Լոնդոնի ուսանողները պայքարում են

Լոնդոնի ուսանողները պայքարում են
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մի քանի օր է` շարունակվում են ուսանողական բողոքի ակցիաները: Մոտ 50 հազար ուսանողներ եւ դասախոսներ իշխանություններից պահանջում են չեղյալ համարել ուսման վարձերի թանկացման մասին որոշումը: Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է կրճատել բուհերի պետական ֆինանսավորումը եւ համալսարաններին առաջարկել է ֆինանսական հարցերը լուծել ուսման վարձերի թանկացմամբ:



Նոյեմբերի 11-ի բողոքի ակցիան վերածվել է զանգվածային անկարգությունների, երթը  ավարտվել է իշխող պահպանողական կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա հարձակումով: Բարկացած ուսանողները կոտրել են գրասենյակի ապակիները, պոկել են կախովի առաստաղները, խարույկներ են վառել ներսում: Լրատվամիջոցների փոխանցմամբ` վիրավորվել են մի քանի ոստիկաններ, կան ձերբակալվածներ:



Անվտանգության աշխատակիցներն ու իրավապահները կարողացել են ժամանակին դուրս բերեն պահպանողական կուսակցության անդամներին գրասենյակից, որպեսզի նրանք ուսանողների զայրույթի զոհը չդառնան: Ոստիկանությունը հսկողության տակ է պահում Լոնդոնի կենտրոնը, որտեղ մի քանի ժամ անկարգություններ են տիրել: Ուսանողական շարժման ղեկավար Արոն Փորթերը նշել է, որ իրենք չէին ծրագրել հարձակվել կուսակցության գրասենյակի վրա, եւ մեղադրել է բոլոր նրանց, ովքեր խաղաղ բողոքի ակցիան վերածել են զանգվածային անկարգությունների: