Հերիք չէ աղբը նորմալ չեն հավաքում, մի բան էլ մարդ են ծեծում

Հերիք չէ աղբը նորմալ չեն հավաքում, մի բան էլ մարդ են ծեծում

Երեկ տեղեկություն ստացանք, որ «Սանիթեքի» մի խումբ աշխատակիցներ քաղաքացիների են ծեծել՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ծեծից հետո հայրը սրտի կաթվածից մահացել է, որդին վնասվածք է ստացել։ Փաստորեն, «Սանիթեքի» աշխատակիցներն իրենց հիմնական ֆունկցիան՝ պատշաճ աղբահանությունը թողած՝ սկսել են մարդ ծեծել։



Վեճը ծագել է Չարբախում «Սանիթեքի» աղբատար մեքենաների լվացման պատճառով։ Բանն այն է, որ «Սանիթեքն» իր աղբատար մեքենաները լվանում է բնակելի թաղամասի մերձակայքում, լվացման հետեւանքով աղբի ուժեղ հոտ է տարածվում, ինչն էլ, բնականաբար, դուր չի գալիս տեղի բնակիչներին, եւ նրանք պարբերաբար վեճի մեջ են մտնում աղբատարների աշխատողների հետ։ Օրեր առաջ հերթական վեճն է ծագել մի տղամարդու եւ «Սանիթեքի» աշխատակիցների միջեւ։ Հավանաբար, այս անգամ վեճն անցել է թույլատրելի սահմանները, եւ «Սանիթեքի» աշխատակիցները վերցրել են այդ մարդու հեռախոսահամարը։ Հետո զանգահարել են, կանչել «հաշիվ մաքրելու»։ Տղամարդը «ռազբորկային» ներկայացել է որդու հետ։ Ի դեպ, մենք պարզեցինք, որ 59-ամյա այդ տղամարդը ԱԱԾ նախկին աշխատակից էր, այժմ էլ այնտեղ են աշխատում եղբայրն ու որդին։ «Սանիթեքի» աշխատակիցները դաժանորեն ծեծել են հորն ու որդուն՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը ֆիքսել է մարմնական վնասվածքների փաստը, սակայն սրտի կաթվածը փորձագետները չեն կապել ծեծի հետ։



Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունները՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում․ «Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թ․ ծնված տղամարդուն եւ նրա որդուն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։



Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է բավարար արտահայտված գեներալիզացված (համատարածուն) աթերոսկլերոզի հետեւանքով: Որդուն պատճառված վնասվածքները գնահատվել են թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, 59-ամյա քաղաքացին եւ նրա որդին ճանաչվել են տուժող։ Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են ականատես անձինք։ Քննությամբ հստակեցվում է վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները»։



Քննչական կոմիտեից հաստատեցին, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների մասնակցությամբ՝ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որը հենց «Սանիթեքի» աշխատակիցներից է։ Բայց նրան չեն ձերբակալել, այլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ ։



Մենք երեկ ողջ օրը փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ «Սանիթեքից»։ Բայց պարզվեց՝ իրենց հավաքած աղբից կամ տեղադրած աղբամաններից ավելի հեշտ է մեկնաբանություն ստանալ, քան «Սանիթեքի» ադմինիստրացիայից։ Ո՛չ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ունեն, ո՛չ նորմալ հեռախոսահամար։ Տեղեկատուում նշված միակ հեռախոսահամարին (8090 կարճ համարն է) պատասխանում են օպերատորները, որոնք ասում են, որ որեւէ իրավասություն չունեն նման հարցերին պատասխանելու։ Տալիս են ադմինիստրացիայի համարը, որը մնում է անպատասխան։ Օպերատորները մեզ բազմիցս խոստացան «անհապաղ փոխանցել» մեր հեռախոսահամարն ադմինիստրացիային, որ մեզ զանգեն, բայց՝ ձայն բարբառո հանապատի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ