Բարեգործություն ծառերի հաշվին (վիդեո)

Բարեգործություն ծառերի հաշվին (վիդեո)
Ճամբարակ քաղաքում արդեն ավանդույթ է դարձել այգիներում գտնվող ծառերի հաշվին մանկապարտեզներ ջեռուցելը։ Քաղաքապետարանի շենքի դիմաց ու քաղաքապետի որոշմամբ ձմռան գալուն պես սկսվում են ծառ կտրելու ու վառելափայտ կուտակելու աշխատանքները։ Պարզվում է, Ճամբարակի քաղաքապետը նպատակահարմար է գտել բյուջեն տնտեսել այգիների հաշվին, այսինքն այն գումարները, որը պետք է հատկացվեր մանկապարտեզներին վառելափայտ ձեռք բերելու համար, չի հատկացվում, փոխարենը վառելափայտը ձեռք է բերվում Ճամբարակի այգիների ու փողոցներում առկա ծառերի հաշվին։



Քաղաքապետարանի շենքի դիմաց՝ հերոսների այգում գտնվող հսկա ծառերը, որոնք 50-ից ավելի են, հիմքից էտվում են, նրանից թողնում են միայն ծառի հաստ բունը, ինչը, սակայն, կատարվում է վայրենությամբ։ Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը մեզ համոզում էր, որ դա ոչ թե ծառահատում է, այլ՝ «սանիտարական էտում, որը նշանակում է, որ եկող տարի նորից աճելու են եւ նորմալ տեսք են ունենալու»։



Նման տիպի էտումներ կատարվել են նաեւ նախորդ տարիներին. «Անցած տարի մենք սկսեցինք հատել այգու մի մասը, որովհետեւ այգում բավականին ծառեր չորացել էին, մենք մասնագիտական ուսումնասիրություն կատարեցինք եւ եկանք այն եզրակացության, որ ծառերը պաշտպանելու համար պետք է էտում կատարել, եւ քանի որ անցած տարվա արդյունքները դրական ստացվեցին, մենք որոշեցինք այս մյուս մասն էլ փրկել»։ Իսկ տեղյա՞կ է արդյոք բնապահպանության տեսչությունը, եւ կա՞ համապատասխան թույլտվություն:



«Դեռեւս անցած տարվանից, երբ սկսեցինք աշխատանքները, բանավոր ճշտումներ կատարեցինք ԲՆ ծառայությունների հետ մարզում, իրենք ժամանակացույց սահմանեցին, որ կարող ենք կտրել»,- ասաց քաղաքապետը։ Բացի այդ, Ճամբարակի քաղաքապետը լուծել է նաեւ անապահով ընտանիքների ջեռուցման խնդիրը։ Նախորդ տարի էտման արդյունքում կուտակված մոտ հարյուր խորանարդ մետր վառելափայտն անվճար բաժանվել է հարյուր ընտանիքի: Բայց այս տարի այդքան շատ չէ, որ բաժանեն։ Այնպես որ, անապահովներն իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն: