Ագալար Մամեդով. Բառի վախճանը

Ագալար Մամեդով. Բառի վախճանը
Լինում են ժամանակներ, երբ բառերը վերջանում են։ Ոչ թե ժամանակներ, երբ բառերը չեն լսվում, այլ ժամանակներ, երբ լսված են եւ վերջացած, այլեւս պետք չեն։ Երբ հիշողությունը լեփ-լեցուն է բառերով, դրանք սկսում են դուրս հորդել։



Լսողությունս հուշում է ինձ, որ մարդիկ վերջին շրջանում սկսել են ավելի քիչ խոսել փողոցում, հասարակական տրանսպորտում, անգամ շուկայում։ Ուշադրություն դարձրե՞լ եք՝ ավելի քիչ են լսվում զրույցներ, նույնիսկ վեճերն են քչացել, փոխարենը շատացել են սպանություններն ու ինքնասպանությունները։ Մարդիկ դարձել են սակավախոս։ Եվ ոչ թե պակաս ընթերցող։



Բառի հանդեպ հասարակության հետաքրքրության նվազման եւ գրեթե անհետացման մեջ կարո՞ղ է արդյոք որեւէ արդյունավետ, ուրախալի, հուսադրող բան լինել։ Հասարակական միջավայրի համար դա նշանակում է, որ բառերը կորցնում են իրենց ուժը, գործառույթը, ազդելու եւ փոփոխելու կարողությունը։  Նշանակում է` արդեն սպառվել է հավատը, թե մնացել է բառին արժանի բան։



Պոեզիայի, փիլիսոփայության, հաստափոր վեպերի, ընդհանրապես ընթերցանության հանդեպ հետաքրքրության նվազման ականատեսն ենք բոլորս։ Միթե սա արդեն իսկ չի նշանակում բառի կյանքի վերջը ադրբեջանական միջավայրում։ Իմ կարծիքով՝ սա վերջն է։ Բառի վերջը ընդհանրապես։



ԲԱՌԻ ՎԵՐՋԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



Համաձայն եմ, որ բառի վերջը էքստրեմալ վիճակ է հասարակության համար։ Օրինակ, պատերազմը նշանակում է բառի վերջ։ Ահաբեկչությունը բառի վերջն է։ Ձեռնամարտը նույնպես բառի վերջ է։ Վիրավորանքներն ու հայհոյանքները նույնպես վերջին բառերն են։ Բառերը, որ պատրաստվում են վերջանալ։ Իզուր չէ, որ ռուսերենում գոյություն ունի "վիրավորել վերջին բառերով" արտահայտությունը։



Ընդհանրապես հետաքրքիր է՝ ինչու հնուց Արեւելքում պաթետիկ, պոետիկ, երաժշտական, անհասկանալի, սակայն ականջինհաճո բառն ավելի շատ ունկնդիր է հավաքում, քան այն, որ ստիպում է մտածել, տխրել, փոխվել։



Երբ ավարտվում են զրուցակիցների բառերը, նրանք պետք է բաժանվեն կամ կարողանան լռել միասին։ Այլապես սկսվում են բամբասանքն ու լեզվակռիվը։ Լինում են ժամանակներ, երբ բառը վնասում է։ Պետք է դիմանալ լռությանը եւ համբերել, երբ բառերն ավարտվում են...



***



Ինչո՞ւ են ապարդյուն Ղարաբաղի շուրջ բանակցությունները։ Որովհետեւ կողմերի միջեւ, փաստորեն, բառերն ավարտվել են։ Ներկայումս հասարակության մեծ մասը քարացել է եւ նայում է զարմացած (ապոֆազիա), իսկ մյուս մասը խորով (երգչախմբով) երգում է կրկներգը (կատաֆազիա)։ Երկու վիճակն էլ կաթվածի նշան են։ Կամ պատկերացրեք՝ դուք թատրոնում եք, վարագույրն իջած է, հետեւից լսվում են նախորդ գործողության ձայները, սակայն վարագույրը ոչ մի կերպ չի բարձրանում։ Դա կարելի է համեմատել պատային վիճակի հետ շախմատում։ Այդպես էլ մեր հասարակական գիտակցությունը քարացել է պատային իրավիճակում։ Նոր փուլ թեւակոխել հնարավոր չէ բառերով։ Ադրբեջանի սահմանափակ իրականության մեջ չեն մնացել այդպիսի հրաշագործ բառեր։ Սա իմ թեզիսն է։ Թող չնեղանան իմ ընկերները՝ ընդդիմադիր մամուլը դեռեւս շարունակում է իբր քաղաքական լուսավորչությամբ զբաղվել։ Բայց բառը, որը չի ծառայում գործողությանը, որը չի հանգեցնում ակցիայի, այլ բան չէ, քան ձանձրալի փնթփնթոց։



Մեր երկրում կա ստախոս բառ, անիմաստ, դատարկ բառ, անալիտիկ, գիտական բառ, անգամ ճշմարիտ բառ, սակայն մաքուր գաղափարաակցիոլոգիական բառ չկա։



ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Ընդդիմության մտորումները հոգնեցրին մեզ նույնքան, որքան իշխանությունների բանակցությունները Ղարաբաղի շուրջ, նույնիսկ ձանձրացրին։ Ինչ"որ մեկին, այդ թվում ինձ,  կարող է թվալ, թե ընդդիմությունը դեռ ունի չասված բառեր։ Սակայն պետք է հասկանալ՝ երկրում արդեն վերջացան բառերը, չմնաց գործ, որը կարող է բառն անել։ Բոլորին ամեն բան հասկանալի է։ Ոչ այն պատճառով, որ ողջ ճշմարտությունն ասված է եւ բոլորը բացահայտված, ոչ, ամենեւին ոչ, այլ` որովհետեւ արդեն ոչ մեկին ոչ մի նոր բան հետաքրքիր չէ։



Օրինակ, եթե ես ասեմ, որ "երկրի ղեկավարը շտկել է իր քաղաքական կենսագրությունը եւ փոքրացրել իր տարիքը, այդ պատճառով հեռացվել է մոսկովյան ինստիտուտից", դա չի զարմացնի շատ մարդկանց։ Որովհետեւ ժողովուրդը նրանից դա էլ է սպասում։ Սակայն համեմատության համար եթե ես, օրինակ, որեւէ սուտ բացահայտեմ իսլամական հավատքի հիմնադիր արաբ Մուհամեդի մասին, որը թաքցնում են կրոնական գործիչները (այդպիսի ստերը շատ են), դա ավելի շատ կգրավի հանրության ուշադրությունը։ Հետաքրքիր է ինչու։



Անձամբ ես առավել կցանկանայի ծաղրանկարներ դիտել, քան թերթ կարդալ։ Այդ դեպքում բառն արդեն պետք է հասկանա իր ավարտը։ Թող բառը չվերածվի գործողության սուրոգատի, չփոխարինի գործողությանը։



Երիտասարդներից եւ նրանց կազմակերպություններից դժգոհ լինելու բազում հիմքեր կան։ Նրանք շատ խելացի են, իսկ գժությունը նրանց մեջ քիչ է։ Նրանք մեծ ավանդապահներ են, եւ բացասման ոգին նրանց մեջ սակավ է, շատ ազգային են եւ քիչ ապահասարակական։ Սակայն հիմա անհրաժեշտություն կա նիհիլիստ, չշփվող, անհասկացող, սակայն իրենց հանդուգն պահող, ագրեսիվ երիտասարդների։ Իսկ նրանք, թարսի պես, մեկը մյուսի հետեւից վերցնում են գրիչը եւ ներքաշվում գրելու գործի մեջ, ասես մեր բոլոր խնդիրները կարելի է լուծել գրչով։ Բառը վերածվում է պայքարը փոխարինողի, համակշռողի եւ սփոփողի։ Դա վտանգավոր վարակ է։



Ձեր առջեւ խուլ է, նա չի լսի ձեզ, եթե նույնիսկ պայթեք գոռալուց։ Հիմա երիտասարդության դիրքորոշումը պետք է լինի այսպիսին՝ "Չեմ ուզում", "Մերժում եմ", "Կորչի"։



Անձամբ ես հույսս դրել եմ այս ժողովրդի ոչ թե ռացիոնալիզմի, այլ իռացիոնալիզմի վրա։ Ասենք՝ երիտասարդության կատաղության եւ մոլեգնության վրա, տրամաբանությամբ չհիմնավորված ցանկությունների կատաղի հոսքի վրա։ Ամեն ինչ չէ, որ հնարավոր է անել բառով։ Ժամանակն է լռել...



Ագալար ՄԱՄԵԴՈՎ

Ադրբեջանցի փիլիսոփա