Տեսեք էդ մարդն ինչ ա ուզում՝ տվեք-պրծեք

Տեսեք էդ մարդն ինչ ա ուզում՝ տվեք-պրծեք
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին դատի տված դերասան Սերգեյ Դանիելյանը հետ է վերցրել իր հայցը: Հիշեցնենք, որ ամռանը Յոժը գնացքով մեկնել է Սեւ ծով եւ բախվել երկաթգծի վատ սպասարկմանը: Պարզելու համար, թե որն է պատճառը, եւ արդյո՞ք բավարարել են իր ներկայացրած պահանջները, կապվեցինք նրա հետ: Պարզվեց՝ այո, զանգահարել-կանչել են իրեն, բոլոր պահանջները բավարարել եւ խնդրել են, որ հայցը հետ վերցնի:



Փորձեցինք ճշտել, թե բոլորը որո՞նք են՝ ֆինանսական, բարոյական փոխհատուցմա՞ն մասին է խոսքը, ինչին նա տվեց նույնքան հապճեպ պատասխան. «Այո, ամեն ինչ էլ արեցին»: Ապա ուղղորդեց, թե ինչի մասին ավելի լավ կլինի գրենք. «Ավելի լավ է՝ գրեք նրա մասին, որ մենք չունենք ոչ մի օրենք բարոյական վնասի փոխհատուցման համար, իմ հայցը ընդամենը 40 հազար էր»:



Հարցին՝ 40 հազարից ավելի՞, թե՞ պակաս են բավարարել, նշեց, որ չի ուզում դրա մասին ասել, որովհետեւ կստացվի, որ ինքը միայն փողի համար էր դատի տվել. «Համենայնդեպս գոհ եմ, որպես քաղաքացի՝ ես իրանցից պարտք ու պահանջ չունեմ: Հիմա թե փող են տվել, տուն են առել, թե Ճապոնիայից մասաժիստկա են ինձ բերել, դա արդեն կարեւոր չի. դուք գրեք, որ իմ բոլոր ասածներն իրենք արեցին, բայց եթե իմ տեղը հասարակ քաղաքացի լիներ, ոչնչի չէր հասնի, որովհետեւ կամ թույն գողական պետք է լինես, կամ ճանաչված մարդ, որ ասեն՝ լավ, ախպեր, բեր սրա բերանը փակենք-պրծնենք:



Այ սենց գեղական հարցով է լուծվում, թող մարդիկ իմանան՝ միլիոններ են տվել»: Երբ հարցրինք, թե ո՞վ է կանչել իրեն, նա սկսեց հակասել իրեն, փաստաբանին են կանչել, նրա հետ են հարցերը լուծել. «Փաստաբանս զանգել-ինձ տեղյակ է պահել, ասել եմ՝ դե լավ, հարց չկա, եթե իրենք զղջացել են իրենց արածի համար ու փոխհատուցում են այն, ինչ ուզում եմ, էլ առաջ չգնաք»:



Զանգահարեցինք փաստաբան Լեւոն Սահակյանին՝ պարզելու, թե ում հետ է հանդիպել ու այդ հարցը կարգավորել, ով, սակայն, այսկերպ պատասխանեց. «Սերգեյ Դանիելյանն է ինձ զանգել ու շատ ուրախ ասել, որ հայցից հրաժարվել է, ու ամեն ինչ նորմալ է»: Ապա խոսքն ընդհատեց, թե՝ զանգ է գալիս, որից հետո մեզ արդեն զանգահարեց Սերգեյ Դանիելյանը եւ ասաց, որ Լեւոնն ուղղակի չի ուզում ասի այդ մարդու անունը:



«Ծիպը՝ մարդիկ չիմանան, թե ում հետ կարող են իրենց հարցերը լուծել»,- ծիծաղով ավելացնելով, թե նման բան չի եղել, որ երջանիկ զանգել է Լեւոնին, ու եթե կարող ենք՝ դրա մասին չգրենք: Դատական հայցից անընդհատ շեղվելով՝ նա ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ վիրավորանքի դիմաց մենք չունենք բարոյական հատուցում. «Մենք օրենք չունենք, խուժան երկիր է, դա է կարեւորը:



Նման հարցերը մեզ մոտ իրավական դաշտից միանգամից տեղափոխվում են կրիմինալ դաշտ, այլ կերպ լուծել հնարավոր չի՝ քաղաքապետից սկսած, մինչեւ հավաքարար»: Հետաքրքրվեցինք, թե իր դեպքում է՞լ է այդպես եղել, գուցե կանչել են «ռազբորկայի: «Չէ, իմ դեպքում նման բան չի եղել, ու իրանք կվախենային ինձ հետ նման բան անել՝ ծեծեին կամ եսիմ ինչ, որովհետեւ սաղ աշխարհը միանգամից կիմանար:



Եթե իրանք դեռ օգոստոսին ասեին՝ վայ, կներեք, ղալաթ ենք արել, էս ձեր փողը, սուս մնացեք, ամեն ինչ կլուծվեր-կգնար: Բայց իրանք այդքան ձգձգեցին, դեռ մի բան էլ սկսեցին արդարանալ, թե մեղավոր չեն, մինչեւ խոսքը՝ աչքիս, հասել ա Մոսկվա, ու Շայդուլինն անձամբ ասել ա՝ տեսեք էդ մարդն ինչ ա ուզում, տվեք-պրծեք, ուզածը ի՞նչ պիտի լինի, որ չկարողանանք բավարարել»,- պատասխանեց դերասանը:



Այնուամենայնիվ, առանց գումարի չափը ճշտելու, հետաքրքրվեցինք, թե մարդկային առումով որքանով է իր հայցը բավարարվել: Սերգեյ Դանիելյանը պատասխանեց, որ անձնական թշնամանք կայարանապետի կամ Շայդուլինի նկատմամբ չունի, իր կռիվն ու պայքարը իրավական դաշտի դեմ է: Իսկ այսուհետ այդ կռիվն ինչ-որ կերպ կարտահայտվի՞: «Եթե օգուտ կտա՝ հա»,-եղավ պատասխանը:



Դե այսքանից հետո արի ու Յոժի պայքարին հավատա: