Ջերմուկում «Կոկա կոլա»՝ չիք

Ջերմուկում «Կոկա կոլա»՝ չիք
Նախօրեին մենք գրել էինք, որ Ջերմուկում հանգստացողներն ահազանգել էին, որ ամբողջ հանգստավայրում գոնե մեկ շիշ «Կոկա կոլա» չես կարող գտնել եւ, դրա պատճառն այն է, որ «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը «Պեպսի» է արտադրում եւ, հետեւաբար, արգելել է այդ տարածքում «Կոկա կոլա» վաճառել: Որոշ լրատվամիջոցներ իրենց աշխատանքային օրը սկսում են թերթերի նյութերը ցիտելով եւ դրանք հերքելով, «News.am» կայքը երեկ գրել է. «Հայաստանյան պարբերականներից մեկի տարածած այն տեղեկությունը, թե Ջերմուկի խանութներում «Կոկա կոլա» անհնար է գտնել, քանի որ «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը «Պեպսի» է արտադրում եւ արգելել է այդ տարածքում այլ զովացուցիչ ըմպելիքներ վաճառել, իրականությանը չի համապատասխանում: ...Սա, ըստ էության, թյուրիմացություն է, կամ ուղղակի ինչ-որ մեկն Աշոտ Արսենյանին վարկաբեկելու միտում ունի»:



Այս խոսքերն արտաբերել է «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի օգնական Էդգար Ղազարյանը։ Ինչպես ասում են՝ աղվեսն իր պոչին է վկա բերում: Այս թեման երեկ քննարկման առիթ էր դարձել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում: ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Ներսես Հայրապետյանը, որն օրեր առաջ հանգստացել է Ջերմուկում, արձագանքել էր այս «հերքմանը»: Նա իր էջում գրել էր. «Օգոստոսի սկզբին 5 օր հանգստացել եմ Ջերմուկում: Կարող եմ հաստատել «Հրապարակի» լրատվությունը, որ այդ քաղաքի խանութներում եւ կրպակներում «Կոկա կոլա» չկար, չէր վաճառվում: Ստիպված «Պեպսի» էինք գնում: Այնպես որ, «Ջերմուկ Գրուպ»-ի հերքումը կոպեկի արժեք չունի»: Տեսնենք Արսենյանն ու իր օգնականը սրա՞ն ինչ են ասելու: