Եվ գիշերն անձրեւ տեղաց...

Եվ գիշերն անձրեւ տեղաց...
«...Քեռիս ուղղվեց եւ խոր շունչ քաշեց:



- Ազատ արձակիր դրան,- ասաց նա:- Հարկավոր չէ դաժան վարվել Աստծո անմեղ արարածի հետ... Բաց թող` գնա այդ խեղճ արարածը: Լինենք բարի ու խնայող այն բոլոր մանրիկ կենդանիների հետ, որոնք մեզ հետ մեկտեղ են երկրի երեսին»։



Վ. Սարոյան, «Նռնենիները»



- Վա՜խ, վա՜խ, վա՜խ...



- Հը՜, էդ ի՞նչ պատահեց:



- Էս ի՞նչ անխիղճ մա՛րդ է: Ահա, անցնում-դառնում է ու տրորում: Փորձեցի մոտենալ մրջնանոցի մուտքին` դարձյալ։ Տեսեք որքա՞ն շա՜տ մրջյուններ է կոտորել,- գանգատվեց Փոքրիկ Մրջյունիկը:



- Դե ուրեմն քայլերդ արագացրո՛ւ եւ գնա՛ մրջնանոց: Շո՛ւտ: Թե չէ` երեխաներ են գալիս, ա՜յ... Նրանք էլ կտրորեն, իհարկե,- հրահանգեց մի մեծ Շեկ Մրջյուն:



- Ո՛չ, երեխաները չեն տրորի,- համոզված, բայց հարգալից փորձեց առարկել Փոքրիկ Մրջյունիկը: - Նրանք ավելի զգայուն ու բարի են, քան էդ մեծահասակը: Նայեք ահա էն կողմում կանգնած աղջնակին։ Տեսնո՞ւմ եք: Նա, որ ծաղկավոր շրջազգեստ ունի հագին: Ա՜յ նա, որ խաղում է փոքրիկ տղայի հետ...



- Հետո՞,- դժգոհ արձագանքեց մեծ Շեկ Մրջյունը:



- Նկատեցի՞ք:



- Ասենք նկատեցի: Հետո՜ ինչ:



- Ա՛յ, ուրեմն քիչ առաջ նա` էդ աղջնակը, փոքրիկ տղային բացատրում էր, որ չի կարելի մրջյուններին տրորել: Իսկ եթե տրորես, ապա գիշերն անձրեւ կտեղա,- ամենայն լրջությամբ ասաց Մրջյունիկը:



- Դատարկ բան է, իհարկե,- չհամաձայնեց Շեկ Մրջյունը:- Էդ աղջնակն ընդամենը մի երեխա է, դեռեւս աղվամազոտ ու դեղնակտուց մի ճուտիկ: Նա ինչպե՞ս կարող է գուշակել, թե անձրեւ է տեղալու: Եվ նա, իհարկե, ոչինչ էլ չի հասկանում դրանից, այսինքն` անձրեւից...



- Ինչո՞ւ չի կարող,- ասես վիրավորվեց Փոքրիկ Մրջյունիկը, որ նույնպես դեռ երեխա էր, տակավին շատ փոքրիկ:- Հենց լավ էլ կարող է: Եվ ամեն ինչ էլ հրաշալի հասկանում է։ Եվ առհասարակ, փոքրիկներն ավելի խելամիտ են, ավելի ուշադիր, ավելի... ավելի բարի, քան մեծերը:



- Դե լավ, թող էդպես լինի,- իր շինծու համաձայնությունը հայտնեց մեծահասակ Շեկ Մրջյունը եւ փութկոտ թողեց֊գնաց իր բանուգործին` քթի տակ դժգոհ փնթփնթալով, իբր թե` էս ի՜նչ սերունդ է աճում...



Նրա հեռանալուց հետո Մրջյունիկը հիշեց անձրեւի մասին։ Եվ ինքն էլ արագացրեց իր քայլերը` միայնակ առաջ շարժվելով դեպի մրջնանոցի մուտքը:



- Է՛յ, էհե՜յ,- հանկարծ լսվեց թիկունքից:- Դու ի՞նչ ես անում էստեղ:



Շրջվեց ձայնի ուղղությամբ. Մայրիկ Մրջյունն էր:



- Էդ ո՞նց ես հասել էստեղ,- հանդիմանեց Մայրիկ Մրջյունը գորովալից, ապա խստորեն հրահանգեց։- Գնա՛ մրջնանոց... Դե՛, արա՛գ...



- Ե՛ս... Ե՜ս... Նա՜... էն անխիղճ մարդը,- լացակումած կմկմալով` փորձեց արդարանալ Մրջյունիկը:- Նա՛...



- Դե՜, շուտ ներս մտի՛ր մրջնանոց, որ էդ անխիղճ մարդը քեզ էլ չտրորի,- տեղնուտեղը ընկալելով Մրջյունիկի անկապ թոթովանքը` նույն գորովանքով արտաբերեց Մայր Մրջյունը:



- Իսկ դո՞ւ, Մայրիկ: Դու չե՞ս գալիս,- նույն կմկմոցով հարցրեց Փոքրիկ Մրջյունիկը` սրբելով արցունքները:- Քեզ էլ կտրորի նա... Արի՛, գնա՜նք...



- Չէ՛, դու գնա՛: Ես դեռ պիտի քո քույրիկներին ու եղբայրիկներին էլ փնտրեմ֊գտնեմ` հավաքեմ֊բերեմ տուն: Դու գնա՛, շո՜ւտ...



Մրջյունիկը քայլերն ուղղեց դեպի մրջնանոց:



Հետո մթնեց: Ու ես չիմացա (ասենք` ոչ ոք էլ չիմացավ), թե Մրջյունիկի Մայրիկը գտա՞վ նրա քույրիկներին եւ եղբայրիկներին: Ու նրանց հետ վերադարձա՞վ արդյոք մրջնանոց, թե՞ ոչ (լավ կլիներ վերադարձած լինեին):



Բայց այդ գիշեր հո՜րդ անձրեւ տեղաց...



Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆ