iPhone 4 դեռ մի գնեք, խնդիրներ կան...

iPhone 4 դեռ մի գնեք, խնդիրներ կան...
iPhone 4Apple-ի ամենաամբիցիոզ նորույթը` չորրորդ սերնդի iPhone-ը, կապի հետ խնդիրներ ունի, ինչն ի հայտ է եկել նոր մոդելի ստուգման ժամանակ եւ բացակայել է այլ սմարտֆոնների մոտ, այդ թվում` iPhone 3GS-ի և Palm-ի մոտ: Այս մասին իր զեկույցում նշել է Consumer Report ոչ առևտրային ազդեցիկ կազմակերպությունը, որը զբաղվում է վաճառքի հանված ապրանքների ուսումնասիրությամբ` սպառողի շահերի պաշտպանության նկատառումներով:



Consumer Report-ը եկել է եզրակացության, որ iPhone 4-ի մոտ կապի հետ եղած խնդիրները, որոնց մասին բողոքել են ԱՄՆ-ում բնակվող բազմաթիվ գնորդներ, կապ չունեն AT&T ընկերության մատուցած ծառայությունների հետ, որը Apple-ի հետ պայմանագրով ունի նորույթը տարածելու և կապով ապահովելու էքսկլյուզիվ իրավունք:



Ենթադրվում է, որ կապի խզումների շան գլուխը թաղված է սմարտֆոնի ալեհավաքում: "Երբ ձեր մատը կամ ափը հպվում է կորպուսի ներքևի ձախ հատվածին, ինչը շատ հաճախ է տեղի ունենում, մանավանդ ձախլիկների մոտ, այդժամ ազդանշանի ուժը էականորեն թուլանում է: Դա բավարար է, որպեսզի կապը "փախնի", մանավանդ թույլ ընկալմամբ գոտիներում",- ընդգծել է զեկույցի հեղինակներից Մայք Գիկասը:



Այսպիսով Consumer Report-ը հերքել է Apple-ի հայտարարությունն այն մասին, որ նոր iPhone-ի խնդիրները պայմանավորված են հիմնականում  "օպտիկական իլյուզիայի" հետ, որն էլ իր հերթին պայմանավորված է ծրագրային սպասարկման խափանումներով: