Հայաստանի շահը ԵԱՏՄ-ում չի գտնվում

Հայաստանի շահը ԵԱՏՄ-ում չի գտնվում

Ամառային արձակուրդի օրերին ԱԺ «Ելք» խմբակցությունը, պարզվում է, պարապ չի մնացել։ Թեպետ «Ելքի» պատգամավորներից ոմանք Ֆեյսբուքում կիսվում են իրենց արձակուրդային լուսանկարներով, սակայն դաշինքն այս ամառ ամենաշատ քննարկված ու քննադատված քաղաքական ուժն է, որն իր առաջարկ-նախաձեռնություններով ուղղակի թույլ չտվեց, որ ֆեյսբուքյան քաղաքականացված ակտիվը լիաթոք վայելի ամառային հանգիստը։ Հատկապես շատ քննարկվեցին փողոցների անվանափոխության եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկությունները։ Բայց միայն սրանք չեն, որ «Ելքը» նախապատրաստում է աշնանային նստաշրջանի համար։



«Խմբակցության առաջիկա նիստը տեղի կունենա օգոստոսի վերջին օրերին, բնականաբար՝ կհստակեցվեն առաջիկա օրակարգը, նախագծերը եւ մի շարք այլ դրույթներ, որոնց մասին պատրաստվում ենք խոսել աշնանային նստաշրջանին։ Դուք արդեն գիտեք, որ պատրաստվում ենք ներկայացնել նախագծեր դեղերի ավելացված արժեքի հարկի մասով, կալանավորված անձանց հետ կապված օրենքի փոփոխության մասով, նաեւ կան մի շարք այլ նախաձեռնություններ, որոնց վրա այս պահին աշխատում ենք, եւ դեռեւս չեն ստացել նախագծի տեսք»,- մեզ հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։ Ինչ վերաբերում է փողոցների անվանափոխության եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկներին, ապա Թանդիլյանն ասաց, որ առաջինը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը կներկայացնի ավագանու նիստում, եւ եթե ընթացակարգային առումով անհրաժեշտություն լինի, կարող է եւ օրենսդրական նախաձեռնության կարիք առաջանալ։ Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով քննարկումները տեղի կունենան խմբակցության առաջիկա նիստի ժամանակ՝ հստակեցնելու տեսակետներն ու նախագծով հանդես գալու հարցը։



- ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ Ձեր անձնական եւ խմբակցության մյուս անդամների դիրքորոշումն ինչպիսի՞ն է, կա՞ն հակասություններ այս հարցում։



- Երբ որ մենք խոսում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների անձնական դիրքորոշման մասին, պետք է Ձեզ հստակ ասեմ, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԼՀԿ-ն իր օրակարգում այլ տեսակետ ուներ այս հարցում։ Սակայն Դուք նաեւ գիտեք, որ մենք հուշագիր ենք ստորագրել մեր գործընկեր կուսակցությունների հետ միասին, որտեղ որոշակի ձեւակերպումներ ենք տվել ԵԱՏՄ-ի հետ կապված մեր երեք կուսակցությունների դիրքավորմանը՝ գալով ընդհանուր համաձայնության ընդհանրությունների շուրջ։ Եվ շարունակում ենք համարել քաղաքական սխալ ԵԱՏՄ մտնելը եւ հասկանում ենք, որ Հայաստանի շահերը գտնվում են եվրոպական ասոցացման մեջ։ Այսինքն՝ այս հարցերում մենք որեւէ տարակարծություն չունենք։ Ինչ վերաբերում է օրակարգային դաշտում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին, այստեղ է, որ քննարկման եզրեր կան, կա տեսակետ, որ ժամանակի հարց է, կա տեսակետ, որ որոշակի աշխարհաքաղաքական դիրքավորումներ են փոխվել, եւ պետք է այս ամենը հաշվի առնել։



- Ինքներդ ի՞նչ եք կարծում՝ արդյունավե՞տ է այսօր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը մտցնել քաղաքական օրակարգ։



- Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանի շահը ԵԱՏՄ-ում չի գտնվում, եւ ինչքան շուտ մենք դրան քաղաքական օրակարգ տանք, այնքան կշահի մեր պետությունը։



- Քաղաքական օրակարգը տվեցիք, մեծամասնությունը դեմ քվեարկեց, եւ տապալվեց Ձեր առաջարկը։ Ո՞րն է դրա օգուտը։



- Նախեւառաջ, նախքան կհասնենք էդտեղ, ես ուզում եմ հենց այս պահին արձանագրել տիրող իրավիճակը։ Դուք գիտեք, որ սա նախապատմություն ունի, եւ օդից չէ, որ խոսում ենք այդ մասին, դիմել ենք Տիգրան Սարգսյանին եւ հստակ նշել ենք, թե որտեղ են ոտնահարվում Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների շահերը։ Եվ անգամ այդ մասին խոսակցությունն ինքն իրենով արդեն լրջագույն աղմուկ է հարուցել, եւ Ռուսաստանում որոշակի հարցեր են լուծվել, մեր քաղաքացիների շահեր են պաշտպանվել այնտեղ եւ գոնե բարձրաձայնվել։ Ուզում եմ ասել, որ անգամ դրա մասին խոսելը բավականին լուրջ արձագանք է տալիս, եւ Հայաստանն այս օրակարգից կարող է շահել ու օգուտներ քաղել։ Ես ամենաքիչն այդ հույսն ունեմ, իսկ ամենաշատը հույս ունեմ, որ մենք կկարողանանք հանրության համաձայնությունը ձեռք բերել, որը կդարձնի այս օրակարգն առավել առարկայական եւ պաշտպանված հանրության կողմից։



- Ի՞նչ եք կարծում, մեզ ԵՄ-ում գրկաբաց սպասո՞ւմ են, եթե մի հրաշքով ԵԱՏՄ-ից դուրս գանք։



- Գրկաբաց որեւէ մեկին չեն սպասում։ Մեզ սպասում են կայացած պետություն դառնալու եւ ապա կարողանալու սեփական ողնաշարով միանալու որեւէ միության, այդ թվում՝ Եվրամիության։ Բնական է, որ ԵՄ-ն ունի իր շահերն այս հարցում, իսկ Հայաստանն էլ ունի շահեր՝ աջակցություն ստանալու ԵՄ-ից։



- Դուք հաշվարկե՞լ եք ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը։ Ենթադրենք՝ ՌԴ-ն սանկցիաներ կիրառի Հայաստանի նկատմամբ՝ հրաժարվի զենք մատակարարելուց, համագործակցությունից, հանի զորքն ու բազաները Հայաստանից, սկսի ճնշել ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին, տնտեսական խնդիրներ հարուցի, ինչպե՞ս եք դիմակայելու սրան։



- Այդ առումով տարբեր մարտահրավերներ կան ե՛ւ դուրս գալու, ե՛ւ մնալու տեսանկյունից։ Այսինքն՝ ի՞նչ եք Դուք ասում այս պարագայում, ասում եք, որ մենք ստիպված պետք է անենք ինչ-որ բան։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է իր հարաբերությունները զարգացնի այնպես, որ մենք կարողանանք այդ մարտահրավերներին դիմակայել։ Սա նշանակում է այլընտրանքային անվտանգության ճանապարհներ գտնել, մենք գիտենք, որ ունենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ, որոնք հնարավոր է խորացնել։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ այն, ինչ մենք ունենք այսօր, բավարար չէ, եւ այդ Ձեր ասած մարտահրավերներն անգամ այս պարագայում առկա են։ Բայց անհնար է, որ Հայաստանը մնա միայնակ, եթե որոշի դադարեցնել իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս առումով մենք չենք խոսում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Այսինքն՝ մենք պետք է կարողանանք ցույց տալ ոչ թե հակադրությունները մեր եւ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի միջեւ, այլ ընդհանրությունները։



- Իսկ գուցե ՆԱՏՕ եւ ԵՄ գնալու այլընտրանքային ուղիներն ապահովագրենք, հետո՞ փորձենք ԵԱՏՄ-ից դուրս գալու քայլեր ձեռնարկել։



- Մենք, կարծում եմ, բավական հիմքեր արդեն ունենք համարելու դրանք ապահովագրված՝ այն առումով, որ հենց այսօր էլ շարունակվում են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, նաեւ ունենք ԵՄ-ի հետ որոշակի պլատֆորմ, որը վերահաստատվելու է նաեւ նոյեմբերի 25-ին։ Այսինքն՝ Եվրամիությունը, ըստ էության, չհրաժարվեց եւ մեզ միայնակ չթողեց այն մարտահրավերների առջեւ, որտեղ մենք հայտնվեցինք՝ անկախ նրանից, որ մենք այլ արտաքին քաղաքական ուղի որդեգրեցինք։ Այնպես որ, ես կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն, որը չենք օգտագործել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ