«Հրապարակի» բողոքը կրկին բավարարվեց

«Հրապարակի» բողոքը կրկին բավարարվեց
Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, ուժի մեջ թողեց Կենտրոն, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով բավարարվել էր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի բողոքն ընդդեմ ոստիկանության եւ դատախազության: Հիշեցնենք, որ խոսքը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի՝ «Հրապարակի» խմբագրություն կատարած արշավանքի մասին է, որի արդյունքում ոստիկանությունն ու դատախազությունը որոշեցին, որ վերջինիս գործողություններում հանցակազմ չկա, ու մերժեցին նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու դիմումը:



Երբ քննիչ-դատախազի որոշումը բողոքարկվեց դատարան, մենք առանձնապես մեծ հույսեր չունեինք, որ այն կբավարարվի, սակայն, ի պատիվ Կենտրոն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի, այն բավարարվեց: Դատավորը գտավ, որ պետք է քրեական գործ հարուցվի: Իսկ երեկ, փաստորեն, Մխիթար Պապոյանին միացավ վերաքննիչի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը:



«Կայացված որոշումն օրինական է, հիմնավորված եւ պատճառաբանված: Իրոք, քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ գործողությունները գործի հանգամանքները լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվորեն բացահայտելու ուղղությամբ»,- արձանագրեց դատավոր Մելիք-Սարգսյանը: Կգոհացնի՞ արդյոք այս որոշումը դատախազությանը, թե՞ նա դիմելու է նաեւ վճռաբեկ դատարան: Իսկ գուցե ավելի ուշ նաեւ Եվրադատարա՞ն: «Դատախազությունն այն կառույցը չէ, որ մարդու գործողություններին մեղմ, հումանիստական վերաբերմունք ցույց տա: Հումանիստական վերաբերմունք կարող է ցույց տալ միայն դատարանը: Ինչո՞վ է բացատրվում դատախազության նման վերաբերմունքն այս կնոջ նկատմամբ»,- նիստի ժամանակ հռետորական հարց տվեց Արմինե Օհանյանը:



Վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ իր հերթին զարմանք հայտնեց, թե դատախազությունն  ինչպես կարող է գործի փաստական հանգամանքները շարադրելիս հաշվի չառնել մի շարք կարեւոր հանգամանքներ, որոնք առկա են եղել եւ նշվել են լրագրողների բացատրություններում:



«Այստեղ ոչ միայն խուլիգանության հանցակազմ կա, այլեւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու»,- նկատեց փաստաբանը եւ շեշտադրեց այն հանգամանքը, որ քննիչ Մանուկյանը, որը մերժել է Մառոզի նկատմամբ քրեական գործի հարուցումը, որեւէ քննչական գործողություն չի իրականացրել՝ հետաքննիչից ստանալով  նյութերը եւ նրա ճշմարիտ եզրահանգումն այն մասին, որ կա խուլիգանության հանցակազմ, 20 օր անց, անհասկանալի է՝ ինչից ելնելով, տրամաբանորեն հակառակ որոշում է կայացրել: