Դիվերսիայից օրեր անց

Դիվերսիայից օրեր անց
Շուրջ 23 օր է անցել Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգությունից, բայց հայ զինվորների կյանքի հաշվին իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած հրամանատարները բացահայտված չեն, էլ չեմ ասում պատասխանատվության մասին: Հիշեցնենք, որ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ադրբեջանական ուժերը դիվերսիա էին կազմակերպել: Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք էր ներխուժել զինված դիվերսիոն խմբավորում եւ թափանցել ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել էր չորս զոհ, չորս վիրավոր (ըստ պաշտոնական տեղեկատվության): Ադրբեջանական կողմից մեկն էր զոհվել: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներից իր տեսակով եւ հետեւանքներով տարբերվող այս դեպքը, որ  իր բնույթով ռազմական հանցագործություն է, տարատեսակ խոսակցությունների ու քննարկումների առիթ տվեց: Շրջանառվող լուրերի համաձայն, դիվերսիայի հետեւանքով  զոհերի եւ վիրավորների թիվը եղել է ոչ թե 8, այլ 10, պաշտոնապես հրապարակված 4 հայ զինվորից բացի, մեկն էլ մահացել է հաջորդ օրը: Ադրբեջանցի դիվերսանտը, հատելով շփման գիծը, հայկական դիրքերին է մոտեցել եւ կրակ բացել քնած զինվորների վրա: Զոհերից երկուսին էլ մորթել է: Հանցագործին վնասազերծել է զուգարանից դուրս եկած մի հայ զինվոր, որի ուղղությամբ արձակված հակառակորդի գնդակը հրաշքով է վրիպել: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից այս տեղեկությունների հավաստիությունն ստուգելու մեր փորձին ի պատասխան ասացին, որ բոլոր հարցերն ուղղենք ԼՂՀ ՊԲ-ին:



ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սենոր Հասրաթյանը ժխտեց այս տեղեկությունների հավաստիությունը, ասաց, որ  իրականությանը համապատասխանում է այն հաղորդագրությունը, որ տարածել է ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը: "Ես ուրիշ բան չեմ կարող ավելացնել: Եղել է 4 զոհ, 4 վիրավոր",- ասաց պարոն Հասրաթյանն ու տարօրինակ շեշտադրմամբ հարցրեց, թե "հիմա դու ո՞ւմ  կողմից ես", հետո էլ վրդովված "ռազվեդչիկության" մեջ մեղադրեց մեզ. "Դու կարող ա՞ ռազվեդչիկ ես, ինչքան վատ-վատ բաներ կա, մտածում ես հայոց բանակի մասին: Ոչ, ՊԲ զինվորները իրենց դիրքն արիաբար պաշտպանել են իրենց կյանքի գնով եւ հակառակորդին հետ են շպրտել: Ուրիշ բան չունեմ ձեզ ասելու": Շրջանառվող տարատեսակ լուրերն իսկապես վրդովեցնող ու մտահոգիչ են: Եթե չեն էլ համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, ցույց են տալիս, որ հասարակությունը եղելության բացահայտման պահանջ ունի, եղելության, որ չորս երիտասարդ կյանքեր խլեց, 5-րդի կյանքն էլ մազից է կախված: Միջադեպը նաեւ բացահայտեց, որ շփման գծում մարտական ծառայությունն իրականացվում է ոչ պատշաճ մակարդակով: Այլապես ինչպե՞ս կարող էր ադրբեջանցի դիվերսանտը հատել շփման գիծն ու մոտենալ մեր դիրքերին: Նշանակում է՝ եղել են կամ ինժեներատեխնիկական բացթողումներ (ապահովվա՞ծ է եղել արդյոք տվյալ հատվածը անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ասենք՝ գիշերը տեսանելիություն ապահովող սարքով, կամ խրամատները ինժեներական տեսանկյունից ճի՞շտ են  փորված եղել), կամ ծառայության կազմակերպման թերացումներ (մարտական ծառայություն իրականացնող դիրքապահները ժամանակի՞ն են իրականացրել հերթափոխը, քնա՞ծ են եղել արդյոք, այս ամենը  վերահսկվե՞լ է հրամանատարության կողմից): Այս հարցերի պատասխաններն առայժմ չկան, համենայնդեպս հանրությունն այդ մասին տեղյակ չէ: Տարօրինակ է նաեւ ադրբեջանցի զինվորի դիակի պատմությունը: Ադրբեջանական կողմը մեղադրանքներ է հնչեցնում, թե դիակը չեն հանձնել իրենց: ՀՀ ՊՆ-ն էլ  նշում է, որ պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հունիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ: Հետաքրքրվեցինք, թե նման դեպքերում ինչպե՞ս պետք է վարվել: Հո բարբարոս չե՞նք, որ մարդասպան թշնամու դիակը ոչ վերադարձնենք, ոչ հողին հանձնենք: ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սենոր Հասրաթյանն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի: "Էդ հարցի հետ կապված ոչ մի պատասխան չունեմ: ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ դիակի մասին խոսք չի եղել, այնտեղ ասվել է, որ երկու կողմից էլ կորուստներ են եղել: Դիակներ եղել են, վերցրել-տարել են իրենց հետ: Ադրբեջանական կողմն է ասում, որ մի հոգի մնացել է չեզոք գոտում",-նշեց պարոն Հասրաթյանը: Խնդրեցինք հստակեցնել, ասաց, որ չեզոք գոտի համարվում է ղարաբաղաադրբեջանական զորքերի միջնամասը, այսինքն դիրքերի միջեւ ընկած հատվածը:  Տարօրինակ է, ինչպե՞ս կարող է չեզոք գոտում գտնվել, եթե ադրբեջանցի զինյալը մոտեցել էր մեր մարտական հենակետերին: ՀՀ ՊՆ լրատվության եւ տեղեկատվական քաղաքականության բաժնի պետ Մուշեղ Աղեկյանն էլ, բացի նրանից, որ ՀՀ ՊՆ-ն առայսօր պաշտոնական դիմում չի ստացել, ուրիշ բան չասաց, նշեց միայն, որ դիակը հանձնելու կարգի մասին տեղյակ չէ, որովհետեւ դրանով այլ վարչություններ են զբաղվում: Այդպես էլ չկարողացանք պարզել՝ դիակը գտնվում է Հայաստանո՞ւմ, Ղարաբաղո՞ւմ, թե՞ չեզոք գոտում: Տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ դիվերսիոն գործողությունների ժամանակ գործ պետք է հարուցվի, նշանակվի դատաբժշկական  փորձաքննություն, գոնե իրավական կողմն ապահովելու տեսանկյունից, առավել եւս այն դեպքում, երբ կան զոհեր ու վիրավորներ: Հավելենք, որ Ժնեւյան կոնվենցիայով կոնկրետ ժամկետներ չկան, թե հակառակորդի դիակը որքան ժամանակ կարող է պահվել մյուս կողմի մոտ, բայց ՀՀ ՊՆ պրակտիկայում չի եղել դեպք, որ մեկ ամսից ավելի թշնամու դին պահվի: Սովորաբար 2-րդ, 3-րդ օրը հակառակորդի դիակը հանձնվել է ադրբեջանցիներին: Իսկ միջազգային պրակտիկայում ընդունված է հակառակորդի դիակը չհանձնել` այն դեպքում, եթե միջադեպը դիտարկվում է որպես տեռորիզմի դրսեւորում:



ՀԳ - Հունիսի 18-ի լույս 19-ին հակառակորդի գնդակից վիրավորված ժամկետային զինծառայող կապանցի 19-ամյա  երիտասարդը՝ Անդրանիկ Արզումանյանը, առայսօր գտնվում է խոր կոմայի մեջ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանի  փոխանցմամբ՝ տղայի վիճակն այսպես կարող է երկար ձգվել: Թեեւ  հույսն ու լավատեսությունը բժիշկները չեն կորցնում, փաստում են, որ երիտասարդի կյանքին սպառնացող վտանգները դեռ կան: "Եթե այդ վտանգներն էլ անցկացնենք, պետք է պայքարենք ուղեղի ֆունկցիայի վերականգնման համար: Հնարավոր է, որ կյանքը փրկենք, բայց որպես մարդ-բանական չկարողանանք ուղեղը պահել: Կոման մնում է կոմա: Երիտասարդ  օրգանիզմ  է, օրգանիզմի բոլոր ֆունկցիաները կարողանում ենք պահել, բայց ուղեղը շատ ծանր ախտահարված է",-ցավով նշեց Միքայել Միքայելյանը: Հիշեցնենք, որ Անդրանիկ Արզումանյանը ստացել է գլխուղեղի հրազենային միջանցիկ թափանցող վնասվածք, գլխուղեղի երկու կիսագնդերը վնասվել են: