Լոնդոնի դատարանը կորոշի՝ արտաքսելու են արդյոք Ասանժին

Լոնդոնի դատարանը կորոշի՝ արտաքսելու են արդյոք Ասանժին
Այսօրվանից Լոնդոնում սկսվել է Ջուլիան Ասանժին Շվեդիա արտաքսելու որոշման բողոքարկման քննությունը։ Շվեդիայում երկու կանայք Ասանժին մեղադրում են սեռական բնույթի ոտնձգությունների մեջ, սակայն Ասանժը պնդում է իր անմեղությունը։ Ինչպես սպասվում է, «Վիքիլիքսի» հիմնադիրը դատարանում փորձելու է ապացուցել, որ շվեդական դատախազությունը իրավունք չուներ իրեն ձերբակալելու հրաման տալ, քանի որ պաշտոնական մեղադրանք չկար առաջադրված։



Պաշտպանները պնդում են, որ Ասանժը համաձայնվել է ցուցմունքներ տալ։ Բացի դրանից, նրանք հավանաբար կհայտարարեն, որ իրենց պաշտպանյալի՝ Շվեդիա վերադառնալու դեպքում վերջինս կարող է արտաքսվել ԱՄՆ, եւ, ըստ Ասանժի, այնտեղ իրեն կարող է մահապատիժ սպառնալ։ Լոնդոնյան լսումները կտեւեն երկու օր։ «Վիքիլիքսի» հիմնադիրը եւ նրա կողմնակիցները համարում են, որ բարձրացված մեղադրանքները մոգոնվել են քաղաքական նպատակներով։