Ապակե տնակում

Ապակե տնակում
Անդրե Բրետոնի երազած ապակե տնակի միֆը գնալով կարծես  իրականություն է դառնում: «Google» ընկերությունը, 2007-ից սկսած, գործի դրեց իր «Street View» ծրագիրը, որ թույլ տվեց տեսախցիկների օգնությամբ հետեւել աշխարհի մի շարք մեծ քաղաքների փողոցների համայնապատկերներին, բայց շատ չանցած՝ համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ պատկերված էին ոչ միայն փողոցների համայնապատկերներ ու կանգառներում կայանված մեքենաներ, այլեւ պատահական անցորդներ, իրենց տներում պարզապես ապրող մարդիկ` զավեշտալի ու մի քիչ էլ «անձնական» դիրքերով:



Շատ մոտ ապագայում տեսախցիկները ինտենսիվ կսկսեն վերծանել մարդկանց անձնական կյանքի համայնապատկերը, որ ոչ մի բանով չի տարբերվի ոստիկանական վերահսկումից, ընդհակառակը՝ կդառնա ավելի դինամիկ, կատարելագործված եւ հանրամատչելի, ու փակ անձնական կյանքի գոյու թյունը հօդս կցնդի, կվերածվի զարմանահրաշ մի իրողության... էդ փակ կյանքով ապրող մարդիկ մյուսների համար ակամա կդառնան բարակ մորուքով ու լուրջ դեմքերով չինացի պապիկներ կամ արեւից սնվող հնդկական յոգեր, կդառնան զբաղմունք, ժամանց, ուսումնասիրման առարկա, նրանց մասին երեւի կհորինվեն լեգենդներ, կփչվեն առասպելներ ու նմանատիպ բաներ...



Մարդ դադարում է բանական մարդ լինելուց, երբ ընդհանրապես զրկվում է անձնական կյանք ունենալու իրավունքից, երբ իր այդ կյանքը, անկախ իր կամքից ու գիտությունից, դառնում է համանձնական ու համադիտական: Ապրել առանց կոպ ու թարթիչ՝ մշտապես արթուն աչքի դիմաց ու Բրետոնի երազած թափանցիկ ապակե տնակում՝ նշանակում է բանտարկվել հայելիների սենյակում, կորցնել, սպանել անհատականության բջիջները, ձեւացնելով՝ իբր դու ազատ մարդ ես, ոչ մի բան չունես պահելու, քո գաղնիքը բոլորի գաղտնիքն է, քո կյանքը բոլորինն է ու էլ քեզ չի պատկանում, դու ո՞վ ես, որ քեզ էլ պատկանի, կրկնում եմ՝ այս հայելիների սենյակը պարտադրված է, այլ ոչ սեփական ցանկությանդ համաձայն, եւ սա բնավ պահպանողականության հետ կապ չունի:



Այն տարածված կարծիքը, թե իբր փակ կյանքով ապրող մարդիկ գաղտնիքներ ունեն, որոնք անպայման պիտի հասու լինեն (բա ո՞նց կլինի հասարակությունը մի հատ չիմանա ու չենթարկի նրանց Լինչի դատաստանին), պարզապես կեղծ միֆ է, որովհետեւ յուրաքանչյուր ոք ինքն է սահմանագծում իր ազատության շրջանակը, որի մեջ երջանիկ է զգում կամ դժբախտ...



Ասում են՝ ավտովթարից անմիջապես հետո ջախջախված արքայադուստր Դիանային, փոխանակ փորձեին օգնել, մի փոքր հեռվում կանգնած ֆոտոլրագրողներն առաջին հերթին փութորեն իրենց լուսանկարներն են արել...



Շատ հաճախ սոցիալական ցանցերում կյանքի միաձույլ միտումներ են նկատվում: Մարդիկ իրենց գործողությունները, զգացողությունները, թարմ լուսանկարներն ու յուրօրինակ հաղորդագրություններն անմիջապես արտացոլում են պատերին, ու դա նրանց լիիրավ եւ ազատ ընտրության իրավունքն է, բայց լավ կլիներ, որ այդ ազատությունը չիրացվեր դիմացինին ազատազրկելու միջոցով, հաշվի չառնելով նրա սեփական կարծիքը՝ իր իսկ սեփական կյանքի վերաբերյալ...



Երեւի գալիս են անանձնական կյանքի ժամանակները...