Այդ անդիմադրելի շախմատը-3

Այդ անդիմադրելի շախմատը-3
Սեւ եւ սպիտակ վանդակներով հերթագայված խաղատախտակը մոգական ուժ ունի: Տարբեր հնարավորություններով եւ ձեւերով խաղաքարերի պայքարը հրապուրում է միլիոնավորների եւ հաճախ կյանքի նպատակ դառնում:Այդպես եղավ նաեւ մեծ շեքսպիրագետ Հովարդ Սթաունթոնի հետ: Միայն նեղ շրջանակներում կարող են նրան հիշել որպես գրականագետի:



Դեռ մանկուց նա երազում էր դերասան դառնալ: Լինելով ապօրինի երեխա, նա շատ դժվարություններ է հաղթահարել: Սակայն թատերական աշխարհում «սխալ» ծնունդը նշանակություն չուներ: Նա ծանոթանում է նշանավոր ողբերգակ Էդմունդ Քինի հետ: Վերջինս խոստանում է օգնել նրան եւ իսկապես օգնում է դառնալ... միջակ դերասան: Սակայն այդ ծանոթությունն ուրիշ ազդեցություն է ունենում: Նշանավոր ողբերգակը շատ էր սիրում շախմատ խաղալ, եւ նրանք, ներկայացումների ընդմիջումներին հարմար տեղավորվելով կուլիսների ետեւում, անզիջում պայքար էին մղում:



Դրանից հետո Սթաունթոնը որոշում է լրագրող դառնալ. նա ծարավի էր փառքի եւ ճանաչման: Սկսում է հերոսներ որոնել իր հոդվածների համար եւ այդ ձեւով մի օր հայտնվում է շախմատային ակումբում: Նա ապշած էր շախմատի հանդեպ տիրող երկյուղածությունից եւ հարգալից վերաբերմունքից: Սկզբում վախենում է ուժերը չափել վարպետների հետ, սակայն աստիճանաբար համարձակություն է ձեռք բերում: Բնավորությամբ լինելով մաքսիմալիստ, նա ձգտում է առավելագույնին: Զարմանալի համառությամբ մղվում է դեպի իր նպատակի իրականացում: Նա ոչ միայն աշխատասեր էր, այլեւ համառ եւ կամային: Զգացողությունը նրան հուշում էր, որ հենց շախմատում պետք է դրսեւորի իրեն, ինքնահաստատվի:



Եվ սկսվում է վերելքը, որն այնքան էլ անամպ չէր: 30-ականների վերջին նա իր ուժով այլեւս չէր զիջում Անգլիայի ուժեղ վարպետներին: Առանձնակի հետաքրքրությամբ է սպասվում նրա մրցախաղը նշանավոր Պոպերտի` իր ուսուցչի հետ: Ոչ վաղ անցյալում նա աշակերտի հետ խաղալիս հանում էր... մի ամբողջ նավակ: Իսկ այժմ հավասարների պայքարում Հովարդ Սթաունթոնը հաղթում է հետեւյալ հաշվով` 10 հաղթանակ, 5 պարտություն, 6 ոչ-ոքի:



Այսպես նա դառնում է Անգլիայի առաջին շախմատիստը: Սակայն դա չէ, որ բավարարում էր նրա պատվախնդրական նկրտումները, եւ նա պատրաստվում է նվաճել հետագա բարձունքները: Այդ ժամանակներում Եվրոպայում իշխում էր շախմատային ռոմանտիզմը` անմիջական հարձակում արքայի վրա, եւ շատերը չէին հավանում նրա ոճը` դիրքային պայքար, մանր առավելությունների կուտակում եւ, ի վերջո՝ տեխնիկական փուլ, որտեղ նա իրեն հիանալի էր զգում: Այդ պատճառով է, որ աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը նրան անվանել է շախմատի պատմության մեջ լավագույն վերլուծաբաններից մեկը, որին, դեռ նախքան Ստեյնիցը, հայտնի էին դիրքային պայքարի բոլոր նրբությունները:



Եվ այսպես՝ նա Անգլիայի չեմպիոնն է: Աշխարհի լավագույն շախմատիստը` Լաբուրդոնեն, մահացել էր: Այդ կոչմանն էր հավակնում նաեւ Ֆրանսիայում բնակվող Սենտ Ամանը: Սկսվում են բանակցությունները: «Շախմատային մեծ ճակատամարտ Ֆրանսիայի եւ Անգլիայի միջեւ». այսպես են անվանում այդ պատմական մրցամարտը: Այն տեղի է ունենում փարիզյան նշանավոր «Ռեժանս» սրճարանում: Հաղթող կհամարվեր նա, ով առաջինը կհաղթեր 11 պարտիայում: Համոզիչ հաղթանակ է տանում Սթաունթոնը` 11 հաղթանակ, 6 պարտություն, 4 ոչ-ոքի:



Իրականանում է Սթաունթոնի երազանքը` լինել աշխարհում առաջինը: Սակայն շատերը չեն հաշտվում դրա հետ. ծագումը, վատ բնավորությունը` բռնկուն, կտրուկ, ինքնասեր, չի սիրում առարկություններ:



Սենտ Ամանի հետ մրցախաղը անգլիացի վարպետի մարզական գագաթնակետն էր: Նրա շախմատային ուժն աստիճանաբար անկում է ապրում: Չափազանց մեծ ֆիզիկական եւ նյարդային լարվածություն է պահանջվում ինքնահաստատման համար պայքարում: Նա սկսում է զբաղվել ամսագիր հրատարակելով, կազմակերպչական գործունեությամբ, դեռեւս համարվելով աշխարհի լավագույն շախմատիստը: Մասնակցում է Լոնդոնի միջազգային մրցաշարին՝ որպես հաղթողի հիմնական թեկնածու, սակայն գրավում է միայն չորրորդ տեղը:



Հետագա ելույթները նույնպես հաջողություն չեն բերում նրան, թեպետ համարվում է աշխարհի ուժեղագույններից մեկը: Նրա հետ խաղալու ցանկություն է հայտնում ամերիկացի լեգենդար շախմատիստ Պոլ Մորֆին: Վերջինս 1858 թվականին գալիս է Եվրոպա, սակայն մրցախաղը չի կայանում... Սթաունթոնը հրաշալի հասկանում է, որ չի կարող դիմանալ երիտասարդ ամերիկացու թափին: Չմոռանանք նաեւ, որ սրտի արատն այդպիսի լարվածության պայմաններում լավագույն օգնականը չէ: Աշխարհի չթագադրված չեմպիոնը հրաժարվում է խաղալ: Վերջ շախմատին:



Սթաունթոնը վերջապես կարող է զբաղվել իր սիրած մասնագիտությամբ` գրականագիտությամբ: Նա որոշում է իր մնացած կյանքը նվիրաբերել մեծ Շեքսպիրի ստեղծագործությանը: Թեպետ ինքը միշտ էր խոնարհվել այդ հանճարի առաջ, սակայն միայն հիմա է իսկապես հասկանում նրան: Սթաունթոնի գրական գործունեությունը նույնպես բարձր գնահատական է ստանում: Եվ այնուամենայնիվ՝ նա իր հայրենիքում ճանաչում է ձեռք բերում որպես շախմատիստ, որը ոչ միայն գերազանցում էր իր մրցակիցներին խաղով, այլ նաեւ որպես շախմատային արվեստի զարգացման եւ տարածման նվիրյալ:



Հովարդ Սթաունթոնն իր մահկանացուն կնքում է 1874 թվականի հունիսի 22-ին:



Հովիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ