Ուսուցիչներին մեծարեցին լուիզաների եւ լալաների տաղանդով

Ուսուցիչներին մեծարեցին լուիզաների եւ լալաների տաղանդով
Ուսուցչի օրը բավականին ոգեւորել էր կառավարության մի շարք անդամների, ինչպես նաեւ Տիգրան Սարգսյանին: Մի պատրաստվել էին պատրաստվում, լուրջ փնտրտուքների մեջ էին, որ մեծարումը հնարավորինս արժանավայել ու ճոխ լինի: Նույնիսկ սեպտեմբերի վերջին կառավարության նիստի զգալի հատված  տրամադրեցին մանկավարժների մեծարման երեկոյի  կազմակերպչական մանրամասներին: Այս բուռն նախապատրաստական աշխատանքները տպավորություն ստեղծեցին, թե հեսա-հեսա մի շքեղ ու անմոռանալի երեկո է սպասվում հայոց մտավորականությանը:



Վերջապես մեզ բախտ վիճակվեց հետեւելու մեծարման կուլմինացիային՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, որը մեկ բառով կարելի է խայտառակություն բնութագրել: Միջացառումն իրենց ներկայությամբ պատվել էին բարձրաստիճան չինովնիկները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, սակայն այդպես էլ մեծարման երեկո չէր ստացվել: Լավ էր գոնե, որ մի քանի ազգագրական համարների կատարումներ ընդգրկել էին, ու ձանձրույթից  հանգած դահլիճը ազգային երաժշտության ռիթմի ներքո երբեմն-երբեմն թմբիրից արթնանում էր:



Որպեսզի կառավարության թմբկահարած միջոցառման ողջ տափակության պատկերն ուրվագծվի, նշենք, որ երեկոյի «շոումենը» Հրանտ Թոխատյանի կին Լուիզա Ներսիսյանն էր, որը մարմնավորել էր ուսուցչի կերպարը: Լուիզայի ու միջոցառման կազմակերպիչների համար հայ ուսուցչի կերպարը մինչեւ հետույքը բաց զգեստով սեթեւեթող կինն է, որն ամբողջ դասի ընթացքում արտասանում է միայն անուն-ազգանուններ ու խուճապահար վազվզում դասարանով մեկ: Միջոցառման սկզբում Լուիզան սկսեց արտասանել դահլիճում գտնվող պաշտոնյաների անունները՝  երկու անգամ կրկնելով՝ Աշոտյան Արմեն:



Թվում էր, թե սյուժեն զարգանալու է, սակայն այդտեղ էլ ամեն ինչ ավարտվեց՝ բոլորի համար անհասկանալի, թե ինչ էր ուզում ասել հաղորդավարուհին: Ապա «բարձր դասարանցիները» բեմադրեցին անձրեւոտ եղանակ՝ ամպրոպից մինչեւ կարկուտ: Վլադիմիր Աբաջյանի ազդեցիկ ձայնով հայտարարվեց մեկ այլ աստղի՝ Լալա Մնացականյանի ելույթի մասին: Նա հումոր չարեց, բայց դեմքի հնարավոր ծամածռություններով ու հիստերիկ առոգանությամբ  հրամցրեց նախադպրոցական տարիքի համար նախատեսված Թումանյանի «Բզեզի դպրոցը»:



Ի դեպ, Ուսուցչի օրվան նվիրված այս միջոցառումն իր տափակությամբ անգամ սովորաբար ճառասաց Տիգրան Սարգսյանին էր կաշկանդել: Սեփական թեւավոր խոսքերով ու դարակազմիկ ձեւակերպումներով հայտնի վարչապետը  ուսուցիչներին մեծարելիս դիմեց անգլիացի Չերչիլի մտքերի օգնությանը, հղում անելով նրա թեւավոր խոսքին. «Ցանկացած վարչապետ կերազեր ունենալ  այնպիսի իշխանություն, ինչպիսին ունի ուսուցիչը»: Բայց դա ո՞ր երկրի համար էր ասված: