վեհ գործում» դեռ փող աշխատողներ էլ կլինեն, կարող եք չկասկածել: Բայց սպասեք, եկեք նախ հասկանանք, թե ինչ է պատմելու մեր մասին մեր դրամը: Մանավանդ հետաքրքիր է լինելու անցումային փուլը: Հայաստան այցելող զբոսաշրջիկը մի որոշ ժամանակ գրպանում կունենա 2 տեսակ հազարանոց․ մեկը` Չարենցի, մյուսը` Սեւակի նկարով: Հետաքրքիր զգացողությունների պակաս չի լինի նաեւ մեր` տեղացիներիս շրջանում, հավատացնում եմ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ