Վախի մթնոլորտի մասին

Վախի մթնոլորտի մասին

Չորրորդ, թե հինգերորդ անգամ եմ նույն նամակն ստանում՝ «Արարատի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ» ստորագրված։ Ընդհանրապես՝ ամենից շատ անանուն նամակներն ստացվում են դպրոցների տնօրենների «անունից»։ Չի բացառվում, որ անստորագիր նամակների հեղինակները բոլորովին էլ տնօրեններ չեն, այլ, ասենք, Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանի, ում դեմ ուղղված է նամակը, անձնական թշնամիներից, որոնք անհոգնել գրում են այս նամակները՝ հույս փայփայելով, որ մի օր դրանք դեր կխաղան, եւ Քարամյանին կազատեն գործից կամ կպատժեն։ Բայց նաեւ չի բացառվում, որ ապօրինությունների դեմ պայքարի անզորությունից հոգնած մարդկանց վերջին հույսը մամուլն է, որն ինչ-որ կերպ կանդրադառնա, կգրի, ու իշխանությունը, ինչպես սովորաբար լինում է, ընթացք կտա մամուլի ահազանգին։ Սակայն այստեղ ինձ առավելապես մտահոգում է նամակագիրների, պայքարողների վախը, անհամարձակությունը, բացահայտ պայքարելու անընդունակությունը։ Եթե 21-րդ դարում մարդը վախենում է իր կարծիքը հայտնելուց, իր իրավունքների համար պայքարելուց, դա միայն մեզանում տիրող վախի մթնոլորտի մասին է վկայում։ Իսկ մարդիկ իրենց աչքի առաջ եթե ոչ տասնյակ, գոնե մի քանի օրինակ ունեն, թե ինչպես է պայքարող, համարձակ, ճշմարտությունն ասող, իշխանությունների հրահանգներին չենթարկվող, ստեղծված իրավիճակը քննադատող անձը պատժվել՝ կորցրել աշխատանքը, հալածվել, դուրս մղվել բոլոր ասպարեզներից, կորցրել եկամտի աղբյուրները։ Եթե ոչ ինքը, ապա գոնե հարազատները։ Ասենք՝ ո՞ր դատավորը կհանդգնի վերեւից ասված հրահանգը չկատարել՝ իր աչքի առաջ ունենալով Պարգեւ Օհանյանի օրինակը։ Կամ՝ ո՞ր պաշտոնյան կհամարձակվի դուրս գալ պետական մեքենայի դեմ՝ հիշելով Վարդան Օսկանյանի կենսագրությունը։