Տնտեսությունը՝ հեչ, կարեւորը ռոքն է

Տնտեսությունը՝ հեչ, կարեւորը ռոքն է
Ուրբաթ օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Deep Purple»-ի վոկալիստ Իեն Գիլանի եւ «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված «WhoCares» խմբի ձայնասկավառակի եւ տեսահոլովակի շնորհանդեսը, որին մասնակցում էր անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Orange»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան եւ «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը:



Սկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթը «WhoCares»-ը փոխանցելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: «Orange»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան էլ հայտնեց, որ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադարամին փոխանցում է 15 հազար եվրո:



Մինչ ասուլիսը կսկսվեր, վարչապետը դիմեց ներկաներին՝ նշելով, որ սրահում ռոքի իսկական նվիրյալներ են հավաքվել, որոնք «քիչ են, սակայն ուժեղ են»: Նա իր ուրախությունը հայտնեց 2009-ին սկսված ծրագրի շարունակականության համար. «Նրանք հոգով-սրտով կապնվեցին մեր երկրի հետ, ու դրա ապացույցն է այս հիասքանչ երգը», ապա ավելացրեց, որ կառավարությունը ռոք աստղերի հետ քննարկել է եւ ուզում է անցկացնել երկարաժամկետ մի ակցիա՝ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» վերնագրով, որի շրջանակներում արդեն մեր երկիրը հյուրընկալել է մի շարք ռոք աստղերի ու խմբերի:



Վարչապետը, պարզվեց, եթե անգամ գործից այնքան էլ գլուխ չի հանում, բայց ռոքի մեծ սիրահար է ու մասնագետ: Նա իր ներկայությունն ասուլիսին բացատրեց նախ դրանով, ապա նրանով, ով գնահատում է բարեգործական այս ակցիան եւ ուզում է խրախուսել այն: Եվ վերջապես՝ եթե նման մեգա-աստղերն այդպիսի քայլ են կատարում՝ նվիրված Հայաստանին ու Գյումրիի երաժշտական դպրոցին, ուրեմն մենք էլ պարտավոր ենք մեր շնորհակալական խոսքը հղել նրանց:



«Ռոքի սիրահարները շատ սպեցիֆիկ մարդիկ են Հայաստանում եւ կարծում եմ՝ արժանի են ցանկացած ձեւերով աջակցության: Կարծում եմ՝ ռոքի սիրահարները նպաստում են մեր երկրի առաջընթացին, համարձակ մտածողության տարածմանը: Անկաշկանդ մարդիկ են, լավատեսորեն են տրամադրված մեր երկրի ապագայի նկատմամբ եւ արժանի են աջակցության»,- նման լավատեսությամբ ասուլիսն ամփոփեց Տիգրան Սարգսյանը: