Տեր Մարտիրոսի շրջապատը վիրավորված է, որ նրան կրոնական ծիսակատարությամբ չեն հուղարկավորել

Տեր Մարտիրոսի շրջապատը վիրավորված է, որ նրան կրոնական ծիսակատարությամբ չեն հուղարկավորել

Տեր Մարտիրոս Բերբերյանը թեպետ տարիներ առաջ զրկվել էր քահանայի աստիճանից, սակայն այն հազվադեպ մարդկանցից էր, որ կոչումով քահանա էր և հավատարիմ իր կոչմանը։ Ժամանակ առ ժամանակ Տեր Մարտիրոսի հետ հարցազրույցներ անելիս, նա ընդգծում էր, որ ինչպես խոստացել է տեր հայր է մնալու մինչև վերջ։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Տեր Մարտիրոսը կնքել է իր մահկանացուն Լիբանանում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ վերջինիս մոտ չարորակ քաղցկեղ է հայտնաբերվել, որը զարգացել է մեկ ամսվա ընթացքում։ Այսօր Բեյրութի Սուրբ Վարդան եկեղեցում տեղի է ունեցել նրա վերջին հրաժեշտը։ Տեր Մարտիրոսի շրջապատը վիրավորված է, որ նրան կրոնական ծիսակատարությամբ չեն հուղարկավորել, մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ամենայն հավանականությամբ Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն չի ցանկացել Գարեգին Բ-ի հետ վեճի բռկնվել։



Ի դեպ, բացի ցավակցություններից, այս օրերին սոցիալական ցանցերում ամոթանքի խոսքեր էին հնչում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հասցեին, ով, շատերի համոզմամբ, մեծ լումա ունի Տեր Մարտիրոսի կարգալույծ հռչակվելու գործում։ Հիշեցնենք, որ Տեր Մարտիրոսը կարգալույծ էր հռչակվել դեռ 2014 թվականին, թեպետ շարունակում էր իր հավատացյալների հետ կապը։ Տեր Մարտիրոսին եկեղեցուց հեռացրել էին, քանի որ նա չէր համաձայնել թողնել խաղալիքների փոքրիկ բիզնեսը, որով պահում էր ընտանիքին։ Տեր Մարտիրոսն արդարացիորեն հարց էր բարձրացնում, եթե իրեն այդ փոքրիկ ապրուստի միջոցից զրկում են, ապա ինչպե՞ս պետք է վարվեն այն բարձրաստիճան հոգևորականների հետ, որոնք մեծ բիզնեսներ ունեն և տարիներ շարունակ սկանդալների կիզակետում են։ Տեր Մարտիրոսը հավատացած էր, որ կհասնի արդարության պայքարի միջոցով։ Նրան աջակցում էր Մոսկվայի հայ համայնքը։