Շիրակի մարզի դատարանում էլ են զննել փաստաբանին

Շիրակի մարզի դատարանում էլ են զննել փաստաբանին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զննության է ենթարկվել փաստաբան Թամարա Յայլոյանը։ Նա մասնակցում էր կալանքի ժամկետի երկարաձգման գործով մի դատական նիստի։ «Մուտքի դռան մոտ էին դրված մետաղորսիչ սարքերը։ Ստուգում էին անձը հաստատող փաստաթուղթը, հետո մետաղորսիչ սարքով զննում էին բոլորին՝ քաղաքացիներին, փաստաբաններին, դատախազներին, քննիչներին։ Սարքով վերից վար ստուգեցին եւ ասացին՝ անցեք»,- ասաց Թամարա Յայլոյանը։ Հարցին, թե առաջին անգա՞մ են զննում իրեն մետաղորսիչ սարքով, փաստաբանն արձագանքեց․ «Առաջին անգամ է, որ հենց դատարանի մուտքի մոտ են զննում։ Եղել են աղմկահարույց գործերով դատական նիստեր, որ զննել են հենց դահլիճի մուտքի մոտ»։



Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանն էլ, արձագանքելով փաստաբանին զննելու մասին մեր հարցին, ասաց․ «Դատարան մտնող յուրաքանչյուր անձ ենթարկվում է զննության, անկախ այն բանից՝ կլինի դատախազ, փաստաբան, կողմ, ԶԼՄ ներկայացուցիչ։ Բոլոր գործերով էլ նրանք ենթարկվում են զննության, օրենքն է այդպես պահանջում։ Կարգադրիչները կատարում են իրենց գործառույթները»։



Արման Խաչատրյանը հիշեցրեց օրեր առաջ՝ օգոստոսի 25-ին ՀՀ դատական դեպարտամենտի տարածած վեց կետանոց հայտարարությունը, որի առաջին երկու կետերում արձանագրված է․ «1. Մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը, վարչական կամ քաղաքացիական գործերով դատարանների շենք մուտք գործելիս փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու, բացառությամբ այն դեպքի, երբ անհրաժեշտ է ապահովել դատավարության մասնակիցների և ներկա այլ քաղաքացիների անվտանգությունը, կամ հիմնավոր կասկած կա, որ փաստաբանի մոտ արգելված իր կա.2 Զննություն կատարելու դեպքում խտրականություն չի կարող դրվել փաստաբանի և դատախազի միջև»։