Ինչու են հեռանում

Ինչու են հեռանում
«Արտագաղթը կանգնեցնելու մի ձեւ կա՝ այս քրեաօլիգարխիկ իշխանությունները պետք է հեռանան»,- գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ինչո՞ւ է հայ մարդը հեռանում Հայաստանից» քննարկման մասնակիցներից մեկը: Մյուսը պատասխանել է. «Ո՞ւր հեռանան, պետք է դատվեն, որ մյուսներին դաս լինի»: Իսկապես՝ ի՞նչն է պատճառը, որ մարդը թողնում է իր հայրենիքը, ընկերներին, հարազատ միջավայրն ու գնում «օտար ափերում բախտ որոնելու»: Այդ ի՞նչ ուժ է ստիպում նրան իրեն կամովին զրկելու հարազատ լեզվով հաղորդակցվելու, մտերիմների հետ շփվելու բավականությունից, ինչու չէ՝ իշխանությունների վրա «մուննաթ» գալու, ընդդիմությանը քարկոծելու, հարեւանի հետ առավոտները սուրճ խմելու, իսկ երեկոյան քաղաքական թեմաներով վիճելու եւ բոլոր-բոլոր մյուս հաճույքներից: Ահա պատասխաններից մեկը. «Ես թուլամորթ չեմ՝ դա հաստատ, բայց եթե հնարավորություն լինի հեռանալու Հայաստանից ու նորմալ երկրում նորմալ աշխատանք գտնելու, որով ես կապահովեմ իմ բալիկի ապագան, ապա ես առանց երկար մտածելու կգնամ այդ քայլին»,- գրել է երիտասարդ կինը: Մեկ այլ պատասխան. «Հայաստանում գործում է ոչ թե ֆիլտրերի, այլ հակաֆիլտրերի սկզբունքը: Եթե նորմալ երկրներում կան ֆիլտրեր, որոնք օգնում են, որ «տաշած քարերը» բարձրանան վեր ու հանրային, տնտեսական եւ այլ ոլորտներում դիրքեր զբաղեցնեն եւ պետության զարգացմանը ծառայեն, հակաֆիլտրերը հենց նրա համար են, որ դեպի վեր սոցիալական շարժունության հնարավորություն են ստանում նրանք, ովքեր օժտված են… հարստահարելու, գողանալու, իրենց բաժինը վերցնելու եւ մնացածը վերեւ փոխանցելու հատկությամբ»: Եթե վերածենք պարզ մարդկային լեզվի՝ արտագաղթի պատճառները հիմնականում երկուսն են՝ նորմալ կյանքով ապրելու անհնարինությունը եւ անարդարությունները: