Անակնկալ հեռախոսազանգ

Անակնկալ  հեռախոսազանգ
Կյանքն առանց անակնկալների` ամեն ինչ կարող է կոչվել, բացի կյանքից եւ նրա մասին պատմությունները կավարտվեն այն ժամանակ միայն, երբ ավարտվի ինքը` կյանքը: Այն, ինչի մասին պատմելու եմ, իրական պատմություն է, որի գլխավոր հերոսն իմ ընկեր` Աշոտ Հակոբյանն է, որը 60-ական թվականներին` 18 տարեկանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ուսանող էր:



Նախքան  ուսանողական հանրակացարանում տեղավորվելը,  ժամանակավորապես բնակվում էի Մոսկվայի հյուրանոցներից մեկում: Կարծում եմ, հասկանալի է գավառական պատանու հոգեբանությունն ու ապրումները, երբ նա դպրոցից անմիջապես հետո հայտնվում է` համարյա աշխարհի կենտրոն համարվող Մոսկվա քաղաքում: Այդպիսի պատանիները շատ նման են լինում կապուտակ երկնքում ճախրող աղավնու ձագի, որը փորձում է լիաթոք սուրալ, մտածելով` ուր որ է, ամբողջ տիեզերքն առնելու է իր թեւերի մեջ: Ասեմ որ, ռուսերենին տիրապետում էի բավականաչափ նորմալ, քանի որ ռուսական դպրոց էի ավարտել եւ փոքր տարիքից էի որոշել դառնալ Մոսկվայի Պետական Համալսարանի ուսանող:

Առաջին օրն էր, որ տեղավորվել էի հյուրանոցում, երբ ժամեր անց հնչեց հեռախոսազանգը: Ես համոզված էի, որ այդ զանգն իմ հետ կապ չունի, քանի որ իմ ծանոթներից ոչ ոք չգիտեր այդ հեռախոսահամարը: Էլ չեմ ասում, որ ես Մոսկվայում շատ քիչ թվով ծանոթներ ունեի: Վերցրեցի լսափողը` զանգողն իգական սեռից էր.



- Բարեւ Ձեզ, բարի գալուստ, ո՞նց ես, ե՞րբ ես ժամանել…: Լսիր, ձայնդ մի տեսակ փոխվա՞ծ է, թե՞ ինձ է այդպես թվում, - հարցրեց զրուցակիցս:



Ուղեղս եւ մարմինս լրիվ քարացել էին: Այդ պահին` մաշկով զգացի, որ այս խոսակցությունը երկար է տեւելու: Հետեւաբար, պետք էր շատ ուշադիր լինել` այն պատվով տանելու համար: Ես ամեն կերպ աշխատում էի նրանից թաքցնել իմ լարվածությունը եւ այդ իսկ պատճառով` ինձ հավաքեցի եւ փոքրիկ դադարից հետո, պատասխանեցի.



- Բարեւ…, բարեւ…, Դուք ինպե՞ս եք…ի՞նչ կա, ի՞նչ չկա…ամեն ինչ նորմա՞լ է: Չէ՞ որ, օրերի փոփոխության հետ ամեն ինչ փոխվում է, այդ թվում` նաեւ մարդու ձայնը: Կարծում ես, քո ձայնը չի՞ փոխվել: Քանի որ, ժամանակն առանց խոչընդոտի` անընդհատ հոսում է, ապա այս կյանքում ոչ մի բան էլ անփոփոխ չի մնում, - նրան դուր գալու համար, փորձեցի մի քիչ փիլիսոփայել ես:



Ես լավ եմ, ամեն ինչ հին ձեւով է, արտառոց նորություններ չկան…դե, ապրում ենք  էլի: Ամենակարեւորը` դու քեզանից պատմիր, կարոտել եմ քեզ,- համարյա երգեցիկ ձայնով ասաց զրուցակիցս:

Նա այնքան քնքշորեն եւ խելացի էր խոսում ինձ հետ, որ վայրկյան առ վայրկյան որոշակի զգացումներ էր արթնացնում իմ ներսում եւ էլ ավելի էր խորացնում շփոթմունքս:



Ես նույնպես լավ եմ, ինձ մոտ էլ է ամեն ինչ հին ձեւով, ես էլ քեզ եմ կարոտել,- կերկերուն ձայնով պատասխանեցի ես եւ միամտաբար` շտապելով շարունակեցի. բա, չե՞ս ուզում ինձ տեսնել, փորձելով հաստատել այն իրողությունը, որ իբր` ես իրոք իր իմացած տղան եմ եւ բնականաբար` հանդիպման առաջարկությունն էլ` առաջինը ես պետք է անեի: Եթե դու չզանգեիր, ապա քիչ հետո ես պետք է քեզ զանգեի, այնպես որ, կհանդիպենք եւ դեմ առ դեմ` կարոտներս կառնենք իրարից եւ կխոսենք:



Ես մտածում էի, որ դրանից հետո` նրան մնում էր միայն ժամ ու տեղ նշել, որպեսզի մենք արագ հանդիպեինք: Այդ պահին ինձ արդեն մեկ այլ միտք էլ էր անհանգստացնում. ինչ պատասխան պետք է տամ նրա այն հարցին, թե ինչու եմ խաբել, որ իբր` ճանաչում եմ իրեն: Եվ անմիջապես էլ ինչ-որ միտք կայծկլտաց ուղեղումս. ես նրան կասեմ, որ ընդունելության քննությունների ժամանակ` մաթեմատիկայի խնդիրներից մեկի վրա մի աղջիկ շատ դժվարանում էր եւ չէր կարողանում լուծել: Ես օգնեցի նրան եւ քննության ավարտից հետո նա ինձ մեծ շնորհակալություն հայտնեց, թողեց իր հեռախոսահամարը, ինձանից նույնպես հեռախոսահամար խնդրեց եւ ասաց. եթե ընդունվենք` ինքն անպայման կզանգի ինձ: Դե ես էլ թողեցի այս հեռախոսահամարը, այնպես որ` ես ոչինչ չեմ խաբել: Կհիշեցնեմ, որ խոսակցության ժամանակ ասացի նաեւ, որ իր ձայնն էլ է կարծես մի տեսակ փոխված:



Բա, եթե դու նոր ես եկել, ինչ գիտեիր ո՞ր սենյակում եւ ի՞նչ հեռախոսահամարի  տակ պետք է լինես, որ այս հեռախոսահամարը նախապես տվել էիր ընկերուհուդ, - մի տեսակ հաղթողի կեցվածքով հարցրեց անծանոթուհին:

Մենք հայերս, բնավորության մի գիծ ունենք. եթե մի անգամ որեւէ համարում մնում ենք, հետագայում եւս` փորձում ենք ապրել այդ նույն համարում եւ դա հիմնականում հաջողում ենք: Մենք մի քիչ պահպանողական ժողովուրդ ենք, - վստահ տոնով ասացի ես: Համոզված լինելով, որ արդեն կասկածի ոչ մի տեղ չեմ թողնում, սկսեցի անցնել «հարձակման». աղջիկ, իսկ դու համոզվա՞ծ ես, որ ես քո իմացած տղան եմ: Չէ՞ որ, ասացիր` իմ ձայնը կարծես մի տեսակ փոխված է:



Մի երկու  հարցով ես իսկույն կպարզեմ` դու իմ իմացած տղան ես, թե՞ ոչ, - նույն վստահությամբ պատասխանեց նա եւ ավելացրեց. ուղղակի, այս պահին ամենակարեւորը դա չէ, այլ այն, որ դու շատ խելացի տղա ես երեւում,- համոզված տոնով ավելացրեց անծանոթուհին: Հետո էլ ասաց. դու երեւի նոր ծանոթություններ չես սիրում: Փաստորեն, նա ինձ տալիս էր հարցեր, որոնց համար թողնում էր պատասխանների միայն մեկ տարբերակ:



Ի՞նչ ես ասում,- համարյա գոռալով արտասանեցի ես եւ շարունակեցի. ես իսկապես նոր ծանոթություններ չեմ սիրում, սակայն այս դեպքն ուրիշ է:

Լավ,  լավ…, ես քեզ փորձելու համար ասացի եւ շատ արագ էլ հասկացա, որ դու էլ չես կասկածում մեր անծանոթ լինելու հանգամանքի մեջ եւ ամեն կերպ աշխատում ես, որ մենք` ոչ միայն անպայման ծանոթանանք, այլեւ փորձում ես ավելին` ամեն ինչ անում ես, որպեսզի մենք այսօր նաեւ հանդիպենք,- մի տեսակ իրենից գոհ ասաց անծանոթուհին: Դու ինձ ու՞մ տեղն ես դրել, որ բավական չէ` ուզում ես ծանոթանալ ինձ հետ, փորձում ես նաեւ նույն օրը եւեթ հանդիպենք:



Չնայած այն բանին, որ ահավոր շատ էի ուզում վայրկյան առաջ տեսնել այդ աղջկան, այնուամենայնիվ` համարյա վստահ էի` եթե նրան ասեմ, որ այս ամենը բլեֆ է, նա անմիջապես կկախեր լսափողը եւ ես իսպառ կկորցնեի նրան: Դրա համար, շատ արագ ասացի. ի՞նչ ծանոթության մասին է խոսքը, չէ՞ որ այն ժամանակ ինքդ ասացիր, որ ընդունվելուց հետո ինձ անպայման կզանգես: Այնպես որ, իսկապես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, - փորձեցի վերջին բառերը վստահ արտասանել, որպեսզի փարատեմ նրա կասկածներն իմ անկեղծության նկատմամբ եւ ամեն ինչ վերջնականապես խճճեի ու ջնջեի` ինձ բացահայտելու բոլոր ճանապարհները:



Դե լավ, լավ, կատակ էի անում, քեզ էի փորձում: Ուզում էի իմանալ, արդյո՞ք քննություններից հետո ինձ չես մոռացել: Չէ՞ որ կյանքում կան ակնթարթներ, որոնք դարեր արժեն: Պարզապես, փորձում էի ուրիշի անունից հանդես գալ եւ մի քիչ հոգուդ հետ խաղալ: Հիմա արի թողնենք այս թատրոնը եւ լուրջ խոսենք,- այս ամենն այնքան լուրջ էր ներկայացնում նա, որ քիչ էր մնում հավատայի իմ հորինած պատմությանը:



Լավ, այժմ մեզ իսկապես այլ բան չի մնում անել, քան` ժամ ու տեղ պայմանավորվել եւ շտապ հանդիպել,- մի քիչ սրտնեղած ասացի ես: Չեմ հասկանում, դժվա՞ր է որեւէ տեղ նստել ու զրուցել, որ արդեն մոտ մեկ ժամ է հեռախոսով ենք զրուցում: Եթե մտքափոխվել ես եւ չես ուզում ինձ տեսնել, ապա ուղղակի` այդպես էլ ասա, թե չէ մի տեսակ ոնց որ ձգում ես…: Եթե ամռանը ասել ես, որ կզանգես, հիմա էլ փոշմանել եւ զուտ պարտականություն ես կատարում, ասեմ որ, դրա կարիքը չկա: Արի փակենք այս անպտուղ խոսակցությունը: Ճիշտն ասած, ես այլ ճանապարհ չունեի եւ մնում էր միայն նրան թասիբի գցել:



Փաստորեն, դու պնդում ես, որ մենք իրար ճանաչում ենք եւ մնում է պայմանավորվենք ու հանդիպե՞նք, - հարցրեց անծանոթուհին: Դու մի մարդու ես հանդիպում առաջարկում, որը ժամանակ եւ ցանկություն չունի հանդիպելու` նույնիսկ իր ծանոթների ճնշող մեծամասնությանը: Էլ չեմ ասում, որ կարող էի քեզ ընդհանրապես չզանգել եւ այս պահին` նման խնդրի առջեւ չէինք կանգնի: Համարիր` այսօր քեզ չեմ զանգել, արի փակենք այս խոսակցությունը` հատկապես հանդիպման մասով: Իսկ, այլ թեմաներով` կարող ենք զրույցը նորմալ ձեւով շարունակել: Իսկ եթե դու այլ ցանկություններ ես փափագում, այդ դեպքում մեր հարաբերությունները լրիվ փակված են,- կտրուկ տոնով եզրափակեց աղջիկը:



Արի փակենք, - նույն տոնով պատասխանեցի ես եւ ավելացրի. ես խնդիր չունեմ, ուղղակի չեմ հասկանում, ինչու՞ ես վատանում, երբ խոսքը գնում է հանդիպման մասին: Եթե վախենում ես, դա այլ խնդիր է: Այդ դեպքում, կարելի է այս խոսակցությունը փակել եւ ավարտել այս` 10- րդ դարին վայել զրույցը:



Ի՞նչ 10– րդ դար, ինչ բան,…ինչի՞ց ես դու խոսում, չե՞մ հասկանում: Հարյուր անգամ ասացի. բան ես ասում, ուղղակի ասա, ի՞նչ ես քեզ սար ու ձոր գցում: Ես հարգում եմ անմիջական եւ համարձակ տղաներին: Թե չէ, ծռմռվում ես, քեզ այս ու այն կողմ ես խփում եւ ոչ մի կոնկրետ բան չես ասում: Եթե դժվարանում ես ձեւակերպել, այդ դեպքում` կարող եմ քեզ օգնել, այնպես որ, մի ամաչիր, ասա:



Աղջիկ ջան, ես ամաչելու բան չունեմ, քանի որ ամաչելու ոչ քայլ չեմ արել, իսկ այս քաոսը դու ես սարքել եւ չեմ հասկանում որն է քո նպատակը: Զանգողը դու ես, դու էլ պետք է ուղղակի եւ անմիջական ձեւակերպես ասելիքդ: Եթե ուզում ես հանդպել ինձ, սակայն ամաչում ես, այդ դեպքում ասեմ քեզ, որ մեր այսօրվա հանդիպումը` քո վարքի բացասական կոչվելու վերաբերյալ որեւէ երանգ չի պարունակում: Իսկ եթե վախենում ես, ապա ասեմ, որ քո մի մազն անգամ չի պակասի եւ մեր հանդիպման ժամանակ դու կլինես լրիվ ապահով ձեռքերում: Չնայած անհասկանալի է, թե քո քաղաքում դու ինձանից ինչու պետք է վախենաս: Հո, գազան չենք, որ քեզ ուտենք:



Ի՞նչ վախենալ, ի՞նչ բան, հիմա էլ թասիբի ես գցու՞մ ինձ, - արհամարական տոնով ասաց նա: Եթե շատ ես ուզում, որ անպայման հանդիպենք, ապա ուղղակի` այդպես էլ ասա, թե չէ քո մանյովրներով` այն էլ իմ պարագայում, հաջողության չես հասնի: Նորից եմ կրկնում, ես հարգում եմ անմիջական եւ տղամարդ տղաներին:



Չհասկացա, արդեն սկսել ես կասկածե՞լ իմ տղամարդկության վրա,- զայրացած նետեցի ես եւ ավելացրի. վերջապես, մեր թեման ո՞րն է` հանդիպումը, թե անատոմիան: Այնպես որ, արի ավարտենք այս անմիտ խոսակցությունը եւ որոշենք մեր հետագա անելիքը: Ես քեզ այլեւս ուրիշ բան չունեմ ասելու: Անկեղծ ասած, հատկապես այս վերջին խոսքերն արտասանելիս զգացի, որ մեջս նույնիսկ կիրք է շարժվում եւ նրան տեսնելու ցանկությունն իմ մեջ գնալով ահագնանում էր: Եվ որպեսզի` հանկարծ չկորցնեմ նրան, անմիջապես ավելացրի. մենք կարող ենք նաեւ վաղը կամ մեկ ուրիշ օր հանդիպել, դրանից ոչինչ չի փոխվի:



Դե, եթե դու որոշել ես, որ մեր  հանդիպումն անխուսափելի է եւ մնում է միայն օրը որոշենք, ապա ես առաջարկում եմ հանդիպել հաջորդ տարի` այս նույն օրը,- ասաց անծանոթուհին: Դու` առանց ծանոթ լինելու իմ ներքին բնույթին եւ արտաքին կերպին, առաջարկում ես հանդիպում: Եթե ես էլ վերցնեմ ու համաձայնեմ, հետաքրքիր է. դու չե՞ս զարմանա իմ այդ քայլի վրա` պարոն պահպանողական հայ: Կարծում եմ հեռախոսը երկար զբաղեցրեցինք, չէ՞ որ կարող է ընկերուհիդ քեզ Հայաստանից զանգել, այնպես որ հետո կխոսենք:



Զգալով, որ նա պատրաստվում է դնել  հեռախոսը, եզրափակիչ բառերը դեռ չավարտած` ես արագ մտա խոսակցության մեջ եւ ասացի. օտարության մեջ` ես շատ մենակ եմ զգում ինձ: Չէ՞ որ, բացի քեզանից ես այստեղ ոչ մի հարազատ չունեմ: Հետեւաբար կուզենայի, որ դու ընկերակցեիր եւ փարատեիր իմ մենակությունը: Եվ հետո, այս ամենը ոչ թե պատահականություն է, այլ Աստծո նախախնամություն, այնպես որ մենք չենք կարող չենթարկվել Տիրոջ կամքին: Այդ պահին ինձ թվում էր, եթե նա կողքիս լիներ, ապա ակնթարթ անգամ չէի կորցնի` նրան գրկելու, համբուրելու եւ սեքսով զբաղվելու համար:



Եթե  դու Աստծո անունից ես խոսում, ուրեմն` կարելի է քեզ վստահել եւ գալ հանդիպման, ասաց անծանոթուհին: Կարեւորը, որ դու չես կարող վտանգավոր մարդ լինել: Վստահ եմ, որ քեզ մոտ հաստատ խոսում է միայն հոգեւորը, այնպես որ` տեղ ու ժամ ասա եւ մենք կհանդիպենք: Անկեղծ ասած,- ծիծաղելով շարունակեց անծանոթուհին,- ես շատ ավելի զգացմունքային էակ եմ, քան ուղեղային եւ քանի որ դու միայն հոգեւոր ես, մենք կհավասարակշռենք եւ կլրացնենք իրար: Այնուամենայնիվ, ասեմ որ, սա բացառիկ դեպք է իմ կյանքում, երբ նույն օրը ծանոթանամ մեկի հետ եւ նույն օրն էլ հանդիպեմ: Եթե մինչեւ պայամանվորվելը միտքս չփոխեցի, ապա մենք անպայման կհանդիպենք:



Քանի որ, ես քաղաքին լավ ծանոթ չեմ, ես կասեմ ժամը, իսկ դու` տեղը եւ կհանդիպենք,- եզրափակիչ տոնով ասացի ես:



Պայմանավորվեցինք: Ես փայլատակող տրամադրությամբ` 10 րոպե շուտ  հասա ժամադրավայր: Չնայած, սարսափելի շատ հուզված էի, այնուամենայնիվ` մտովի մեթոդներ էի մշակում, թե ինչպես նրան համոզեմ` հյուրանոց տանելու համար: Շուտով մի չքնաղ մեքենա մոտեցավ եւ ինձ թվաց, որ հիմա այդ մեքենայից դուրս կգա նա եւ վերջապես կտեսնեմ նրան: Իմ մտադաշտում` ժամադրավայր-հյուրանոց տարածությունն էր եւ հյուրանոցում սպասվող` իմ անելիքների տեսլականը: Նրա ժամանումից հետո ժամանակը շատ դանդաղ էր անցնում եւ նա համառորեն չէր իջնում մեքենայից: Մեկ էլ, հանկարծ մեքենայի դուռը բացվեց, վարորդը իջավ, մյուս կողմից մոտեցավ վերջին դռանը եւ բացեց այն:



Մինչեւ նա կիջներ` իմ հուզմունքին գումարվել էր նաեւ այն, որ հաստատ` այդ աղջիկը կամ մեծ պաշտոնյայի, կամ էլ մեծահարուստի աղջիկ է, այնպես որ` ինձ ու իմ պլաններին նախանձել չէր կարելի: Վայրկյանները դանդաղորեն անցնում էին, իսկ նա չէր իջնում: Վայրկյանների ընթացքի հետ իմ մոլորությունը շարունակում էր աճել եւ ես ոչինչ չէի հասկանում: Վարորդը կռացավ, մարմնով անցավ մեքենայի մեջ եւ այնտեղից դուրս բերեց ձեռքի մի հենակ: Քիչ էր մնում զարմանքից ընկնեի շոկի մեջ: Մի կերպ ինձ հավաքեցի եւ շարունակեցի հետեւել իրադարձությունների զարգացմանը: Վարորդը նույն կերպ` եւս մեկ անգամ մարմնով մտավ մեքենա եւ դուրս բերեց երկրորդ հենակը:



Ավելորդ եմ համարում նկարագրել` այդ պահին իմ ապրած զգացումները: Վարորդը երրորդ անգամ կռացած անցավ մեքենայի մեջ եւ դուրս եկավ իր ափերի մեջ առած` հավանաբար իմ զրուցակցի ձեռքերը եւ փորձեց նրան օգնելով` իջեցնել մեքենայից: Աչքերիս բիբերը լայնացել էին մինչեւ վերջին սահմանը, իսկ ուղեղս լրիվ արգելակվել էր եւ ես լրիվ կորցրել էի մտածելու ունակությունը: Թե, ինչքան տեւեց այդ պրոցեսը, չեմ կարող ասել: Հենց սթափվեցի, նկատեցի` անծանոթուհին դժվարությամբ կանգնած ոտքերի վրա` ձեռքերով հենվել էր մեքենային, իսկ վարորդը ուղեւորվում էր դեպի հենակների կողմը` հավանաբար դրանք բերելու եւ տեավորելու անծանոթուհու թեւերի տակ:



Ես չէի կողմնորոշվում` նա հարբած է, թե՞…: Վարորդը տեղավորեց հենակները եւ անծանոթուհին` առանց վարորդի օգնության շարժվեց դեպի ինձ: Մինչ նա կհասներ ինձ, մտքովս մի բան էր անցնում միայն. արագ փախչել այդտեղից, սակայն ոտքերս քարացել եւ չէին շարժվում: Նա դժվարությամբ հասավ ինձ, բարեւեց եւ ասաց. երեւի իմ մեքենայով գնանք հյուրանոց, հա՞: Ոտքերս ծալվեցին…, էլ ոչինչ չեմ հիշում: Արթնացա, երբ նույն վարորդը հենակի տարբերակով անցել էր իմ ձեռքերի տակ եւ ինձ բարձրացնում էր հյուրանոցի իմ համարը:



Անանիա Մաղաքյան