30 տարին բավական չէր...

30 տարին բավական չէր...
Վերջերս հայաստանյան մամուլում լուրեր են շրջանառվում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում դաբաղի համաճարակի առկայության մասին: Սակայն համաճարակի վերաբերյալ պատկան մարմինների մեկնաբանությունները, մեղմ ասած, իրարամերժ են: Մասնավորապես` ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` ի դեմս ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանի, պարբերաբար հերքում է համաճարակի առկայության վերաբերյալ լուրերը` մեկնաբանելով, որ վերոհիշյալ տարածաշրջանում կարանտին է հայտարարվել` զուտ անվտանգության նկատառումներից ելնելով:



Իսկ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը, ով ոլորտում ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձ, թերթերից մեկին տված իր մեկնաբանությունում նշում է, որ «...հիվանդության ինչ-որ գրանցված դեպքեր կան...», իսկ հետո, որ թերեւս առավել ուշագրավ է, հայտարարում է. «...հո դեպքերը հատ-հատ չե՞նք հաշվելու. ես տեղեկություններ չունեմ»:



Զարմանալի է ուղղակի, թե ով պետք է տեղեկություններ ունենար, եթե ոչ ոլորտում 30-ամյա փորձ ունեցող, նախկինում Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ, իսկ այսօր գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը: Միգուցե, ասենք, նույն Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր գյուղի անասնապահներից ինչ-որ մեկը... Միգուցե...



Սակայն ուշագրավն այն է, որ Բաղյանի ավելի քան 30 տարիների փորձը նրան բավարար չեն եղել հասկանալու համար, որ գոնե ի պաշտոնե նմանատիպ դեպքերն իսկապես պետք է «հատ-հատ հաշվել» եւ հստակ տեղեկություններ ունենալ... Հետաքրքիր է, թե այսպիսի անլուրջ վերաբերմունքով ինչպես է Բաղյանը ղեկավարել տարաբնույթ համաճարակների դեմ իրականացվող պատվաստումները, որը, իմիջիայլոց, նույնպես վերջինիս գործառույթներից է:



Անասնաբույժ