հայ-թուրքական մերձեցման ցերեկույթ «Արմատ» կլուբում

հայ-թուրքական մերձեցման ցերեկույթ «Արմատ» կլուբում
Հայաստանի բազմաշերտ ու բազմանշանակալից դիվանագիտությունը վերջնականապես դուրս է եկել տրամաբանության շրջանակներից ու դարձել անքննելի: Նորարար-փորձարարական ֆուտբոլային դիվանագիտության ծիրին մեջն ընկնած համ ուզում են հարաբերություն հաստատել "հարեւան պետության հետ", համ էլ գեղցու շուստրիությամբ, պրոպագանդայի ուժով հասարակությանը պահում են թրքատյացության բարդույթի որոգայթում: Մակերեսներում մեռան թուրք տանել-բերելով, սեմինարներ կազմակերպելով՝ իբր ժողովուրդներին բարեկամացնում են: Երեկ նման մի սեմինարի մասնակից մի թուրքի բերել էին "Արմատ" ակումբ՝ մերձեցնելու հայ լրագրողների հետ: Կանխավ արած հայտարարությունը հետաքրքրական էր այն իմաստով, որ թուրքը սովորական թուրք չէր, այլ շատ հայտնի Բողազիչի համալսարանի դասախոս, քաղաքագետ Բեհուլ Օզքանն էր, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի աշակերտը:



Առանց վերապահումների, նույնիսկ վստահ լինելով, որ Բողազիչիում դասավանդող շատերի նման ազգայնական հարցերից վերացարկված ու լուրջ քաղաքագետ պիտի լինի, գնացինք լսելու, թե ինչ կասի հայ-թուրքական հարաբերությունների մեկամյա տվայտանքների ֆոնին: Սա թրքական դիվանագիտության դասական նմուշ էր՝ բառի դրական իմաստով: Ուստի այդ դիվանագիտության առջեւ ականջները կախած հին ազգի հետնորդներին հին քարոզչությունը նորովի մատուցելու ձեւ էր ընտրել: Հավատացնում էր մեզ, որ Թուրքիայի կառավարությունն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունները  բարելավել Հայաստանի հետ, ու ասաց, որ չի կարծում, թե հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալված "երկխոսությունը" օգտագործվում է որպես ժամանակ ձգելու միջոց:



Քանի որ  մեր երկիրը ներկայացնող անձն էլ իր հերթին էր ասում, որ անկեղծ է հարաբերվում, ու հույս էր հայտնում, որ Թուրքիան կգնահատի մեր "անկեղծության աստիճանը", պարոն Օզքանին հարցրինք, թե իր կարծիքով քաղաքականության մեջ ի՞նչ կատեգորիա է "անկեղծության աստիճանը", եւ ի՞նչ շահեց Թուրքիան նախաստորագրված արձանագրությունների մեկնարկից մինչ այսօր: Թարգմանիչը թուրքերեն լեզվի մասնագետ, Հայաստանում հռչակված թուրքագետ Արտակ Շաքարյանն էր: Դժվար է ասել, թե ինչ որակի թարգմանեց նա մեր հարցը կամ թարգմանե՞ց, թե՞ ոչ, բայց պարոն Օզքանը սկսեց խոսել Կիպրոսից: Սակայն մինչ այդ ասաց, որ թուրքական կառավարությունը եթե չուզենար հարաբերություններ հաստատել, այդ արձանագրությունները չէր ստորագրի:



Հետո հիշեցրեց, որ արդեն քանի՜ տարի սահմանները փակ են, եւ փակ սահմանների քաղաքականությունն արդյունքի չի բերի: "Եթե Հայաստանի տեսանկյունից նայենք, ապա Հայաստանը հայտնվեց տնտեսական մեկուսացման մեջ, իսկ Թուրքիայի համար էլ վատն այն է, որ 17 տարի է,  Հայաստանի վրա ոչ մի ազդեցություն չունի",-բացահայտեց քաղաքագետը: Թեպետ հարցիս կոնկրետ չպատասխանեց ու ասաց միայն, որ Թուրքիան այս ընթացքում ոչինչ չի շահել, բայց թուրքական ասացվածքը փաստում է, որ թամամ խոսքը էշին են ասում: Ուստի պարզից էլ պարզ է, որ Թուրքիան ուզում է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, ու այդ ազդեցության աստիճանը բնավ էլ կապված չէ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության կամ անկեղծության աստիճանի հետ:



Դա թուրք-ռուսական եւ Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների շրջանակում լուծելի հարց է, ու Բողազիչիի դասախոսից էլ առավել անկեղծ բացատրություն չարժեր ակնկալել: Ինչ վերաբերում է դիվիդենտներին, ապա միայն ցեղասպանության ճանաչման հարցի կասեցման փաստն ու Ղարաբաղի հարցում լուրջ գործոն դառնալու հանգամանքը բավարար էր, որպեսզի Թուրքիան արձանագրեր իր հերթական հաղթանակը: Իսկ Հայաստանի հետ ուղղակի հարաբերություններ ձեւավորելու խնդիրը Թուրքիայի համար չունի ոչ տնտեսական, ոչ քաղաքական եւ ոչ էլ, եթե ուզում եք՝ բարոյական նշանակություն այն պարզ պատճառով, որ այդ երկիրը դեռ նախորդ դարի սկզբին է ամբողջացել որպես տարածաշրջանում լուրջ գործոն հանդիսացող պետություն:



Հայաստանը Թուրքիայի հետաքրքրության շրջանակում կարող է հայտնվել միայն Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում: Թուրքիան Հայաստանի հետ չունի նաեւ տարածքային խնդիր (թեպետ հայ լրագրողները յուրաքանչյուր պատեհ-անպատեհ առիթով նրանց հիշեցնում են Վիլսոնի իրավարար վճիռն ու Սեւրի պայմանագիրը, չմոռանալով մուննաթ գալ, ձեռի հետ էլ պահանջելով խաչ տեղադրել Աղթամարի եկեղեցու գմբեթին), ու դրա հետ կապված միակ հարցն առնչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, որը հայ-թուրքական հարաբերությունների չկայացման միակ "խոչընդոտն" է: Մերոնց համար այդ "խոչընդոտը" դիվանագիտական "հաղթանակների" մասին խոսելու միակ առիթն է, որից կառչած էլ արդարանում են, թե նրանք նախապայմաններ են առաջադրում, իսկ ահա մենք անկեղծ ուզում ենք բարեկամություն անել: Այդ բարեկամության գինը Ղարաբաղը զիջելն է, որը, ըստ թուրք քաղաքագետի, սիմվոլիկ մի բան պետք է լինի մեզ համար:



"Կառավարությունը Արցախի հարցում առաջխաղացում է պահանջում, սակայն եթե դա չլինի, նրանց կմեղադրեն դավաճանության մեջ: Այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը շարունակելու համար պետք է սիմվոլիկ զիջում` զորքերը հետ քաշել Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների մի մասից",-հայտարարեց Բեհուլ Օզքանն ու վախեցրեց. "Թուրքիայում ադրբեջանական լոբբին շատ ուժեղ է, եւ այն հաղթահարելու համար սիմվոլիկ զիջում է պետք": Թեպետ ինքը քիչ հավանական է համարում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը, քանի որ Ադրբեջանը գազամուղներով եւ նավթամուղներով կապված է դրսի հետ ու չի ցանկանա պատերազմի պատճառով կորցնել այդ կապերը: